Ներողություն խնդրելու պահանջ «32 ատամին»
Մարդու ատամնաշարը բավականին օգտակար է ու մեծ նշանակություն ունի: Մարդիկ որպես կանոն մեծագույն դժվարությամբ են հրաժարվում ատամներից: Իսկ այն, որ դրանք լավագույն դեպքում լինում են 32-ը, ուղղակի կարող է վկայել հրաշալի առողջության կամ ժառանգականությամբ փոխանցված լավ տվյալների մասին: Սակայն, պարզվում է, միշտ չէ, որ 32 ատամի գոյությունը նշվածների վկայությունն է:
Հունվարի 21-ին Հանրային հեռուստատեսության եթերում «32 ատամ» հաղորդման հանճարները հերթական «գլուխգործոցն» են մատուցել գլուխգործոցասեր լսարանին` փորձելով կատակել «Դար-21» հեռուստաընկերության «թեժ տասնյակի» ոճով եւ ներկայացրել են հայ երգիչների «էշ տասնյակ»: Դրանում ընդգրկվածներից «Մինորա» մշակութային կենտրոնի ղեկավար, երգիչ, պրոդյուսեր Ռոնալդ Ռեյը (Ռոնալդ Աբրահամյան) երեկ այդ առնչությամբ իր դժգոհությունն էր հայտնում «Փաստարկ» ակումբում:
Ռոլանդին նախ զարմացրել է, որ երեք տարի չերգելու պարագայում ինքն ընդգրկվել է այդ ցուցակում: «Կոմեդի կլաբի» անհաջող կրկնօրինակ դիտարկվող «32 ատամի» նշված կատակատիպ երեւույթը Ռոնալդ Ռեյը անձի վիրավորանք է համարում եւ պահանջում է նույն` հրապարակային ձեւով ներողություն խնդրել, այլապես գործը կքննվի դատարանում: Ամեն դեպքում, մի քանի հրապարակային ելույթներին որեւէ կերպ «32 ատամի» աշխատակազմից ոչ-ոք չի արձագանքել, «Հայելի» ակումբի հրավերն էլ մերժվել է:
Հետաքրքրական է, որ, ամեն դեպքում ներկա դրությամբ, «Էշ տասնյակում» հայտնվելուց վիրավորված է զգում միայն Ռոնալդ Ռեյը: Վերջինիս տեղեկացմամբ, լրատվամիջոցներից փորձել են վիրավորվածության հարցը ճշտել եւս մեկ երգչի հետ, որի պատասխանն առավել քան տիպիկ է, թե հարցերը այլ ձեւով կլուծվեն: Մինչդեռ Ռեյը չի ցանկանում «այլ ձեւով» լուծել հարցերը:
Թե որքանով է վիրավորական «32 ատամի» վարկավորման որեւէ սանդղակում տեղ զբաղեցնելը, թողնենք հենց զբաղեցնողներին: Բայց փաստ է, որ հեռուստաեթերն ուղղակի հեղեղված է ցածրորակ ու անառողջ հումորով, հայերենից բնավ էլ բավարար գիտելիքներ չունեցողների «ուղիղ-եթերական» արտահայտություններով, անճանաչելիության աստիճան դիմահարդարմամբ քողարկված լեզվական արատներով, ինչը հիմնականում սահմանափակ կարողությունների hետեւանք է`:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ