Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ) երեկ լրագրողներին ներկայացրեց իր նոր հրատարակած երկու գրքերը` Այդին Մորիկյանի կազմած «Ժուռնալիստիկա. ինչ, ինչպես, ինչու բնագրեր»-ը եւ Յան Մեյսի «Բաց դուռ. Ընթերցողների խմբագիրըՙ ընթերցողներին» գիրքըՙ Մարինե Պետրոսյանի թարգմանությամբ: Յան Մեյսը բրիտանական «Գարդիան» թերթի օմբուդսմենն է` ընթերցողների խմբագիրը, որ թերթում, ըստ էության, ընթերցողների շահերի պաշտպանն է: Նա զբաղվում է ընթերցողների դժգոհությունների, զանգերի եւ դիտողությունների վերլուծությամբ, օպերատիվ կերպով բացատրում նրանց այս կամ այն հրապարակման պատճառները: Լրագրող Այդին Մորիկյանը նշեց, որ Յան Մեյսի գիրքը կարեւոր է ոչ միայն ինքնակարգավորման, այլեւ լրագրողի ինքնակազմակերպման առումով. «Սա ավելի շատ բարոյական կոդեքսի դեր է կատարում` հաշվետվության եւ պատասխանատվության կոչելով լրագրողին»:
ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը նկատեց, որ բրիտանական թերթերի շուկայում մեծ հաջողություն ունեցող թերթի գրավականը նաեւ Մեյսի աշխատանքն է: Նա ծանոթանում է ընթերցողների դժգոհություններին, փորձում բացատրել այս կամ այն հրապարակման պատճառը, իսկ սխալի դեպքում ներողություն խնդրում: Նա ցավով նշեց, որ մեզ մոտ այդ մեխանիզմը չկա, բայց եւ հայտնեց, որ իրենց ակումբը կոլեկտիվ օմբուդսմեն ստեղծելու նախաձեռնություն ունի, որին մասնակցում են հանրապետական եւ մարզային լրատվամիջոցներ: Յան Մեյսի գրքի մասին խոսելիս ԵՄԱ փորձագետ Մեսրոպ Հարությունյանը նշեց, որ գիրքը շատ հետաքրքրական է նաեւ նրանով, որ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու ընթերցողի պաշտպանի դատողություններին ժուռնալիստիկայի եւ մյուս հարցերի վերաբերյալ:
«Բաց դուռ. Ընթերցողների խմբագիրըՙ ընթերցողներին» գրքի թարգմանիչ Մարինե Պետրոսյանի համար գրքի թարգմանությունը հետաքրքրական է եղել նրանով, որ հնարավորություն է ընձեռել ծանոթանալու Անգլիայի մամուլի խնդիրներին: Թարգմանիչը եկել է համոզման, որ խնդիրները բոլոր տեղերում նույնն են` պարզապես պետք է սկզբունքները պահպանել ամենուր: Ի դեպ, նա գործածել է նոր բառ` իմակ, էլեկտրոնային նամակ բառի փոխարեն: *
«Ժուռնալիստիկա. ինչ, ինչպես, ինչու բնագրեր» գիրքը Այդին Մորիկյանի առաջին` նույնանուն գրքի շարունակությունն է, միայն թե տարբեր ժամանակների ժուռնալիստիկական աշխատանքների բնագրերի ավելացմամբ: Մեսրոպ Հարությունյանի ներկայացմամբ, գրքում ընդգրկվել են այնպիսի ուշագրավ բնագրեր, ինչպիսիք են Նապոլեոնի հոդվածը Հուլիոս Կեսարի, Գարսիա Մարկեսի դատողությունները ժուռնալիստիկայի մասին, ինչպես նաեւ հայ հեղինակների գործեր ու ասույթներ լրագրության մասին:
Համաշխարհային լրագրության տեսական մասի վերաբերյալ հրատարակություններ` մասնավորապես թարգմանական աշխատանքներ արդեն բավական տպագրվել են: «Ազգ»-ի հետաքրքրությանը, թե ԵՄԱ-ն արդյոք չի՞ նախատեսում առաջիկայում այնպիսի գիրք հրատարակել, որն ավելի շատ կվերաբերի լրագրության արդի շրջանի վերլուծություններին, նյութերի, տարատեսակ հրապարակումների կառուցվածքին, դասական լրագրությանը նրանց առնչությանը: ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, որ նախատեսում են առաջիկայում Այդին Մորիկյանի վերոհիշյալ անվամբ գիրքը լրացումներով վերահրատարակել, որում մեր մատնանշած նյութերի կշիռը, հույս ունեն, կբարձրանա:
500-ական օրինակներով հրատարակված գրքերը, որոնք համալրեցին ակումբի այս տարիներին հրատարակած գրքերի շարքը, անվճար կտարածվեն բուհերում, կտրվեն լրագրողներին, ուսանողներին եւ բոլոր ցանկացողներին:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
* Ի դեպ, այդ բառը վաղուց արդեն գործածում է Փարիզի «Յառաջ» օրաթերթը: