«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2007-02-01 | #19, 2007-02-02 | #20, 2007-02-03


ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

Բուլղարական Վառնա քաղաքում ծնված, մեծացած եւ այժմ Գերմանիայի Մյունխեն քաղաքում բնակություն հաստատած իմ բարեկամըՙ Արմեն Մարտիրոսյանը մեր վերջին հանդիպման ժամանակ ասաց.

- Գիտեմ, որ Երեւանում գործում է զորավար Անդրանիկի թանգարանը, անձամբ ծանոթ եմ թանգարանի հիմնադիր Իլյիչ Բեգլարյանի հետ: Երբ կհասնես Երեւան, տես, թե ինչ վիճակում է թանգարանը:

Ժամանակ անց, ես կատարեցի բարեկամիս խնդրանքըՙ Երեւան եկած հյուրերիցս մեկին ուղեկցելով թանգարան:

Կոմիտասի անվան զբոսայգում, հայոց մեծերի պանթեոնի հարեւանությամբ գտնվող գեղեցիկ մի շենքում է թանգարանը, որի դռները միշտ բաց են այցելուների առջեւ: «Զորավար Անդրանիկ» բարեգործական հիմնադրամի ծախսերով ու ջանքերով ստեղծված ֆիդայական շարժման այս թանգարանը լավ պատկերացում է տալիս ոչ միայն Անդրանիկ Օզանյանի քաղաքական ու ռազմական ողջ գործունեության մասին, այլեւ բաց դասագիրք է հայ ազգային-ազատագրական շարժման պատմությունը ուսումնասիրողների համար: 19-րդ դարի վերջերից մինչեւ 20-րդ դարավերջ. ահա պատմական այն ժամանակը, որի մասին պատմող բազմաթիվ վկայագրեր են ներկայացված: Դրանց մեծ մասը ինքնատիպ են, պատճեններ կամ կրկնօրինակներ չեն:

Թանգարանի ցուցադրություններն սկսվում են արցախյան ազատամարտի օրերին ստեղծված եւ մարտական հարուստ կենսագրություն ունեցող «Զորավար Անդրանիկ» ջոկատի պատմությամբ: Առանձին հետաքրքրություն է ներկայացնում զորավար Անդրանիկի փոքրածավալ քանդակը, որի հեղինակը Միքայել Ավետիսյանն է, այն քանդակագործը, որը հեղինակել է նաեւ 20-րդ դարի 60-ական թվականներին Աշտարակի շրջանի Ուջան գյուղում տեղադրված զորավարի քանդակը: Հայաստանաբնակներս եւ սփյուռքահայերը լավ են հիշում, թե ինչպիսի համարձակություն էր պետք 20-րդ դարի կեսերին Սովետական Հայաստանի տարածքում այսպիսի քանդակին ծնունդ տալու, նաեւ տեղադրելու համար: Այժմ այդպիսի դեպքը շատ սովորական կդիտվեր, անգամ կխրախուսվեր: Բայց այն ժամանակներում, հայ ազատագրական պայքարի մասին խոսելը, գրելը, առավել եւս հուշարձաններ ստեղծելը Մոսկվան դիտում էր «նացիոնալիստական» մտքի դրսեւորում:

Հայ ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանում խնամքով պահվում եւ ցուցադրվում են Մոնթե Մելքոնյանի, Թաթուլ Կրպեյանի եւ նորագույն ժամանակների մեր ազատամարտիկների անձնական իրերը, որոնց մեծ մասը ժամանակին նվիրվել են թանգարանի հիմնադիր, «Զորավար Անդրանիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իլյիչ Բեգլարյանին: Այս թանգարանում կգտնեք 1965-ին Բեյրութում տպագրված Գերսամ Ահարոնյանի «Հուշամատեան Մեծ եղեռնի» գրքի օրինակներից մեկը, որն այսօր արդեն բացառիկ գիրք է համարվում:

Թանգարանի երկրորդ հարկում ցուցադրված են այն նմուշները, իրերը, որոնք վերաբերում են հայ ազատագրական պայքարի առաջին շրջանինՙ 19-րդ դարավերջի իրադարձություններին, այսինքնՙ ֆիդայական շարժմանը: Արաբո, Հրայր Դժոխք, Սոսե, Գեւորգ Չաուշ, Սեւքարեցի Սաքո... Ամեն հայի համար սրբացած այս մարդկանց մասին պատմող շատ իրեր, նյութեր կան թանգարանում:

Առավել հարուստ են զորավար Անդրանիկին վերաբերող նյութերըՙ նրա թիֆլիսյան աշխատասենյակի գրասեղանն ու թանաքամանը, նրա ստորագրած հրամաններից, զորավարի ղեկավարությամբ Թիֆլիսում լույս տեսած «Հայաստան» թերթի բացառիկ համարները: Իլյիչ Բեգլարյանը տեղեկացնում է, որ զորավար Անդրանիկի անձնական իրերից շատ բան թանգարանին նվիրել են զորավարի հորեղբոր թոռըՙ Պերճ Օզանյանը եւ հորեղբոր աղջկաՙ Բեթղեհեմի թոռներըՙ Շահրիկյանները:

Բուլղարիայի Վառնա քաղաքի մերձակա Գալաթա բնակավայրում զորավարը երկու սենյականոց փոքրիկ մի տուն է ունեցել, որի մանրակերտը կա թանգարանում: Վահագն Մարտիրոսյանի եւ Նորայր Բոստանջյանի ստեղծած դիորամանները (համայնապատկերները) ցուցադրում են զորավարի ծննդավայրըՙ Շապին-Գարահիսարը, զորավարի հայրական տունը, սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ կնքվել է զորավարը: Ներկայացված է Մշո սուրբ Առաքելոց եկեղեցու մանրակերտը, եկեղեցի, որի մոտ 1901 թվականի նոյեմբերի 4-ից մինչեւ 29-ը 31 մարդով զորավար Անդրանիկը կռվեց թուրքական 6 հազարանոց զորքի դեմ: Անդրանիկի կենսագրությունում հատկապես շեշտվում է այս մարտը:

Մեծն Վիլյամ Սարոյանն ասել է. «Հայերեն խոսել ես չսորվեցա, մինչեւ որ մեծ մայրս մեր տունը եկավ եւ ամեն առավոտ երգեց զինվոր Անդրանիկի մասին: Եվ մինչեւ օրերս ես գիտցա, թե ան հայ մըն էր, լեռնական գեղջուկ մը, որ սեւաթույր ձի մը հեծած ափ մը մարդոցով կկռվեր թշնամիների դեմ»: Այս խոսքերը ուղեկցում են այցելուին թանգարանի դիտման ժամանակ եւ փոխադրում ռոմանտիկ ժամանակներ, երբ հայ մարդու միտքը պայծառ էր, ինչպես միշտ, բայց նաեւ արյունն էր եռումՙ ազատ, անկախ լինելու տենչով:

Այո, մեր այս վայրիվերո ժամանակներում, երբ շատ սրբություններ արժեզրկվել են, երբ հայոց միտքը փորձ է արվում պղտորել ապուշ հեռուստասերիալներով, հրեշավոր մեքենաներով, սեքսով, անամոթությամբ, ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանը լուրջ գործ է անում ազգապահպանման համար: Ի դեպ, ամեն ինչ արվում է «Զորավար Անդրանիկ» բարեգործական հիմնադրամի անդամների ջանքերով: Պետական կամ կողմնակի ոչ մի աջակցություն չկա: Ազատագրական պայքարի մասին պատմող տասնյակ գրքերի հեղինակ Իլյիչ Բեգլարյանը, որի ծախսերով էլ կառուցվել ու գործում է այս յուրօրինակ թանգարանը, օգնություն չի էլ ակնկալում: «Միայն թե խանգարողներ չլինեն», ասում է նա:

Հույս ունենանք, որ խանգարողներ չեն լինի:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4