ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն
«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ փետրվարի 9-11-ը Մյունխենում գումարվեց Անվտանգության քաղաքականության 43-րդ կոնֆերանսը:
«Բայերիշե հոֆ» հյուրանոցում անցկացված կոնֆերանսը գերմանացիների գնահատմամբ դեռ երբեք այսքան մեծ հետաքրքրություն չէր արթնացրել, մասնակիցների թվով ու թեմաների բազմազանությամբ ցանկն այսքան երկար չէր եղել: 250 մասնակիցՙ շուրջ 40 երկրից, քաղաքական գործիչներ ու փորձագետներ, որոնց թվում Հայաստանից մասնակցում էր արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Իսրայելի արտգործնախարար Լեւնիի «Խաղաղությունը Մերձավոր Արեւելքում» վերնագրյալ ելույթով բացված եռօրյա կոնֆերանսին մասնակցեցին Ալի Լարիջանինՙ «Անվտանգությունը Միջին Արեւելքում» բանախոսությամբ, Պուտինըՙ «Ռուսաստանի դերը աշխարհի քաղաքականության մեջ», Անգելա Մերկելըՙ «Համընդհանուր պատասխանատվություն գլոբալ մարտահրավերներին» եւ այլք, քննարկվեցին ամենատարբեր թեմաներՙ էներգակիրների, Իրանի միջուկային ծրագրերի, Կոսովոյի, «ԵՄ 50 տարին-խաղաղության, անվտանգության եւ բարեկեցության շրջանային մոդե՞լ», «Միջազգային ահաբեկչությունը եւ ասիմետրիկ սպառնալիքները», «Տրանսատլանտյան կապերը 21-րդ դարում»...
Կոնֆերանսին առաջին անգամ ելույթ ունեցած Ռուսաստանի նախագահ Պուտինի ԱՄՆ-ի հասցեին հնչեցրած սուր քննադատությունը դարձավ կոնֆերանսի մասնակիցների ու լրատվամիջոցների քննարկման առանձնահատուկ թեմա: Գերմանական օրաթերթերից «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» նկատել է տալիսՙ Մերկելի համագործակցության սիմֆոնիան դեռ նոր էր հնչել, երբ Ռուսաստանի նախագահը մեծ թմբուկին իր հարվածով հանկարծակիի բերեց կոնֆերանսի դահլիճում ննջող մասնակիցներին: Պուտինի սոլոյի համար նախերգանք արդեն հնչեցրել էր արտգործնախարար Իվանովըՙ քննադատելով ամերիկացիներին: Կոսովոյի հարցի քննարկումն էլ ցույց տվեց, թե Պուտինի Ռուսաստանը առանձնահատուկ վերաբերմունք ունի խնդրի հանդեպ: Մոսկվան Ամերիկային չի վստահում, ՆԱՏՕ-ին նույնպես, իսկ ամերիկացիների համար նկատելի է, որ նեոիմպերիալ Ռուսաստանը Արեւմուտքից եւ նրա արժեքներից հեռացել է:
Մյունխենի կոնֆերանսը ցույց տվեց, որ աշխարհն ավելի անվտանգ չի դարձել, գրում է գերմանական օրաթերթը:
Կիրակիՙ կոնֆերանսի ավարտին Հայաստանի արտգործնախարարը Մյունխենից մեկնեց Քյոլնՙ հանդիպելու գերմանահայ համայնքի անդամներին: Թեպետ սուղ ժամանակացույցին (նույն օրը վերադառնալու էր Երեւան) պատասխանեց մեր մի քանի հարցին:
- Մյունխենի կոնֆերանսում անհանգստություն կար, թե սառը պատերազմին վերադարձ կարող է լինել: Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականությունն ի զորո՞ւ է դիմագրավել այսպիսի մարտահրավերի:
- Հակառակ հնչած տարբեր ելույթներին եւ կարծեք թե տեղ-տեղ իրար կծելու տրամադրություններին, համենայն դեպս բոլոր կողմերն էլՙ թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ Նահանգները շեշտում էին, որ սառը պատերազմն ավարտվել է, իրավիճակը փոխվել է: Թերեւս այսօր նոր տեսակի մրցակցություն կա, բայց իր բնույթով, որակով, խորությամբ տարբերվում է սառը պատերազմի մրցակցությունից, որը շատ ավելի քաղաքական էր, գաղափարական էր, վտանգներ էր պարունակում: Այսօր կա մրցակցություն, յուրաքանչյուրն իր տեղն ու դերը վերահաստատելու առումով, բայց դա գաղափարական չէ, հետեւանքները սրման դեպքում չեն կարող նույնը լինել, ինչ որ սառը պատերազմի ժամանակ կարող էր լինել: Այս մթնոլորտում համենայն դեպս, ես կարծում եմ, որ մեզ համար թերեւս կոմպլեմենտար քաղաքականությունը աշխատող քաղաքականություն է, հակառակ հռետորիկայի սրացմանը: Ելնելով հենց այն հիմնավորումներից, որ տվեցի, կարծում եմ, որ արդյունավետորեն կկարողանանք շարունակել իրականացնել կոմպլեմենտար քաղաքականությունը:
- Պարոն նախարար, հնարավո՞ր է, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի- Բաքու գծին ի հակակշիռ ստեղծվի Հայաստան-Իրան այլընտրանքային երկաթգիծ:
- Դրա մասին միշտ էլ խոսվել է: Ես կարծում եմ, նման ծրագրեր իրականացնելու համար միայն քաղաքական որոշումը բավարար չէ, տնտեսական հիմնավորումներ են պետք: Համենայն դեպս օրակարգում դա նախկինում եղել է: Բավական թանկ է, բարդՙ իրականացնելը, բայց երբեք չի կարելի բացառել:
- Մյունխենի կոնֆերանսին ի թիվս այլ հետաքրքրական հարցերի լրագրողների ուշադրությունն էր գրավել սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Ռայնլանդ-Պֆալց երկրամասի վարչապետ Կուրտ Բեքիՙ արտաքին քաղաքական դաշտում ներկայությունըՙ ակնարկելով, թե նա է կանցլերության հաջորդ թեկնածուն: Կարելի՞ է ասել, թե Դուք էլ ՀՀ նախագահության հաջորդ թեկնածուն եք:
- Ոչ, չի կարելի ասել:
- Շատերն ասում են, թե Դուք ապագայում մի կուսակցության եք անդամակցելու եւ հավանական են համարում ՀՅԴ-ն: Հնարավո՞ր է այդպիսի բան:
- Ոչ, այդ ինֆորմացիան ճիշտ չէ:
- Իսկ ուրիշ կուսակցությա՞ն:
- Ես միշտ նույն պատասխանը պիտի տամ, որովհետեւ իսկապես այդպես է. իմ քաղաքական անելիքները խորհրդարանական ընտրություններից հետոՙ չեմ որոշել:
- Բայց չեք բացառում նախագահական ընտրություններին Ձեր մասնակցությունը:
- Ոչ հաստատում եմ, ոչ բացառում, որովհետեւ չեմ որոշել:
- Բացի Վրաստանի Ձեր պաշտոնակցի հետ հանդիպումից, Մյունխենում ուրիշներ եղա՞ն:
- Այո, Մակեդոնիայի արտգործնախարարի հետ եմ հանդիպել,Գերմանիայի պետքարտուղարի հետ, հիմնականում դրանք են եղել, բայց կուլիսայինՙ ավելի փոքր հանդիպումներ նույնպես եղել են:
- «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն» հունվարի 27-ի համարում գրել էր, թե Դինքի թաղմանը մասնակցելու նպատակով «Հայաստանից եկած պատվիրակությանը հենց օդանավակայանում դիմավորեց Թուրքիայի վարչապետի արտաքին հարցերով խորհրդատու Դավութօղլուն: Կիրակոսյանին խոստացել էին, որ կհանդիպի արտգործնախարար Գյուլին: Բայց նա միայն Դավիթօղլուին հանդիպեց, ում փոխանցեց իր երկրի կառավարության նամակըՙ երկու երկրների հարաբերությունները նորմալացնելու առաջարկով»: Հայաստանի կողմից այդպիսի նամակ կա՞ր:
- Այդպիսի նամակ չի եղել, բայց մեր քաղաքականությունն այդ հարցով հստակ է, հրապարակային: Միշտ էլ ասել ենք, որ գտնում ենք, որ այս վիճակը բնականոն վիճակ չէ, Թուրքիան պիտի բացի սահմանը, նորմալ հարաբերություններ լինեն երկու երկրների միջեւ, եւ դրանից հետո հնարավոր է միջկառավարական ճանապարհով ցանկացած խնդրի անդրադառնալ եւ փորձել լուծումներ գտնել: