Հայաստանում անարյուն, էժան եղանակով մեր պետականությանը, ազգի գոյությանը վերջ տալու ծրագիր է իրականացվում: Այս մասին ասված է Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի մամլո հաղորդագրությունում: Որպես ասվածի ապացույց հաղորդագրությունում փաստված է. «Անցած 15 տարիները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում երաշխավորել պետականությունն ազգային հիմքով զարգացնելու պայմանը: Մեր կրթահամակարգը պատրաստում է «ամենաքաղաքացի»: Կրթահամակարգի հեղեղուկ վիճակը միջազգային կառույցներին հնարավորություն է տալիս իրենց հարմար պահին անհրաժեշտ ծավալի միջամտության դիմել: ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածը, որով հայոց լեզուն պետական է հռչակված, անփոփոխելիներից չէ: Նշանակում էՙ հիմնական օրենքով ենթադրվում է նաեւ համապատասխան միջամտություն: Սա է նաեւ պատճառը, որ մի քանի ամիս առաջ ՌԴ դեսպանը կոչ արեց վերականգնել ռուսական դպրոցները: Հետեւեց «Հայաստանում ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի» նախաձեռնությունը քառալեզու ուսուցման անցնելու մասին: Այսպիսով որոշ ուժեր մտադիր են 98 տոկոսով միատարր ազգային կազմով մեր երկիրը վերածել բազմալեզու, սեփական ինքնությունը չգիտակցող հանրույթի, որի գերնպատակը պարզապես գոյատեւելն է, գաղթելը կամ օտարին ծառայելը»:
Հանձնախումբը առաջնային խնդիրը համարում է հայ մարդու տեսակի պահպանումը, ինչի համար մեծ կարեւորություն ունեն լեզվամտածողության անխաթարությունն ու մայրենի լեզվի հանդեպ հասարակության բոլոր շերտերում հարգանքի առկայությունը: Այս եւ ազգային այլ շահերի պահպանման համար հանձնախումբը պատրաստ է երկարատեւ ու անզիջում պայքարի, անհրաժեշտության դեպքում նաեւ համագործակցության օրինակ Լեզվի պետական տեսչության հետ: Փաստելով հանդերձ, որ տեսչությունը լիովին չի օգտագործում իր հնարավորությունները, հանձնախմբի ներկայացուցիչները գտնում են, որ տվյալ տեսչության կարգավիճակը պետք է բարձրացնել, ավելինՙ ստեղծել հայապահպանության նախարարություն: Վերջինի անհրաժեշտությունը թելադրված է ոչ միայն մեծաքանակ սփյուռքի, այլեւ հայաստանաբնակների ուծացման հեռանկարով, որ այսօր իրականցման ընթացքում է, կանխել եւ պետական քաղաքականությունը վարել ազգային արժեքների ու շահերի պահպանման ուղով:
Իրավիճակն անշրջելի չեն համարում հանձնախմբի ներկայացուցիչները եւ պահանջում են ֆինանսական պատասխանատվության ենթարկել հայոց լեզվուն աղճատող, աղավաղող պաշտոնյաներին եւ այդ գործը սկսել հենց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, պաշտոնական այցերի ժամանակ ռուսերեն խոսելու համար: Ի դեպ, պատրաստ են իրենք վճարել, պարզապես կարեւոր է նախադեպ ստեղծելը: Ազգային արժեքների պաշտպանության հանձնախումբը մտադրություն ունի ոչ միայն շարքերի ստվարացման, այլեւ Միացյալ Նահանգներում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, հայաշատ այլ գաղութներում մասնաճյուղեր հիմնելու, քանի որ Հայ դատի գրասենյակները իրենց գործունեությունը սահմանափակել են միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով:
Հանձնախմբի անունից ասուլիսին ներկա էին Հայ արիական միության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ Գեւորգ Հովսեփյանը, «Ուխտ Արարատի» ՀԱՀԳԲ-ի խորհրդի անդամ Տիգրան Փաշաբեզյանը, «Հանուն հայրենիքի» ՀԿ նախագահ Ներսես Ներսիսյանը, պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Յազըճյանը, արեւելագետ, լեզվաքաղաքականության փորձագետ Սուրեն Գեղամյանը, լրագրող Արմենուհի Մելքոնյանը:
Ն. Պ.