«Թեւերը քշտած» ընդդիմությունը պայքարելու է իր ձայների համար
«Եթե մինչ այս Հայաստանին ներվել է ընտրությունների կեղծումը` որպես անցումային, հետխորհրդային երկրի, ապա այս մայիսի 12-ին կայանալիք ընտրությունների կեղծումը չի ներվի: Դա իհարկե լուրջ պատերազմի չի բերի, բայց կկասեցվեն Հայաստանին տրամադրվող օգնությունները, կփոխվի վերաբերմունքը, մի խոսքով ընտրությունների կեղծումը շատ ծանր հետեւանքներ կունենա Հայաստանի համար` ներառյալ Ղարաբաղի հիմնահարցը», երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր, Ազգային ժողովրդավարական դաշինք (ԱԺԴ) կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը:
Արշակ Սադոյանը վստահ է, որ ամեն բան արվել է այս նախընտրական շրջանում ընտրությունների արդյունքները կանխորոշելու համար` սկսած ընտրական օրենսգրքի «ընձեռած հնարավորություններից» մինչեւ հեռուստաեթերի 1 րոպեի համար 80 հազար դրամ եւ ավելի արժեք սահմանելու հեռուստաընկերությունների որոշումը, որը փաստորեն իրենց կանգնեցնում է փաստի առաջ: Նա համակարծիք է իր գործընկերոջ` Վազգեն Մանուկյանի հետ, թե առաջիկա ընտրությունները կեղծվելու են` հատկապես ընդդիմության փոշիացման պայմաններում, բայց «հակառակն էլ է տեղի ունենում. ընդդիմությունը չի փոշիանում, եւ յուրաքանչյուրը` թեւերը քշտած, պայքարելու է իր ձայների համար»: ԱԺԴ կուսակցության ղեկավարը հայտնեց, որ չնայած ստեղծված պայմաններին` իրենք պայքարելու են ընտրությունների արդար անցկացման համար եւ արդեն դիմել են բոլոր քաղաքական ուժերին եւ հանրությանը` միավորվելու եւ զանգվածաբար վերահսկելու ընտրությունների անցկացումը:
Ինչ վերաբերում է ընդդիմության միասնությանը, ապա Սադոյանը վստահ է, որ գործնականում որոշ ուժերի պարագայում դա ոչ միայն անհնար է, այլեւ` նպատակահարմար չէ. «Բոլորովին իմաստ չունի եւ նպատակահարմար էլ չէ, որ ընդդիմությունը գնա մեկ միասնական գաղափարախոսությամբ, ավելի նպատակահարմար է, որ առանձին խմբերով գնան ընտրությունների, բայց համատեղ պայքարեն ընտրությունների կեղծմանը խանգարելու համար»: Սադոյանի խոսքով, չի բացառվում, որ ԱԺԴ-ն ընտրություններին համամասնականով մասնակցի Մանուկ Գասպարյանի կուսակցության հետ կամ դաշինքով: Իսկ մեծամասնականի հարցը դեռ պարզ չէ. «Պետք է փոխհամաձայնեցնել, որ հնարավորինս նույն տեղամասում իրար դեմ չընկնենք ու որքան հնարավոր է լայն ճանաչում ստացած գործիչներ լինեն տեղամասերում»:
ԱԺ պատգամավորը հայտնեց, որ դիմելու են միջազգային կառույցներին, օտարերկրյա դիվանագետներին եւ դեսպաններին, որ նրանք օգնեն իրենց` հեռուստաեթերով ներկայանալու հնարավորություն ստանալու համար, այսինքն` քարոզչության համար որեւէ հեռուստատեսությամբ օրական մեկ ժամ արտահայտվելու հնարավորություն ընձեռվի` «Ժողովրդավարական ժամ» պայմանական անվամբ:
«Ինչպիսի՞ն եք պատկերացնում նոր խորհրդարանի կազմը» հարցին Սադոյանը պատասխանեց. «Այսինքնՙ հարցնում եք, թե ինչ նկար է պատրաստվում ԱԺ-ում, այդ մասին Ռոբերտ Քոչարյանը պարզ ասել է իր հայտնի ելույթում»: Հիշեցնենք, որ անցյալ տարվա ավարտին նախագահ Քոչարյանը հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ապագա խորհրդարանի կազմում ընդգրկել էր Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», Դաշնակցության եւ ՄԱԿ կուսակցություններին: Սադոյանը սրտնեղելով, որ ընդդիմության մասին նախագահը որեւէ բառ չի ասել, նշեց. «Ոնց կարելի է առանց լուրջ սոցիոլոգիական հարցումների, առանց լուրջ ուսումնասիրության նախագահը հայտարարի, թե ինքն ինչ նկար է ուզում տեսնել, դա ուղղակի ճնշում է»: Հետո էլ ավելացրեց, որ նախագահի համար ցանկալի նկարը չի ստեղծվի, եթե առնվազն 10 հազար վստահված անձինք տեղերում վերահսկողություն ծավալեն: Իսկ եթե ամեն դեպքում «նկարչիստները» պնդեն իրենց արդյունքների մասին, ապա, Սադոյանը վստահ է, որ դրա դեմ պայքարը կբերի թավշյա հեղափոխության:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ