«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2007-02-03 | #21, 2007-02-06 | #22, 2007-02-07


ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ

Խորհրդարանականները կարծես այս գումարման վերջին քվորումն են ապահովում եւ ակնհայտ շտապողական աշխատանքը թերեւս բացատրվում է նստաշրջանի այս գումարման վերջինը լինելու փաստով: «Կառավարության կազմավորման եւ հրաժարականի մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի երեկվա քննարկման առարկան էր եւ սահմանադրության փոփոխություններով ենթադրվողներից: Օրինագիծը կառավարության ներկայացրածն է եւ առաջին ընթերցման ռեժիմում է: Համաձայն օրինագծի, կառավարությունը կազմավորում է ՀՀ նախագահըՙ կառավարության հրաժարականի դեպքումՙ վարչապետ նշանակելուց հետո քսանօրյա ժամկետում:

Կառավարության հրաժարականի դեպքերն էլ սահմանվել են օրինագծումՙ նորընտիր ԱԺ-ի առաջին նիստի, ՀՀ նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի հրաժարականի կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:

Մեկ էջից էլ քիչ ծավալ ունեցող օրինագծի հանդեպ ակնհայտ է անփույթ վերաբերմունքը, ըստ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի:

Մինչդեռ օրինագիծը պետք է սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ մասը արտացոլեր, որոշակի մեխանիզմներ եւ սկզբունքներ պետք է ավելի մանրամասն ներկայացված լինեին, որպեսզի հստակեցվեր, թե ինչպես սահմանադրությունում ամրագրված այս կամ այն մոտեցումը պետք է իրականացվի կյանքում: Չնայած օրինագծի ակնհայտ անկատարությանը, ԱԺ նախագահն այնուամենայնիվ ճիշտ գտավ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունել եւ կառավարության հետ համատեղ մշակել: Հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանի տեղեկացմամբ նախագիծը քվեարկության է դրվելու առանց «կառավարության անդամը չի կարող լինել այլ պետության քաղաքացի» դրույթի, քանի որ երկքաղաքացիության գնացող երկիր ենք: Այս հարցին կառավարությունը քաղաքացիության մասին օրինագծում առաջարկվող փոփոխությունների ընդունումից հետո է անդրադառնալու: Ներկայացված տարբերակում պատգամավորները սահմանադրության հետ անհամապատասխանություն են տեսնում: Տարաձայնությունների տեղիք չտալու համար անհրաժեշտ է օրենքում հստակորեն ամրագրել կառավարության հրաժարականի եւ կազմավորման մասին այն դրույթները, որոնք արդեն իսկ առկա են սահմանադրությունում: Առանց նշվածի իրականացման, ըստ Վիկտոր Դալլաքյանի, բացառված չէ, որ չարակամությունից սահմանադրական դատարան դիմող գտնվիՙ պարզելու օրենքի սահմանադրությանը համապատասխանելու խնդիրը: Մինչդեռ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը անհրաժեշտություն չի տեսնում երկրի գլխավոր օրենսդրական փաստաթղթիցՙ սահմանադրությունից օրինագծում որոշ դրույթներ արտագրելու: Ինչեւէ, օրինագիծը առաջին ընթերցում անցավ, բայց քվեարկության չդրվեց: Քվորումը չապահովվեց:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4