«Բանանցի» հարձակվող, ՀՀ առաջնության լավագույն ռմբարկու Արամ Հակոբյանն այս օրերին փորձաշրջան է անցնում Ուկրաինայի բարձրագույն խմբի մրցաշարի մասնակից «Իլյիչեւեցում»: Նա մասնակցել է Թբիլիսիի «Դինամոյի» հետ ընկերական հանդիպմանը եւ աչքի ընկել դիպուկությամբ: Հենց Արամ Հակոբյանն էլ 36-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը: Երկրորդ խաղակեսում «Իլյիչեւեցի» ֆուտբոլիստները եւս երկու գոլ են խփել եւ խաղը շահել են 3-0 հաշվով:
Նշենք, որ Արամ Հակոբյանն իրեն լավ էր դրսեւորել Մոսկվայում կայացած «Համագործակցության գավաթի» մրցաշարումՙ դառնալով 2 գոլի հեղինակ: Ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը նշել էր, որ Մոսկվայում Արամի խաղն արժանացել է մասնագետների ուշադրությանը եւ նա մի քանի թիմերից հրավերներ ունի: Եվ ահա Հակոբյանը փորձաշրջան է անցնում «Իլյիչեւեցում»: Նշենք, որ Արամը ժամանակին հանդես է եկել Ուկրաինայում, որտեղ ներկայումս խաղում է նաեւ նրա եղբայրըՙ Արան: Վերջինս Դոնեցկի «Մետալուրգի» կազմում ուսումնամարզական հավաքի է մեկնել Անթալիա:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ