«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2007-02-08 | #24, 2007-02-09 | #25, 2007-02-10


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԱՄՆ Է ՄԵԿՆՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ

Ըստ երեւույթին, ցեղասպանության բանաձեւի հարցում աջակցության նույն ակնկալիքով, ինչ Գյուլն էր մեկնել

Ավարտելով Մ. Նահանգներ կատարած պաշտոնական այցըՙ երեկ Նյու Յորքից Անկարա է վերադարձել Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Նրա այցի արդյունքները դեռեւս չամփոփված, ամերիկյան զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Պիտեր Փեյսի հրավերով ԱՄՆ է ուղեւորվում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանըթը:

CNN-թուրք-ի տվյալներով, փետրվարի 11-ին նա կլինի Նյու Յորքում, 13-ին կանցնի Վաշինգտոն: Ինչ վերաբերում է բանակի գեներալ Բույուքանըթի հանդիպումներին, ապա նա փետրվարի 14-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի, իսկ 16-ին Պենտագոնում Փեյսիի, ամերիկյան ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Պիտեր Շումախերի, ինչպես նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Էրիկ Էդելմանի հետ, որը ժամանակին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանն էր:

Ըստ երեւույթին, ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցը, ինչպես Գյուլի պարագայում էր, կդրվի նաեւ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հանդիպումների առանցքում:

Հարկ է նշել, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության եւ նրա կառավարության նկատմամբ պաշտոնական Վաշինգտոնն ունի ընդգծված բացասական դիրքորոշում: Դա Թուրքիայում ռազմական հեղաշրջման չարաբաստիկ կանխատեսումներով արտահայտվում է «Նոր պահպանողականների» պաշտոնաթերթ «Ուոլ սթրիթ ջորնլում», կամ «Նյու Յորք պոստում»: Ելնելով այս դիրքորոշումից, կարելի է ենթադրել, որ Հայոց ցեղասպանության բանաձեւը կանխարգելելու վերաբերյալ խոստումների հարցում պաշտոնական Վաշինգտոնը անհամեմատ առատաձեռն կլինի Բույուքանըթի նկատմամբ եւ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Անկարա կվերադառնա խոստումների ավելի մեծ պաշարներով, քան վերադարձել էր Թուրքիայի արտգործնախարարը:

Հետահայաց անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերությունների պատմությանը, պետք է նշել, որ հայտարարությունները, որպես կանոն, սրել են թուրքական կառավարությունները: Սակայն դա չի խանգարել Թուրքիայում գործադիր եւ օրենսդիր իշխանությունների գործունեությունը վերահսկող բանակին, որ շարունակի սերտորեն համագործակցել ինչպես Պենտագոնի, այնպես էլ պաշտոնական Վաշինգտոնի հետ:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4