«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2007-01-26 | #15, 2007-01-27 | #16, 2007-01-30


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է

Գաբրիել Սարգսյանը բաժանեց 2-5-րդ տեղերը

Ավարտվեց Վեյք Ան Զեեի շախմատի գերմրցաշարը, որը երկու շաբաթ գտնվում էր շախմատասերների ուշադրության կենտրոնում: Բնականաբար, հայ շախմատասերներն առաջին հերթին հետեւում էին Լեւոն Արոնյանի ելույթներին: Ի պատիվ Լեւոնի, երիտասարդ գրոսմայստերն այս անգամ էլ հուսախաբ չարեց իր երկրպագուներին եւ վստահ հանդես գալով, աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Թոփալովի եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ 8,5 միավորով բաժանեց 1-3-րդ տեղերը: Նշենք, որ ըստ մրցաշարի մրցակարգի, հավասար միավորների դեպքում լրացուցիչ գործակիցները հաշվի չեն առնվում եւ մասնակիցները բաժանում են մրցանակային տեղերը: Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ Արոնյանը պարտության էր մատնել Ռաջաբովին, իսկ Թոփալովի հետ պարտիան ավարտել էր ոչ-ոքի: Բացի այդ, Լեւոնը Վլադիմիր Կրամնիկի հետ միակն էր, որ մրցաշարում այդպես էլ չպարտվեց: Անցկացրած 13 պարտիաներում Արոնյանը տարավ չորս հաղթանակ (Կարյակինի, Պոնոմարյովի, Ռաջաբովի, Տիվյակովի նկատմամբ), 9-ն ավարտեց ոչ-ոքի:

Ավարտական 2 տուրերում բավական հետաքրքրական պայքար էր ծավալվել առաջատարների միջեւ: Նախավերջին տուրում Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Ալեքսեյ Շիրովի հետ: Տուրի կենտրոնական պարտիան Թոփալովի եւ Կրամնիկի միջեւ եւս խաղաղ ելք ունեցավ: Իսկ ահա Ռաջաբովը հաղթեց Մոտիլյովին: Արդյունքում ավարտական տուրից առաջ աղյուսակը 8-ական միավորով գլխավորում էին Թոփալովն ու Ռաջաբովը, իսկ Արոնյանը կես միավորով հետ էր մնում նրանցից: Վերջին տուրում առաջատարները մրցում էին միմյանց հետ եւ արագորեն հաշտություն կնքեցին: Իսկ ահա Լեւոն Արոնյանը մինչեւ վերջ պայքարեց Սերգեյ Տիվյակովի հետ մրցավեճում եւ կարողացավ իրացնել առավելությունը:

Մրցաշարի մյուս մասնակիցների ցուցանիշներն այսպիսին են. Կրամնիկՙ 8, Անանդՙ 7,5, Սվիդլերՙ 7, Կարյակին, Նավարաՙ 6,5-ական, Պոնոմարյովՙ 6, վան Վելի, Տիվյակով, Մոտիլյովՙ 5-ական, Շիրով, Կառլսենՙ 4,5-ական:

«B» խմբի մրցաշարում հանդես եկած Գաբրիել Սարգսյանն անհաջող մեկնարկից հետո վերջնագծում մեծ վերելքով հանդես եկավ, որի շնորհիվ 8 միավորով Բու Քսյանջիի, Միշել Լագրավեի եւ Դմիտրի Յակովենկոյի հետ բաժանեց 2-5-րդ տեղերը: Վերջին երկու տուրերում Գաբրիելը վաստակեց 1,5 միավորՙ հաղթելով Սթելվագենին եւ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը Ամիի հետ: Իսկ հաղթող ճանաչվեց ուկրաինացի շախմատիստ Պավել Էլյանովը, որն իր օգտին 9 միավոր գրանցեց:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4