Երեւանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը գերազանց վերջակետ դրեց Ջիբրալթարի շախմատի մրցաշարում իր մրցելույթներին` գրավելով առաջին տեղը: Հայ շախմատիստն ավարտական տուրում մրցում էր իր հետ 6,5 միավորով աղյուսակը գլխավորող ուկրաինացի գրոսմայստեր Յուրի Կուզուբովի հետ: Վլադիմիր Հակոբյանն այդ պարտիան էլ գերազանց անցկացրեց եւ սպիտակներով պարտության մատնելով իր հիմնական մրցակցին, դարձավ մրցաշարի հաղթող` վաստակելով 7,5 միավոր: Իսկ Կուզուբովի համար այդ պարտությունը ճակատագրական եղավ: Նա 6,5 միավորով զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը:
Անցկացրած 9 պարտիաներում Վլադիմիր Հակոբյանը տոնեց 7 հաղթանակ, մեկական խաղ ավարտեց ոչ-ոքի եւ պարտվեց: Հայ գրոսմայստերը պարտությամբ սկսեց մրցաշարը` զիջելով ամերիկուհի գրոսմայստեր Իրինա Կրուշին: Այնուհետեւ Հակոբյանը երեք անընդմեջ հաղթանակ տոնեց եւ ընդգրկվեց առաջատարների շարքում: Հետաքրքրական է, որ հաջորդ միավորի կորուստը հայ շախմատիստն ունեցավ կրկին կին գրոսմայստերի հետ մրցավեճում` ոչ-ոքի ավարտելով պարտիան Քաթարը ներկայացնող չին շախմատիստուհի Չժու Չենի հետ: Իսկ մրցաշարի վերջնագծում Հակոբյանին հաջողվեց չորս անընդմեջ հաղթանակ տոնել, ինչն էլ ապահովեց նրա ընդհանուր հաջողությունը:
7-ական միավորով հաջորդ տեղերը զբաղեցրին Էմիլ Սուտովսկին, Հիկասիմա Նակամուրան եւ Ալեքսանդր Արեշչենկոն: Սուտովսկին հաղթեց Գեորգիեւին, Նակամուրան առավելության հասավ Սուլսկիսի նկատմամբ, իսկ Արեշչենկոն պարտության մատնեց Սենգուպտային: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցեցին 172 շախմատիստներ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ