«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2007-02-08 | #24, 2007-02-09 | #25, 2007-02-10


ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐՆ ԱՎԱՐՏՈՒՆ ՏԵՍՔ ԿՍՏԱՆԱ

ՀՀ նախագահը մասնակցեց ճոպանուղու 4-րդ գծի բացմանը

Վերջին տարիներին հանրապետության ղեկավարությունն, անձամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեծ ուշադրություն են դարձնում Ծաղկաձորը հանգստի հաճելի վայր, դահուկային սպորտի կենտրոն դարձնելու հարցերին: Հենց ՀՀ նախագահի հրահանգով Ծաղկաձորում կառուցվել են 2 նոր դահուկուղիներ, շահագործման են հանձնվել ճոպանուղու գծերը:

Երեկ Ծաղկաձորում, որտեղ այս օրերին իր հանգիստն է անցկացնում Ռոբերտ Քոչարյանը, տեղի ունեցավ ճոպանուղու 4-րդ գծի բացման հանդիսավոր արարողությունը: Այն բացելու պատիվը տրվել էր ՀՀ նախագահին եւ շինարարությունն իրականացրած իտալական «Լայթներ» ընկերության գործադիր տնօրեն Օսկար Կիրզինգին:

Բացման խոսքում ՀՀ նախագահը մասնավորապես նշեց. «Առաջին հերթին շնորհավորում եմ բոլորին այս հիանալի կառույցի բացման առթիվ: Իսկապես մեր ժողովրդի համար Ծաղկաձորը սիրելի հանգստավայր դարձավՙ վերականգնելով նախկին համբավը: Ակնհայտ է նաեւ, որ ճոպանուղու շինարարությունը բերեց Ծաղկաձորում լրիվ այլ հետաքրքրական գործընթացների, ձորակն ամբողջությամբ վերակենդանանալու է: Ցավոք, այս տարի Երեւանում ավելի շատ էր ձյունը, քան Ծաղկաձորում եւ եթե ճոպանուղին չլիներ, ապա դահուկորդները լուրջ հիմնախնդիրներ կունենային: Բայց սրանով աշխատանքները չեն ավարտվում, ունենք ծրագիր կառուցելու ճոպանուղու 5-րդ գիծը: Բոլորիս մեկ անգամ եւս շնորհավորում ու հաջողություն եմ ցանկանում: Համոզված եմ, որ դահուկասպորտով ավելի շատ մարդիկ կզբաղվեն»:

Ներկաներին ողջույնի խոսք հղեց նաեւ Օսկար Կիրզինգը. «Շատ ուրախ եմ այսօր ներկա գտնվելու Ծաղկաձորում ճոպանուղու 4-րդ գծի բացման արարողությանը: Ճոպանուղին եւս ապահովված է շարժական մայթով, ինչը հեշտացնում է դահուկորդների մուտքը ճոպանուղի: Սրտանց շնորհավորում եմ բոլորին, հատուկ շնորհակալություն հայտնում Իշխան Զաքարյանիցՙ արհեստավարժ եւ դինամիկ աշխատանքի համար»:

Նշենք, որ 4-րդ գծի շինարարության ժամանակ աչքի ընկածներին ՀՀ նախագահը 300 հազարական դրամ պարգեւավճարներ հանձնեց: Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանը հագնելով դահուկորդի մարզահագուստըՙ նորակառույց ճոպանուղով ուղեւորվեց դահուկուղիՙ վայելելու դահուկներով սահելու հաճույքը:

Իսկ այդ ընթացքում ՀՀ սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողներին տեղեկացրեց Ծաղկաձորում իրականացվող ծրագրերին: Ծաղկաձորի ճոպանուղու 4-րդ գծի շինարարությունն սկսվել է 2006 թ. հունիսից: Այն իրականացնում էր «Կապավոր» ՍՊԸ-ն ճոպանուղիների կառուցման գործում աշխարհում ամենահայտնի ֆիրմաներից մեկիՙ իտալական «Լայթների» հետ համատեղ: Նոյեմբերի վերջին արդեն շինարարական աշխատանքներն ավարտված էին եւ դեկտեմբերի 11-ից ճոպանուղու 4-րդ գիծը շահագործման հանձնվեց: Ընդհանուր առմամբ շինարարական աշխատանքների վրա ծախսվել է 2 մլրդ դրամ: ՀՀ նախագահի հանձնարարությամբ ֆինանսավորումը կատարվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից: Ճոպանուղու 4-րդ գծի ընդհանուր երկարությունը 926 մետր է, բարձրությունների տարբերությունըՙ 124 մետր է, ժամում կարող է տեղափոխվել 600 մարդ:

Կառուցվել է նաեւ 2 հիանալի դահուկուղի 2500 եւ 2400 մ ընդհանուր երկարությամբ, 25-30 մ լայնությամբ, ինչը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին: Նախագահի հրահանգով հաջորդ տարի դահուկուղիները չիմապատվելու են, որից հետո կհրավիրվեն միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներըՙ գրանցելու դրանք: Այդ միջոցառումներից հետո դահուկասպորտի միջազգային ֆեդերացիան կթույլատրի դահուկուղիներում միջազգային մրցումներ կազմակերպել:

Իշխան Զաքարյանը տեղեկացրեց նաեւ, որ շուտով սկսվելու է նաեւ ճոպանուղու 5-րդ գծի շինարարությունը: Ապրիլ-մայիսին կսկսվեն չափագրումները, իսկ շինարարական աշխատանքները կսկսվեն հուլիսին եւ պետք է ավարտվեն մինչեւ տարեվերջ: 5-րդ գիծը երկտեղանոց է լինելու, ժամում հնարավորություն կունենա տեղափոխելու 1200 մարդ, ընդհանուր երկարությունը 1500 մետր է: Հիմնական նպատակն է որոշ չափով նվազեցնել ճոպանուղու 1-ին գծի ծանրաբեռնվածությունը, հատկապեսՙ հանգստյան օրերին: Նպատակ կա մոտ 100 հազար քառակուսի մետր չիմապատել: 5-րդ գծի շինարարությունն էլ կիրականացնի «Լայթներ» ընկերությունը: Դրա կառուցումից հետո երկտեղանոց ճոպանուղի կկառուցվի Ջերմուկում:

Ծաղկաձորը բացի հանգստի գոտուց, նաեւ մարզական խոշոր կենտրոն է, ուստի զուգահեռաբար շինարարական աշխատանքներ են ընթանում նաեւ օլիմպիական ավանում: Դրա վերակառուցման աշխատանքներն սկսվել են դեռեւս անցյալ տարի ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանի հիմնադրամի միջոցներով: Ընդհանուր ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի 7-10 մլն դոլարին համարժեք դրամ: Այս տարվա հուլիսին շահագործման պետք է հանձնվեն օլիմպիական ավանի հյուրանոցային առաջին մասնաշենքը, ճաշարանը, ըմբշամարտի եւ ձյուդոյի մարզադահլիճները: Հոկտեմբերին պատրաստ կլինեն հյուրանոցային 2-րդ մասնաշենքը, ծանրամարտի եւ բռնցքամարտի մարզադահլիճները: Եվս 2 մարզադահլիճ պետք է շահագործման հանձնվի հաջորդ տարի: Ընդհանուր առմամբ աշխատանքների 2/3-ը պետք է ավարտվի այս տարի: Այնպես որ հաջորդ տարի Ծաղկաձորի մարզահամալիրն էլ ամբողջական տեսք կստանա եւ տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու եւ լավագույն ձեւով նախապատրաստվելու մրցումներին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4