Այդ մասին, ինչպես երեկվա համարում տեղեկացրել է «Միլիեթը», Սպիտակ տանը Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հադլին: Տեղեկության համաձայն, Հադլի-Գյուլ հանդիպումից իրազեկ ամերիկացի անանուն գործիչը թուրքական թերթին հայտնել է, որ կողմերը զգալի տեղ են հատկացրել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի քննարկմանը:
Այդ գործչի տվյալներով, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձեւի դեմ աջակցություն խնդրող Գյուլին ի պատասխան Հադլին ասել է. «Նախքան աջակցություն ակնկալելը պետք է, որ ինքներդ օգնեք ձեզ: Թեեւ ես անօգուտ եմ համարում բանաձեւը, սակայն մենք չենք կարողանում Կոնգրեսին մատնացույց անել. «Տեսեք Թուրքիան սկսել է ազատորեն վերանայել իր պատմությունը, նպաստում է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացին»: Քանի դեռ շարունակաբար դատական գործեր են հարուցվում Թուրքիայի լավագույն մտավորականների դեմ, այն էլՙ պատմության վերաբերյալ կարծիք արտահայտելու համար, չենք կարող պահանջել Կոնգրեսից, որ ըմբռնումով վերաբերվի այս ամենին»:
Հադլիին լրացրել է ամերիկյան բարձրաստիճան եւ նույնպես անանուն դիվանագետը: Նա «301-րդ հոդվածի ինչպիսի փոփոխություն եք ակնկալում» հարցին պատասխանել է. «Այնպիսի փոփոխություն, որն այլեւս տեղիք չտա դատական գործի հարուցմանը թուրք մտավորականների նկատմամբ, ինչպես հարուցվել էր Հրանտ Դինքի եւ Օրհան Փամուքի դեմ: Կոսմետիկ փոփոխությունն անիմաստ է»:
Ի դեպ, թուրքական քրեական նոր օրենսգրքի 301-րդ հոդվածի վերանայումը Գյուլից պահանջել են նաեւ ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունների ներկայացուցիչները, իսկ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ համանման պահանջների բարձրաձայն հնչեցումը ընդամենը կբարդացնի հոդվածի վերանայման թուրքական կառավարության առաջադրանքը: Ի դեպ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ ուղղությամբ արդեն ձեռնարկել է որոշակի քայլեր: