«Օրինաց երկիր» կուսակցությունը 2007 թվականի ընտրություններին մասնակցելու է միայնակՙ առանց որեւէ դաշինքի եւ Հայաստանի ժողովրդավարացման իրական կողմնակից ուժերի հետ համագործակցելով: Սա նախօրեին ՕԵԿ վարչության երեք ժամ տեւած քննարկումներին հաջորդած որոշումն է, որ երեկ Մամուլի ազգային ակումբում ներկայացրեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ի դեպ, նա էլ զերծ չմնաց ասուլիսը որեւէ լրատվամիջոցի հարցազրույց տալուն հաջորդելու անընդունելի մոտեցումից:
Փետրվարի վերջին ՕԵԿ համամասնական ցուցակը պատրաստ կլինի, ներառելու է բացառապես կուսակցականների, որոնց թվում նաեւ հանրությանը դեռեւս անծանոթ: Մեծամասնական ցուցակը կազմելու ժամանակն էլ, բանախոսի վստահեցմամբ, նույնն է լինելու, սակայն կուսակցությունը դեռեւս չի որոշել իրՙ Արթուր Բաղդասարյանի այդ ընտրակարգով ներկայանալ-չներկայանալու խնդիրը: Այդ հարցը կուսակցության քաղխորհրդի որոշելիքն է:
«Իշխանությունը արհեստական գաղափար է ներարկում հանրությանը, թե տեսեք` ընդդիմությունը պառակտված է եւ չի միավորվում: Իսկ իշխանությունն ինքը միավորվա՞ծ է: Ես դեմ եմ, որ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները համախմբվեն մեկ թիմի ներքո, որովհետեւ դա իշխանությանը կտա բացառիկ լավ հնարավորություն` հարձակում գործելու այդ միասնական, ընդդիմադիր բեւեռի դեմ», համոզված է Արթուր Բաղդասարյանը: Չհերքելով բազմիցս իր իսկ բարձրաձայնածը, որ ՕԵԿ-ի հետ համագործակցելու պատրաստակամություն շատ քաղաքական միավորներ ունեն, ՕԵԿ նախագահը հայտարարեց. «Արհեստական դաշինքներում խանդը սիրուց ուժեղ է»: Կուսակցության համար այս պարագայում գերադասելի է առողջ համագործակցությունը ընդհանուր սկզբունքների շուրջը:
Ի պատասխան ինչո՞ւ է ՕԵԿ-ն այս անգամ մասնակցում ընտրությանը, արդյոք ինչպես չորս տարի առաջ` այս անգամ էլ ՀՀԿ, կամ ԲՀԿ հետ կոալիցիա կազմելու նպատակով հարցի, Բաղդասարյանը հայտարարեց. «Մենք ընտրությունների ենք գնում հաղթելու, Հայաստանում իրական բարեփոխումներ կատարելու վճռականությամբ եւ այդ բարեփոխումների կապակցությամբ, մենք նաեւ երեք տարիՙ լինելով իշխանության մեջ, ի տարբերություն շատ շատերի, չենք լռել եւ շարունակ պայքարել ենք այդ բարեփոխումների համար»:
Ընդդիմության հաղթանակը հիմնական նպատակ
Ընթացիկ տարվա խորհրդարանական ընտրությունը Հայաստանի համար մեծ կարեւորություն ունի եւ հույսի պատուհան է: Ընտրությունների օրինականության առաջին պատասխանատուն իշխանությունն էՙ բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ ստեղծելու պարտավորությամբ, բայց ընդդիմությունն էլ ամեն ինչ պետք է անի կեղծիքներ թույլ չտալու համար: Սրանում հավատացած է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Սակայն արդեն կա պայմանների հավասարության խախտում. «Այսօր քաղաքական գովազդի մեկ րոպեն սահմանել հարյուր հազար դրամՙ նշանակում է բավական ծանր վիճակ ստեղծել ընդդիմադիր կուսակցությունների համար: Նույնչափ է մեծամասնական մեկ թեկնածուի նախընտրական գրավը», ընդգծեց ՕԵԿ նախագահը: Նրա կարծիքով իշխանությունը ամեն ինչ անում է հավատացնելու, որ ընդդիմություն չկա, սակայն. «Ընդդիմությունն ունի բավարար ներուժ, ընդդիմությունը, կարծում եմ, որ պետք է կազմակերպված, համախմբված ձեւով պայքարի»:
Ընդգծելով իշխանության վարչական լծակների եւ ֆինանսական առավելությունըՙ Բաղդասարյանը անտեղի համարեց այսօրվանից ընտրությունները կեղծվելու այլընտրանք չտեսնելը. «Եթե այդպես է, ապա ինչու ենք մասնակցում»: Ընդդիմության հաղթանակին հասնելն է այս փուլի հիմնական նպատակը, ըստ Արթուր Բաղդասարյանի:
Ընտրական հանձնաժողովներից ջնջում են ՕԵԿ ներկայությունը
ՕԵԿ ներկայացուցիչներին շարունակում են հեռացնել ընտրական հանձնաժողովների ղեկավար կազմից: Ասվածն արդեն փաստ է Սիսիանում, Գորիսում, Մասիսում, Արթիկում: Այս մասին տեղեկացնելով, կուսակցության նախագահը հարցրեց. «Եթե խոսում ենք ընտրությունների արդարությունից, ընտրությունների օրինականությունից, ինչու պետք է հանձնաժողովի ղեկավար պաշտոնները բոլորը լինեն իշխանության մենաշնորհը»: Արթուր Բաղդասարյանը համոզված է, որ արդար ընտրություններ իրականացնելու համար անհրաժեշտ է ընդդիմության ներկայացվածությունը գոնե որոշ ընտրահանձնաժողովների ղեկավար կազմում, ինչը նաեւ քաղաքական կամքի դրսեւորում կլինի: Ընտրական հանձնաժողովներում ՕԵԿ-ի 30 տեղերից գոնե մի քանիսը ընդդիմությանը հանձնելու եղանակով էլ է տեսնում ընդդիմության ներկայացվածության հարցի լուծումը: Վերջին առաջարկը Արթուր Բաղդասարյանը, իր իսկ հավաստմամբ, ներկայացրել է դեռեւս ընտրական օրենսգրքի քննարկումների ընթացքում, ԱԺ նախագահ եղած ժամանակ:
ՕԵԿ-ն ափսոսալու հիմք չունի
2003 թվականի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին սատարելու եւ կոալիցիայի գործունեության համար ափսոսելու վերաբերյալ հարցին ի պատասխան ՕԵԿ նախագահը հավաստեց. «Մեր արած ոչնչի համար չենք ափսոսում: Կոալիցիայում լավ բան եղել է, ես դա ասում եմ նայելով ձեր աչքերին: Եվ շատ էլ վատ բաներ են եղել: Այդ վատ բաների դեմ էլ մենք առաջին իսկ օրվանից պայքարել ենք»: ՕԵԿ-ին ուղղված մեղադրանքները ավանդների փոխհատուցման հարցում օտարի արածը սեփականելու, սեփականաշնորհումից օգտվելու եւ այլ հարցերում Բաղդասարյանը գնահատեց որպես սեւ քարոզչություն, դրանք բացառելով իր գործունեության ընթացքում. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք որեւիցե տարածք, հող չենք սեփականաշնորհել: Թե՛ ինձ, թե՛՛ ՕԵԿ-ին վերագրվող բոլոր կեղծիքները մենք համարում ենք սեւ PR, որը կիրառվում է ՕԵԿ-ի դեմ: Մենք դա դատապարտում ենք եւ կոչ ենք անում զերծ մնալ այդ տեխնոլոգիաներից»: ՕԵԿ նախագահը կրկին փաստեց, որ ինքը դատախազությանը նյութեր է ուղարկել թե՛ սեփականաշնորհման եւ թե՛ սահմանադրության հանրաքվեի ընթացքում տեղ գտած կեղծիքների առնչությամբ:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ