100 տարի հետո Արարատի վրա ձյուն չի լինի...
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՄԱԿ-ի նախաձեռնությամբ ստեղծված «Կլիմայի փոփոխությունը» ծրագրի մասնակից հարյուրավոր գիտնականներ երեկ Փարիզում հրապարակեցին կլիմայի փոփոխության միջկառավարական խմբի 1600 էջանոց զեկույցը, որը մարդկությանն ուղղված տագնապի թերեւս ամենալուրջ ու հրապարակային ահազանգն է: Զեկույցը ներկայացնում են 113 երկրների առաջատար կլիմայաբանները: Գիտնականներն առաջին անգամ ամենասուր ու կոշտ որակումներն են տալիս մարդու գործունեությանը, նրա վայրենի, գիշատիչ վերաբերմունքին բնության ու նրա պաշարների հանդեպ: Գիտնականները հայտարարում են, որ կլիմայական անդառնալի գործընթացները 90 տոկոսով մարդու կողմից սանձազերծված անբնական միջամտությունների հետեւանք են:
Երկրագունդը շարունակում է ջերմանալ, սառցադաշտերը շարունակում են հալվել, աշխարհի տարբեր անկյուններում աննախադեպ ջրհեղեղներ ու ցունամիներ, երաշտ ու անտառային հրդեհներ են առաջանում: Գետերը ցամաքում են, հողն անապատանում, բարձրանում է օվկիանոսների ջրի մակարդակը, եւ առաջիկա 100 տարում հնարավոր չի լինի կասեցնել օվկիանոսների ջրի բարձրացումը, ինչքան էլ մարդը փորձի կասեցնել շրջակա միջավայրի աղտոտումը:
Գլոբալ տաքացումը շարունակվում է մթնոլորտ արտանետումներից խթանված ջերմոցային էֆեկտի պատճառով: Ընդերքից հանած վառելիքը փաստորեն առաջանում է մթնոլորտից ածխաթթու գազի կլանման շնորհիվ: Երբ մենք այրում ենք այն, խախտվում է ածխաթթու գազի բնական հաշվեկշիռը, քանի որ մթնոլորտ է վերադառնում այրված գազը: Վերջին 100 տարվա ընթացքում մթնոլորտում ածխաթթու գազի քանակը 30 տոկոսով ավելացել է:
Զեկույցում ներկայացված կանխատեսման համաձայն 2100 թվականին, եթե ոչ 1-6, ապա 2-4 աստիճանով հաստատ կբարձրանա մոլորակի ջերմաստիճանը: Հարյուրամյակի վերջին օվկիանոսի ջրի մակարդակը կբարձրանա առավելագույնը 59 սմ-ով:
Եթե հավատանք գիտնականներին, մոլորակը կարգի բերելու մարդու վճռականությունն այլեւս ուշացած է: Կլիմայական էլ ավելի լուրջ շրջադարձերը հավանական են, նույնիսկ եթե այս պահից վերացնենք բոլոր արտանետումները: Հատկապես ամերիկյան մայրցամաքն ու Եվրոպան սարսափի մեջ պահող հզոր մրրիկներն ու ցունամիները եւս գլոբալ տաքացման հետեւանք են համարվում: Ապագայում կլիմայական աղետների թիրախ կդառնան Բանգլադեշը, Ֆլորիդան, ծովամերձ ու օվկիանոսամերձ բոլոր բնակավայրերը: Փոփոխությունները ոչ մի երկիր չեն շրջանցի, ջրերից հեռու չոր երկրներն ավելի չորային կդառնան, խոնավ երկրներն ավելի խոնավ, կվերանան բազմաթիվ բույսեր ու կենդանիներ, առափնյա լողափերն ու տները կթաղվեն ջրերում:
Եվրոպայի խորհրդի կոնգրեսի կայուն զարգացման հանձնաժողովի անցած տարի կազմակերպած ֆորումի ժամանակ կլիմայական քաղաքականության ոլորտի փորձագետ Գոտելինդ Ալբերը նաեւ Հայաստանի վերաբերյալ կանխատեսում արեց. «Հայաստանում ներկա սերնդի թոռները 100 տարի հետո հնարավոր է չտեսնեն Արարատի գագաթի ձյունը», ասել է նա: Արդեն իսկ հիմա հայ կլիմայաբանները տեղեկացնում են, որ վերջին տարիներին Արարատի սառույցներն իսկապես հալվում են: Դա արձանագրվում է ամեն տարի իրականացվող լուսանկարահանումների համեմատության միջոցով:
Հայ գիտնականների կանխատեսումներով Հայաստանի համար կլիմայական փոփոխությունների հետեւանքը անապատացումը կլինի: Մենք գոնե հեռու ենք օվկիանոսներից ու ծովերից, եւ ջրհեղեղներն ու ցունամիները մեզ չեն հասնի: