«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2007-02-06 | #22, 2007-02-07 | #23, 2007-02-08


ՈՍՏԻԿԱՆԻ ՆՈՐ ԿԵՐՊԱՐ ԿՈՒՆԵՆԱՆՔ. ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ, ԲԱՐԵԿԻՐԹ, ԱՆԳԼԻԱԽՈՍ

2006 թ.-ին քրեական գործ է հարուցվել ընդամենը 22 ոստիկանի հանդեպ

Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը երեկ լրատվամիջոցներին ներկայացրեց 2006 թվականին ոստիկանության կատարած աշխատանքների հաշվետվությունը: 2006 թ.-ն, ըստ Հունանյանի, նշանակալից է եղել նրանով, որ ձեռնարկվել են գործուն միջոցներ ոստիկանության տարածքային մարմինների կողմից հանցագործությունների եւ պատահարների գրանցման, հաշվառման եւ բացահայտման, կարգապահությունը բարձրացնելու, ինչպես նաեւ լատենտային քողարկված հանցագործությունների բացահայտումն ակտիվացնելու համար: «Թերեւս նշված գործոններով է պայմանավորված հանցագործությունների ընդհանուր թվաքանակի այս տարվա աճը», նշեց գեներալ-լեյտենանտ Հունանյանը` խոսելով հանցագործությունների թվի ավելացման պատճառների մասին: (Այս ոլորտի շատ տվյալներ արդեն իսկ ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը, որոնց անդրադարձել է «Ազգը» փետրվարի 3-ի «Հովասափյանի, Զատիկյանի եւ լայն հնչեղություն ունեցող մյուս գործերի բացահայտման պահանջը բավարարված չէ» հոդվածում, մնացյալ թվաշարքն էլ մատչելի է ոստիկանության կայքէջում):

Աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները, որի բացատրությունը ոստիկանապետի տեղակալը բացատրեց հանրապետության ավտոպարկի թվաքանակի մեծացմամբ, միայն 2006 թվականին այն ավելացել է 24 հազարով: Դրան Հունանյանը գումարեց ավտոճանապարհների վերանորոգումից հետո ավելի մեծ արագությամբ տեղաշարժվելու ստեղծված հնարավորությունը: ՀՀ ոստիկանության համակարգում ներկայումս իրականացվում են լուրջ բարեփոխումներ` կապված պետավտոտեսչությունը ճանապարհային ոստիկանության վերակազմավորելու, ճանապարհապարեկային ծառայությունը նոր սկզբունքով կազմակերպելու հետ: «Դուք հավանաբար մայրաքաղաքի փողոցներում արդեն նկատել եք ճանապարհային ոստիկանության ծառայության փոփոխությունները, հանվել են անշարժ պարեկային կետերը, ծառայությունը իրականացվում է շրջիկ տարբերակով», հավելեց փոխոստիկանապետը:

Եթե հանրապետության գլխավոր դատախազությունն այն կարծիքին է, թե հանցագործությունների թվի ավելացումը նախ եւ առաջ պայմանավորված է հանցագործությունների հաշվառման ձայնագրառման սարքերի օգտագործմամբ, ապա փոխոստիկանապետի կարծիքով դրան ավելանում է նաեւ քողարկված ու թմրանյութերի հետ կապված հանցագործությունների բացահայտումը: Պրն Հունանյանը հանցագործությունների աճի առնչությամբ համեմատություն անցկացրեց Վրաստանի հետ, թեեւ կարծես թե այդ դեպքում պետք է շատ այլ գործոններ հաշվի առնել, այլ ոչ թե բացարձակ թվային արտահայտություններ: (Ի դեպ, այնպես, ինչպես ներկա պահին աշխատում է Վրաստանի ոստիկանությունը, հատկապես պարեկային ծառայությունը, ցանկալի է հայաստանյան իրականության համար: Վրացական ոստիկանությունը, մասնավորապես ֆինանսական, կաշառակերության այնքան դեպքեր է բացահայտել, որ մեզ մնում է միայն երնեկ տալ հարեւաններին - Ա.Հ.):

Պատասխանելով հաճախակիացած բնակարանային գողությունների եւ դրանց պարագայում ոստիկան-գող հավանական համագործակցության հարցին` Հովհաննես Հունանյանը նշեց, որ ընդհանրապես բնակարանային գողությունները դժվար է բացահայտել նախապես ծրագրված լինելու պատճառով, իսկ ոստիկանների հետ համագործակցությունը փոխոստիկանապետը թողեց մեր խղճին:

«Ազգի» հարցին, թե ինչ թիվ են կազմում հենց ոստիկանության ներսում ծառայողական քննությունների անցկացման դեպքերն ու ինչ արդյունք են տվել (հաշվի առնելով կոռուպցիոն երեւույթներից շատերի պարագայում իրավապահների մասնակցության խնդիրը), պրն Հունանյանը պատասխանեց, որ 2006 թ.-ին ներքին ծառայողական կարգապահության մասին են վկայում հետեւյալ թվերը. ոստիկանության 22 աշխատակիցների դեմ հարուցվել է քրեական գործ, շուրջ 70-ը հեռացվել է ոստիկանության համակարգից, 500 հոգի ստացել է ծառայական տույժեր: Ընդ որում, այս ամենը կապված չէ միայն կոռուպցիայի հետ:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքի փողոցներում ավտոկայանմանն առնչվող «Ազգի» հարցին, ապա Հունանյանը միայն նշեց, որ դա եւս ճանապարհային ոստիկանության շրջանակներում կարգավորման նախատեսվող խնդիր է, եւ հույս հայտնեց, թե մոտ մեկ տարվա ընթացքում դա կարող է լուծված լինել:

Վերջում որպես տեղեկացում նշվեց, որ Ճանապարհապարեկային ծառայությունը համալրում է իր շարքերը, ընդ որում, ըստ ոստիկանապետի տեղակալի, մոտ 200 նոր ոստիկաններ կլինեն ընտրովի, բարձրահասակ, բարեկիրթ, օտար լեզվի եւ համակարգչի իմացությամբ: Ինչ վերաբերում է նույն ծառայության ավտոպարկի համալրմանը, ապա մոտակա երկու ամսում ձեռք կբերվի 100 «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա, որից արդեն երկուսն ունի ծառայությունը: Իսկ թե ինչու հենց այդ մեքենաները, պատճառաբանվեց տրանսպորտային այդ միջոցի հատկանիշներով: Թեեւ հետաքրքրական է, արդյոք անցկացվե՞լ է մրցույթ կամ անցկացվելու դեպքում ի՞նչ կերպ է կատարվել ընտրությունը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4