«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2007-02-06 | #22, 2007-02-07 | #23, 2007-02-08


ԳԵՆԱԴԻ ՄԵԼԻՔՅԱՆԸ ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

Փետրվարի 1-ից Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ է նշանակված Գենադի Գեորգիի Մելիքյանը: Սա շատ բարձր պաշտոն է երկրի կառավարությունում, քանզի նախագահը փաստորեն համարվում է վարչապետի տեղակալներից մեկը:

Չորս ամիս առաջ թափուր աթոռը զբաղեցնում էր չարանենգորեն սպանված Անդրեյ Կոզլովը: Թեեւ մինչ այդ էլ այդ պաշտոնը «ոչ պաշտոնապես» համարվում էր, եթե կարելի է այսպես ասել, մասնագետՙ գնդակահարույց (ՐՈրրՑՐպսՖվօռ): Բանն այն է, որ առաջին տեղակալը անմիջականորեն վերահսկում է առեւտրային բանկերի գործունեությունը եւ նրա ձեռքին է արտոնագիր տալու կամ դրանից զրկելու իրավունքը: Ասել է թե խոսքը վերաբերում է միլիարդների հասնող գումարների շրջանառությանը: Միայն մի փաստ. 1991 թվականից Ռուսաստանում վերացվել է մոտ 2000 բանկ:

Բանկային շրջանակներում բոլորն էին համոզված, որ ազատված տեղում կնշանակվի հենց Մելիքյանը, որովհետեւ նա երկրի ֆինանսական շրջանակներում ճանաչված է որպես բանիմաց ու փորձառու մասնագետ: Ելցինի օրոք նա զբաղեցնում էր աշխատանքի նախարարի պաշտոնը, հետագայում աշխատել է հանրահայտ հոպՐոՈվՍ-ի վարչության նախագահի տեղակալ, իսկ վերջին տարիներին Կենտրոնական բանկի նախագահի տեղակալն էր եւ ղեկավարում էր վարկային կազմակերպությունների գլխավոր տեսչությունը, լիովին վայելելով նախագահ Սերգեյ Իգնատեւի վստահությունը: Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանի կարծիքով, Մելիքյանը կիրականացնի Անդրեյ Կոզլովի նախանշածՙ բանկային համակարգի պլանային կատարելագործման, այդ համակարգը անբարեխիղճ վարկային կազմակերպություններից մաքրազարդելու ակտիվ քաղաքականությունը:

Մելիքյանը ծնվել է 1947 թ. Կրասնոդարի երկրամասի Կրոպոտկին քաղաքում: Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագիտության թեկնածու է, տիրապետում է անգլերենին: Ամուսնացած է, ունի տղա եւ աղջիկ:

Մելիքյանը չի թաքցնում իր ազգային պատկանելությունը եւ բարեկամական հարաբերություններ է պահպանում Մոսկվայի շատ հայերի հետ: Մի բան հաստատ է. եթե նա կարողացավ արդյունավետ աշխատել նոր, խիստ պատասխանատու պաշտոնում, ապա դրանով կբարձրացնի հայ ժողովրդի պատիվը: Իսկ եթե, Աստված չանի, տապալվի, այնժամ շատերը կհիշեն, որ նա... կովկասյան ազգության անձ է... Ավա՜ղ...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4