«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2007-02-09 | #25, 2007-02-10 | #26, 2007-02-13


ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԵՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ ՄԾԲԻՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՔԱՐԱՆՁԱՎՈՒՄ

Աշխատանքներին Թուրքական պատմական ընկերության նախաձեռնությամբ կմասնակցեն նաեւ շվեդները

2006 թ. հոկտեմբերի 17-ին Մարդին նահանգի Մծբին (Նուսայբին) գավառի գյուղերից մեկում բնակիչները հայտնաբերել էին ընդհանուր գերեզմանի վերածված մի քարանձավ: Հաջորդ օրը քարանձավի հայտնաբերմանը արձագանքել էր «Տիգրիս» լրատվական գործակալությունը, իսկ հոկտեմբերի 19-ին «Օզգյուր գյունդեմ» թերթը` համապատասխան լուսանկարներով:

Այնուհետեւ այս թերթի հաջորդ համարներում հրապարակվել էր Շվեդիայի Շյոդեռտյուռնս համալսարանի պրոֆ., ցեղասպանագետ Դավիդ Գունտի կարծիքը, ըստ որի, քարանձավում հայտնաբերված 40 կմախքները, ինչպես գյուղացիներն էին ենթադրում, պատկանում են 1915 թվին տեղահանության ճանապարհին սպանված հայերին եւ ասորիներին: Ավելին, պրոֆ. Գունտը հիմք ընդունելով այն, որ գյուղի մոտակայքում սպանվել էին 150 հայ եւ 120 ասորի, միանգամայն հնարավոր էր համարել շրջապատում ընդհանուր գերեզմանի վերածված այլ քարանձավների հայտնաբերումը:

Թեեւ Մարդինի անվտանգության ծառայությունները քարանձավի հայտնաբերումից հետո իսկույն գյուղ էին շտապել, փակելով դա, գյուղացիներին պատվիրել էին ոչ ոքի ցույց չտալ դրա գտնվելու վայրը, միաժամանակ արգելել էին ելումուտը տվյալ գյուղ, այնուամենայնիվ Թուրքական պատմական ընկերությունը դեկտեմբերի 14-ին, առանց որեւէ հիմնավորման, հայտարարել էր, թե քարանձավում հայտնաբերված ընդհանուր գերեզմանը բյուզանդական կամ հռոմեական շրջանից է մնացել:

Սակայն շվեդ պրոֆեսորը հետեւողական էր գտնվել: Նա ոչ միայն պնդել էր իր կարծիքը, այլ Մծբինում հայտնաբերված ընդհանուր գերեզմանի հարցը փոխադրել էր Շվեդիայի խորհրդարանի օրակարգ: Դա ստիպել է Թուրքական պատմական ընկերությանը հետքայլ կատարել, որ ընկերությունը, ի դեմս նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի, խնդրո առարկա ընդհանուր գերեզմանի բացումը համատեղ կատարելու առաջարկով դիմի պրոֆ. Գունտին:

«Հյուրիեթը» երեկվա համարում հրապարակել է դիմումի առնչությամբ Հալաչօղլուի պարզաբանումները, որոնցում նա ասում է. «Պրոֆ. Դավիդ Գունտն ասաց, որ գոհունակությամբ է ընդունում Մարդինի Մծբին գավառում գտնվող ընդհանուր գերեզմանի բացման հարցում համագործակցության մեր առաջարկը: Պարզապես նա որոշ նախապայմաններ է առաջադրում, պահանջելով լիարժեք ազատությունը պեղումների ընթացքում եւ ընդհանուր գերեզմանի վերաբերյալ գյուղացիների հետ մտքերի փոխանակության հնարավորություն: Նա միաժամանակ պահանջում է անարգել ելումուտ քարանձավ եւ շրջապատի մյուս քարանձավներն ուսումնասիրելու հնարավորություն: Բնականաբար մենք ընդունել ենք առաջադրված բոլոր պահանջները եւ տեղեկացրել, որ պեղումները նպատակահարմար է սկսել մարտի վերջերին: Սպասում ենք պրոֆ. Գունտի պատասխանին»:

Հալաչօղլուն նշել է նաեւ, որ պեղումներին կարող են մասնակցել, Հայաստանը ներառյալ, այլ երկրների մասնագետներ եւ անդրադառնալով Հրանտ Դինքի սպանությանը, եզրակացրել է. «Ով ինչ նպատակով էլ որ սպանած լինի Հրանտ Դինքին, ամենամեծ վնասը պատճառել է Թուրքիային: Պատրաստվում էի դասախոսության համար հանգուցյալին հրավիրել Թուրքական պատմական ընկերություն: Նրա մահը լուրջ կորուստ է Թուրքիայի համար»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4