Լեւոն Անանյանն իր թեկնածությունը կառաջադրի Տավուշի մարզում
Համահայկական գրական հիմնադրամի երկրորդ հեռուստամարաթոնը նվիրատուներ է ունեցել Հայաստանի գրեթե բոլոր մարզերից, նաեւ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի ծննդավայր Տավուշից, ինչն էլ նրան մղել է ԱԺ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել մեծամասնական ընտրակարգով. «Համոզվեցի, որ Տավուշը ավանդաբար գրասեր է եղել եւ այսօր էլ գրասիրությունը կա: Չնայած 2 մեծահարուստներ իրենց թեկնածությունն արդեն դրել են, բայց ես էլ կառաջադրեմ 41 ընտրատարածքում, որպեսզի վստահ լինեմ, որ մեր ժողովուրդն ընտրելու իրավունք ունի», «Ուրբաթ» ակումբում երեկ ասաց Անանյանը:
Թեպետ հեռուստամարաթոնում հանգանակված 140 հազար դոլարը հաշվեհամարում դեռ չի նստել, առ այսօր ստացվել է մոտ 12 հազար դոլար, սակայն նա խոսեց այն հիմնական ծրագրերի մասին, որ նախատեսված է անցկացնել հավաքված գումարի մի մասով: Մինչ դրանք հանգամանալից ներկայացնելը, Անանյանը հայտնեց 2 օր առաջ տեղի ունեցած գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները, որպեսզի հայ գրականության մերօրյա «ողբերգակները նախ եւ առաջ կարդան, հետո միայն շաղակրատեն, թե ինչ արժեքներ ունենք, որտեղ են այսօրվա չարենցներն ու թումանյանները»:
Ամենասուր քննադատության դիմացող գործերը
Մրցանակաբաշխության 7 անվանակարգերից հանձնվել են 5-ը, քանի որ մանկապատանեկան գրականության համար մրցանակը հանձնվում է գարնանը, թարգմանականի համարՙ աշնանը, Թարգմանչաց տոնին: Մնացած 5 անվանակարգերում մրցանակի են արժանացել արձակագիր Ռուբեն Հովսեփյանըՙ «Ծիրանի ծառ» վեպի համար, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանըՙ «Գիշերահավասար» ժողովածուի համար, թատերգություն անվանակարգումՙ Նորայր Ադալյանի «Մարկոս» ստեղծագործությունը, հրապարակագրություն-վավերագրություն անվանակարգումՙ Կարպիս Սուրենյանի «Օրագիրը», գրականագիտություն ու քննադատություն անվանակարգումՙ Վազգեն Գաբրիելյանի «Գրականության մեր ժամանակը»:
Միության մրցանակային ծրագրերը, սակայն, սրանով չեն սահմանափակվում: Կառավարության հետ ընդհանուր համաձայնությամբ, փետրվարի 12-ինՙ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրը, գրողի անունով մրցանակը կտրվի արձակագիր Զորայր Խալափյանին:
Նոր մրցանակաբաշխություն, ավանդական ու նոր ծրագրեր
Մոտ օրերս կհրապարակվի միության եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի համատեղ մրցանակաբաշխության մասինՙ 3 մրցանակ, 7-10 հազար դոլար մրցանակային գումարով, արձակի բնագավառի համար: Հիմնական շեշտադրումը, Անանյանի ասելով, «կլինի մեր օրերի բարոյաէթիկական խմորումների ու սերնդի գեղագիտության, բարոյագիտության, հայրենասիրության, այս ընդհանուր մղձավանջի մեջ չափորոշիչների հաստատումըՙ մեր ժամանակների գրողի աչքերով»: Մարտի 20-22-ը «Պեն» ակումբի հետ կանցկացնեն պոեզիայի օրեր, նաեւ մրցանակաբաշխություն: Տեղի կունենան նաեւ ավանդական միջոցառումներըՙ մարտի վերջին մանկական գրքի շաբաթը, ապրիլինՙ երիտասարդ գրողների խորհրդակցությունը, հունիսի սկզբին Երեւանում եւ Արցախում ռուս գրականության փառատոնը, հոկտեմբերինՙ օտարագիր հայ գրողների երկրորդ խորհրդաժողովը Հայաստանում եւ Արցախում, նաեւ Թարգմանչաց տոնը, նոյեմբերինՙ վրաց պոեզիայի երկրորդ փառատոնը:
Հեռուստամարաթոնի արձագանքները մեր մամուլում
Միության նախագահը նկատեց, որ որոշ լրատվամիջոցներ «ոչ բարեկիրթ ձեւակերպումներով ներկայացրեցին մարաթոնը, այն որակելով որպես մուրացկանություն»: Մինչդեռ իրենք մարաթոնի խորագիր են ընտրել Թումանյանի «Ազգային գրականությանը ազգային պաշտպանություն» խոսքերը, որովհետեւ հայ գրողի արժանապատվության խնդիրը միշտ էլ մտահոգել է մեր ժողովրդին: «Այս ամենն արվում է, որպեսզի հայ գրողը կարողանա հեշտ ստեղծագործել, ապրել, տպագրվել: Ոչ մի լումա աննպատակ չի կորչի եւ կծառայեցվի գրական ծրագրերի իրագործմանը: Արդեն ասվել է, որ մարաթոնը ժամանակավոր, հարկադիր ձեռնարկ է»:
Անանյանը անհեթեթություն համարեց մամուլում հնչած այն միտքը, թե Արա Աբրահամյանը գրողների միությանը գումար է տալիս իբր Ռուսաստանում հայերի սպանությունների մասին լռեցնելու համար: Անանյանը նշեց, որ « ինքն առաջինն է ի լուր աշխարհի հայտարարել, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որտեղ սպանում են հայերին: Եղել են աղմկոտ քննարկումներ, մեղադրական խոսքեր են հնչել վերին ատյանների հասցեին, գրվել են բողոքի նամակներ»:
Քանի որ երեկ Վահան Տերյանի ծննդյան օրն էր, Անանյանը հիշեց նրա այն խոսքերը, որ «հասարակության մի մասը չարախինդ քենով է նայում հայ գրականությանը: Այսօր այնքան շատ են ամբիոն փնտրող գրական ավանտյուրիստները: Դա ինքնահաստատման յուրատեսակ ձեւ է դարձել, ու եթե իրենք արժեք չեն ստեղծում, ուրեմն պետք է ստեղծվածը այպանեն, եթե գործ չեն անումՙ արվածը փսորել ու ջլատել: Կարծում եմ, դա նույնպես մեր ժամանակի ցավալի բաղադրիչներից է»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ