Ի՞նչ քանակի, ի՞նչ որակի ջուր ունենք
Ասում են, որ ապագայում երկրները կռվելու են ոչ թե նավթի, այլ խմելու ջրի համար, այնքան որ գնալով ավելի սուղ ու թանկարժեք են դառնում խմելու ջրի պաշարները: Եվ յուրաքանչյուր երկիր իր ջրային պաշարների չափուձեւ է անում, որ անկախ ամեն ինչից կարեւոր է նաեւ այդ գլոբալ խնդրին պատրաստ լինելու համար: Հայաստանում, իհարկե, նման հեռահար վտանգի մասին չէին մտածի, եթե չլիներ միջազգային կազմակերպությունների միջամտությունը: Երեկ ԱՄՆ ՄԶԳ (USAID) եւ բնապահպանության նախարարությունը քննարկում էին փոխհամագործակցության համաձայնագրի նախագիծը Հայաստանում ստորերկրյա ջրերի պարբերական մոնիտորինգ անցկացնելու վերաբերյալ: Նախագիծն օրվա ընթացքում լրացվում ու մշակվում էր, իսկ կստորագրվի հավանաբար 1 ամիս անց:
Հանրապետությունում 1993 թվականից առ այսօր նման ուսումնասիրություններ չեն կատարվել, այն ժամանակ դա մեր աղքատ երկրի համար անմատչելի հաճույք էր: Այդ ընթացքում ջրի որակի ու բաշխման խնդիրները կարգավորեցինք տարերային, առանց գիտական հիմնավորումների: Անվերահսկելիության պայմաններում բազմաթիվ ձեռնարկությունների կեղտաջրեր այսօր էլ շարունակում են ուղղակի ներխուժել մինչեւ ստորերկրյա ջրերի մակարդակը:
Հայաստանի ջրային ռեսուրսների ընդհանուր քանակի հաշվառումն ու դասակարգումը հնարավորություն կտան ավելի հասցեական դարձնել ջրօգտագործման թույլտվությունները, գյուղական ու քաղաքային բնակավայրերում ջրամատակարարման ու տնտեսության մեջ ջրի օգտագործման հաստատապես ավելի բարձր մակարդակ կապահովեն, եւ ի վերջո, պարզապես կբաժանեն ջրերի հստակ կառավարման պատասխանատվությունները:
Հանրապետության խմելու ջրի 96 տոկոսի աղբյուրը ստորերկրյա ջրերն են, որոնց մասին տեղեկացվածության երկարատեւ բացակայությունը կարող է նաեւ չկանխատեսված բացասական արդյունքների հանգել` անդրադառնալ նաեւ խմելու ջրի որակի վրա, քանի որ դրա հիմնական աղբյուրը ստորերկրյա ջրերն են:
Արդեն իսկ կատարվել են 60-70-80-ական թվականների մոնիտորինգային նախկին կետերի ուսումնասիրություններ: Դրանք վերանորոգվել են եւ կօգտագործվեն նոր ուսումնասիրությունների համար: Բացի այդ, 1 տարի առաջ ստեղծված կառավարական հանձնախումբը բյուջեի միջոցներով 2 մարզերում խորքային հորերի գույքագրում է կատարել, որ կարելի է ապագա մոնիտորինգի մի մասը համարել:
Ստեղծվել է հին տվյալների բազա, որը հետո կհամեմատվի նոր տվյալների հետ: Նախկին տվյալների համաձայն, հանրապետության տարածքում մոտ 3 մլրդ խ/մ-ի չափով ստորերկրյա ջրեր կան: Այսօր Հայաստանում տարեկան օգտագործվում է 3 մլրդ խմ ջուր, որի 1-1,5 մլրդը, մոտավոր հաշվարկներով, ստորերկրյա ջրերն են:
Ջրի փորձաքննություն իրականացվելու է պարբերաբար, տարին մի քանի անգամ: Մոնիտորինգը հավանաբար 2-3 տարի կտեւի, եւ Հայաստանի հիդրոերկրաբանական ընդհանուր պատկերն ունենալը օգտակար կլինի նաեւ տնտեսության այլ ոլորտների, օրինակ շինարարների համար: Մոնիտորինգից հետո մեր ստորերկրյա ջրերն ավելի համակարգված կամբարվեն 8-10 նոր խոշոր ջրամբարներում, որոնք կառուցվելու են Համաշխարհային բանկի ծրագրով:
Առայժմ Հայաստանում խմելու ջրի միայն մի ջրամբար կա` Մանթաշինը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ