«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2007-02-08 | #24, 2007-02-09 | #25, 2007-02-10


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԼԱՍԻ» ԼՈՒՅՍ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Ատլասի 40 քարտեզներում ներառված է նաեւ Լեռնային Ղարաբաղը

«Հայաստանի ազգային ատլասի» առաջին հատորի լույսընծայումը այս ոլորտի մասնագետների համար վերջին 15 տարիների ամենակարեւոր իրադարձությունն էր: Սա նրանց միասնական տեսակետն էր, որն արտահայտվեց անշարժ գույքի կադաստրի կոմիտեում տեղի ունեցած ատլասի լույս ընծայմանը նվիրված միջոցառման ժամանակ:

Ինչպես տեղեկացրեց կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը, որը համակարգում էր ատլասի ստեղծման աշխատանքները, երեք տարի առաջ երբ սկսվեց այդ գործընթացը, որոշակի թերահավատություն կար ինչպես ֆինանսական, այնպես էլ կադրերի առումով: Սակայն հաջողվեց այդ ընթացքում ձեռք բերել նորագույն սարքավորումներ եւ ստեղծել քարտեզագրական ծավալուն նյութը: 40-ից ավելի տարբեր քարտեզներ են ընդգրկված ատլասում, որոնք ստացվել են արբանյակային կայանի լուսանկարներով: 1000 օրինակով լույս տեսած ատլասը ֆինանսավորվել է պետական բյուջեից: Այն կտրամադրվի պետական կառավարման մարմիններին, ուսումնական եւ գիտական հաստատություններին: Միաժամանակ կադաստրի կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ նախատեսվում է հրատարակել եւս 1500 օրինակ, որը կվաճառվի 21 հազար դրամ կազմող ինքնարժեքով: Ստացած գումարը կուղղվի ատլասն անգլերեն թարգմանելու եւ արտերկրի Հայաստանի դեսպանատներին, միջազգային կազմակերպություններին տրամադրելու նպատակով:

«Սա ինչ-որ առումով քաղաքական նշանակություն ունեցող հարց է: Մենք որոշեցինք, որ ատլասը պետք է ներառի նաեւ Լեռնային Ղարաբաղը», ասաց Մանուկ Վարդանյանը: Նա այս աշխատությունը համարեց ֆունդամենտալ գործ, որտեղ ներկայացված են մեր երկրի տնտեսա-աշխարհագրական տվյալները, իսկ երկրորդ հատորը նվիրված կլինի պատմաաշխարհագրական տվյալների ներկայացմանը: Այն նախատեսվում է հրատարակել մինչեւ այս տարեվերջ: Հայաստանի ազգային ատլասը հրատարակվել էր միայն մեկ անգամՙ 1961 թ.-ին, Մոսկվայում: 46 տարի հետո «Հայաստանի ազգային ատլասը» հրատարակվում է Հայաստանում: «Հայաստանն այսօր ինքնուրույն կարող է ստեղծել ցանկացած քարտեզագրական նյութ», համոզմունք հայտնեց կոմիտեի նախագահը:

Ատլասի խմբագրական խորհրդի պատասխանատու խմբագիր Լեմվել Վալեսյանը նշեց, որ սկզբնական շրջանում ինքը նույնպես թերահավատ էր այս ձեռնարկի հաջող իրականացման հարցում, բայց ժամանակի ընթացքում համոզվեց, որ դա հասունացած խնդիր էր: Գիտնականը հայտնեց, որ ինքը նոր է վերադարձել Նոր Զելանդիայից, որտեղ քարտեզագրությունը շատ բարձր մակարդակի վրա է, բայց դրանք ստեղծվելով այդ երկրում, հրատարակվում են Չինաստանում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4