«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2007-01-30 | #17, 2007-01-31 | #18, 2007-02-01


ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը երեկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա էր կազմակերպել` դատապարտելով Ռուսաստանում հայերի սպանություններն ու դրանք կենցաղային հիմքի վրա կատարված սպանություն ներկայացնելու ռուսական իշխանությունների վարվելակերպը:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության ատենապետ Նարեկ Գալստյանն անբարոյականություն է համարում Ռուսաստանում հայերի սպանությունը որպես կենցաղային խնդիրների հանգուցալուծում ներկայացնելը. «Արթուր Մարտիրոսյանի սպանությունը բաժակի վերջին կաթիլն էր, համբերության վերջին կաթիլը»:

Բողոքի ակցիային մասնակցում էին երիտասարդներ, նաեւ տարեցներ, որոշ կուսակցությունների երիտասարդական միությունների ներկայացուցիչներ, ովքեր դատապարտեցին հայերի սպանությունը` հավելելով. «Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց դա չի նշանակում, որ պետք է մեր հայրենակիցներին այնտեղ սպանեն, իսկ մենք լռենք: Եթե վատ բան են անում, թող օրենքով պատժեն»: Բողոքի ակցիային մասնակիցների նվազ քանակը միության ատենապետը պայմանավորեց նրանով, որ նախ արձակուրդ է եւ շատ ուսանողներ չեն կարող մասնակցել այս ակցիային, հետո էլ, որ իշխանության մեջ եղած կուսակցությունների երիտասարդները չեն ցանկանում մասնակցել իրենց կազմակերպած ձեռնարկներին:

«Ոչ ռուսական ֆաշիզմին», «Ոչ ռուսական շովինիզմին» եւ նույնաբովանդակ այլ ցուցապաստառներով բողոքի ակցիային մասնակցողները վստահեցրին, որ նման դեպքերի շարունակության պարագայում իրենք շարունակելու են բողոքի ակցիաները, դեսպանատան առջեւ նստացույց են կազմակերպելու եւ ամեն բան անելու են դեսպանատան աշխատանքներին խոչընդոտելու համար:

Դեսպանատան աշխատակիցը ցուցարարներից պահանջեց ամեն ինչ նորմալ անել` անհասկանալի է, թե ինչը նկատի ունենալով: Ցուցարարները նրան հանձնեցին իրենց դժգոհություն-նամակը, որտեղ մասնավորապես ասվում էր. ««Ռուսաստանը միայն ռուսների համար» շովինիստական կարգախոսի հետեւանքով արդեն մի քանի տասնյակ հայեր դարձել են սափրագլուխ տականքների զոհ: Այս իրավիճակում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ամեն կերպ փորձում է սպանությունները ներկայացնել իբրեւ կենցաղային երեւույթներ եւ ոչ մի բառ չի նշում ազգային խտրականության եւ երկրում առկա քսենոֆոբիայի մասին: Այս պայմաններում ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միությունը կոչ է անում «ռազմավարական դաշնակիցներին» առավել հետեւողական լինել իրենց հայտարարություններում եւ պայքարել նման երեւույթների դեմ»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4