«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2007-02-08 | #24, 2007-02-09 | #25, 2007-02-10


ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԱՂԲԱՎԱՅՐՆ ԱՐՏԱՆԵՏՈՒՄ Է ԲԱԶՄԱԹԻՎ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նուբարաշենի աղբավայրը չի համապատասխանում անհրաժեշտ հիգիենիկ պահանջներին եւ գտնվում է բնակելի տարածքին մոտ` 2,2 կմ հեռավորության վրա: Այն անընդհատ ինքնայրման մեջ է եւ արտանետում է բազմաթիվ թունավոր նյութերՙ դիօքսիններ, ազոտի եւ ծծմբի օքսիդներ, ածխաթթու գազ, իսկ թերայրման ժամանակ նաեւՙ շմոլ գազ: Ուստի աղբավայրը գոնե պետք է ժամանակ առ ժամանակ հողի շերտով ծածկել:

Ինչպես տեղեկացրեց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» կազմակերպության ծրագրերի օգնական Քնարիկ Գրիգորյանը, այդ նյութերն առաջացնում են շնչառական ուղիների բորբոքումներ, ալերգիկ հիվանդություններ, քաղցկեղ, նյարդային համակարգի խանգարումներ: Ամենաթունավորը համարվում են դիօքսինները, որոնք աղբի այրման ժամանակ, ինչպես Նուբարաշենի աղբավայրում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում, արտանետվում են արտաքին միջավայր եւ ազդում իմունային համակարգի, վերարտադրողական ֆունկցիայի վրա: Ըստ հետազոտությունների` աղբավայրերին մոտ գտնվող բնակավայրերում բնածին արատներով երեխաների ծնունդների թիվն ավելանում է:

Ք. Գրիգորյանի խոսքով` աշնանը տերեւների այրումը նույնպես բացասաբար է անդրադառնում հարակից տարածքների բնակիչների առողջության վրա, քանի որ դրանից մթնոլորտ են արտանետվում տերեւների կլանած վնասակար նյութերը: «Մենք փորձում ենք բացատրել, որ տերեւները կարելի է հավաքել, հողի շերտով ծածկել եւ մի քանի անգամ ջրել: Դրանք քայքայվելով ՙ կարող են որպես հումուս ծառայել», ասաց նա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4