«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2007-01-25 | #14, 2007-01-26 | #15, 2007-01-27


ՎԱՐՈՒԺԱՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ. «ՆԵՐԿԱՅԻՍ «ԱՐԱՐԱՏՆ» ԻՐՈՔ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԿՈԼԵԿՏԻՎ Է»

Աշտարակի «Միկայի» հետ հանդիպումով Երեւանի «Արարատն» ավարտեց ուսումնամարզական առաջին հավաքն «Այգ» մարզաբազայում, որը սկսվել էր հունվարի 9-ին: Հավաքի արդյունքներն ամփոփելու խնդրանքով դիմեցինք «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանին:

- Պարոն Սուքիասյան, մինչ հավաքի արդյունքներին անդրադառնալը կխնդրեի մեկնաբանեիք ավարտված մրցախաղը «Միկայի» հետ:

- Անկեղծ ասած, այդքան էլ չէի սպասում, որ մարզումային ծանր գործընթացից, հատկապես վերջին շաբաթվա հագեցած մարզումներից հետո տղաները կկարողանան նման լավ խաղ ցուցադրել: Որոշակի մտավախություն ունեի, թե հոգնածության ֆոնի վրա տղաներն իրենց ինչպես կդրսեւորեն: Խաղի արդյունքն ինձ այնքան էլ չէր հետաքրքրում, թեեւ իհարկե հաճելի է, որ հաղթեցինք: Ավելի շատ հետաքրքրում էր, թե նման ծանրաբեռնվածությունից հետո ֆուտբոլիստները որքանո՞վ կկարողանան պայքարել, աշխատել խաղադաշտում: Սակայն խաղը ցրեց այդ մտավախությունը եւ ինչպես ցույց տվեց մրցակցության ընթացքը, «Արարատը» «Միկայից» խաղային առումով ավելի գերադասելի էր: Եվ դա այն դեպքում, երբ վնասվածքի պատճառով խաղին չէր մասնակցում Գագիկ Սիմոնյանը, իսկ Արթուր Մինասյանն էլ միայն երկրորդ խաղակեսում խաղադաշտ մտավ:

- «Արարատն» ավարտեց ուսումնամարզական երկշաբաթյա հավաքը: Ի՞նչ նպատակ էր այն հետապնդում եւ հաջողվե՞ց լիովին իրագործել ծրագրվածը:

- «Այգ» մարզաբազայում մարզումային նորմալ պայմաններ կան եւ արարատցիներն օրական երկու ծանրաբեռնված մարզում էին անցկացնում: Ֆիզիկական եւ ընդհանուր ֆունկցիոնալ վիճակի հետագա բարելավումից զատ, նախապատրաստական այս փուլում ավելի մեծ ուշադրություն դարձվեց տղաների խաղային որակների կատարելագործմանը, տակտիկատեխնիկական հարցերին: Անցկացրած ստուգողական երկու հանդիպումներն էլ հնարավորություն տվեցին ստուգելու ֆուտբոլիստների պատրաստվածության աստիճանը, ծանոթանալու նորեկների խաղային հնարավորություններին:

Ընդհանուր առմամբ, տղաներից շատ գոհ եմ, իրոք, կոլեկտիվում պրոֆեսիոնալներ են աշխատում, ջանասիրաբար մարզվում են: Նման լիարժեք կոլեկտիվ, ինչպիսին ներկայիս «Արարատն» է, նախկինում քիչ էի հանդիպել: Հավաքը ծառայեց նպատակին, ծրագրված աշխատանքները լիովին կատարվեցին:

- Նորեկներն ի՞նչ տպավորություն են թողնում:

- Ինձ թվում է, բոլորն էլ կմնան թիմում: Բացի փորձառու Արթուր Ոսկանյանից, որը թիմին մեծ օգուտ կտա, մյուս նորեկները հիմնականում երիտասարդ, հեռանկարային ֆուտբոլիստներ են:

- Լեգեոնականների հրավիրման հարցում պարզություն կա՞ արդեն:

- Շուտով թիմին կմիանա բրազիլացի Մարկոսը, իսկ փետրվարի 1-ին Երեւան կժամանեն եւս երկու բրազիլացի ֆուտբոլիստներՙ պաշտպան եւ կիսապաշտպան: Սերբիայում էլ մեզ կմիանան սերբ երկու ֆուտբոլիստներ: Այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի ասել, որ թիմի համալրման գործընթացն ավարտվել է:

- Այս ընթացքում նոր փոփոխություններ կատարվե՞լ են «Արարատում»:

- Թիմից հեռացել են Էդգար Սաֆարյանն ու Կարեն Խաչատրյանը, որոնք ցանկություն են հայտնել խաղալ «Գանձասարում»: «Արարատում» մարզվում է Մխիթար Գրիգորյանը, որը սակայն վնասվածք ունի: Ուրախալի է, որ այսօր «Արարատում» ունենք երիտասարդ, հեռանկարային ֆուտբոլիստներ, որոնք թիմի ապագան են: Գեւորգ Նռանյանը, Անդրանիկ Թադեւոսյանը Էրեբունու մարզադպրոցի սաներ են, հանդես են եկել «Փյունիկում»: Վերը նշված Մխիթար Գրիգորյանը, դարպասապահ Գեւորգ Պրազյանը, «Շիրակից» հրավիրված Հրայր Մկոյանը, որն արդեն լավ տպավորություն է թողնում, արժանի հերթափոխ են փորձառուներին:

- Իսկ նախապատրաստության հետագա ծրագիրը փոփոխության չի՞ ենթարկվել:

- Ոչ: Ինչպես եւ ծրագրել էինք, փետրվարի 7-21-ը ուսումնամարզական հավաք կանցկացնենք Սերբիայում, իսկ մարտին եւս մեկ հավաք կկազմակերպվի Կիպրոսում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4