«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2007-02-09 | #25, 2007-02-10 | #26, 2007-02-13


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ «ՀԱՏՈՒԿ ԲՅՈՒՐՈ» ԽՈՒՄԲՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ

Օրերս խմբագրություն է հասել թուրքական ինտերնետային «Հատուկ բյուրո» խմբի հաղորդագրությունը, որտեղ «Ի՞նչ է Հատուկ բյուրոն, ինչպիսի՞ գործունեություն է ծավալում» վերնագրով նշվում է, որ խումբն ստեղծվել է Թուրքիայի Հանրապետության, նրա պետական կառույցների, սահմանադրության, տարածքային ամբողջականության եւ աշխարհիկ կարգերի դեմ ստեղծված բոլոր տեսակի մութ դաշինքները բացահայտելու, վերահսկելու եւ դրանց վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու, ինչպես նաեւ արդյունքների մասին ինտերնետային համապատասխան խմբերին իրազեկելու գլխավոր նպատակով:

«Հատուկ բյուրոն», ըստ հաղորդագրության, կազմվել է քեմալականներից եւ քեմալական ազգայնականներից: Բյուրոյի բուն առաջադրանքը «PKK-ի գլխավորությամբ ահաբեկչական բոլոր կազմակերպությունների եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործող եւ ի նպաստ հայերի լոբբիստական գործունեություն ծավալողների դեմ պայքարելն է»:

Ինտերնետային «Հատուկ բյուրո» խումբը բաժանված է հետախուզության, նախագծային, տարաբաշխման եւ հակերների ենթախմբերի: Ըստ հաղորդագրության, տարաբաշխման ենթախմբերում, որոնք կոչվում են կոմիտեներ, ընդգրկված է 6214 մարդ, որոնց գլխավոր նպատակը «այսպես կոչված Հայոց ցեղասպանության վերաբերյալ 6 լեզուներով պատրաստված անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, եբրայերեն եւ արաբերեն տեքստերն ինտերնետի միջոցով» տարածելն է, ինչպես նաեւ ուշի-ուշով հետեւելը հայկական լոբբիի գործունեությանն ու այդ մասին զեկուցելը համապատասխան կառույցներին:

Ինչ վերաբերում է հակերների ենթախմբին, ապա դա առաջնորդվում է հետախուզության ենթախմբից ստացած տվյալների վրա, ինչպես PKK-ի, այնպես էլ հայկական լոբբիների կայքէջերը ջարդելու, դրանցում գտնվող ինտերնետային նամակների բովանդակությունն անվտանգության ենթախմբին փոխանցելու առաջադրանքով:

Այս ենթախմբում գործում է առայժմ 100 հակեր, իսկ «Հատուկ բյուրոն» մտադրվել է Թուրքիայի ազգայնական բոլոր հակերներին միավորել «Հակերների թուրքական թիմի» հովանու ներքո:

«Հատուկ բյուրոյի» կայքէջն էՙ http://groups.yahoo.com/group/digi-security-turkiye/

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4