«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2007-02-09 | #25, 2007-02-10 | #26, 2007-02-13


ԻՆՉՊԻՍԻՆ ԷԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2006 Թ.-ԻՆ

Դրանք շարունակել են աճել եւ այդ միտումը շարունակություն կունենա

Հայաստանի անշարժ գույքի շուկան ունի «զարգացման եւ գների աճման միտումներ»: Սա անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հիմնական եզրակացությունն ու ազդակն էՙ հիմնված 2006 թ.-ին այստեղ արձանագրված ցուցանիշների վրա: Ըստ կոմիտեի վերլուծության, դրան նպաստող հիմնական գործոններից են սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակի որոշակի կայունացումը, քաղաքաշինական ծրագրերի իրականացման ներկա մակարդակը, գործարքների իրականացման ծառայությունների ժամկետների կրճատումն ու վարձավճարների իջեցումը:

Գործարքների մեջ գերակշռում են օտարման գործարքները, իսկ օտարման գործարքների (ավելի քան 51 հազար) մեջ` առուվաճառքինը (գրեթե 88 տոկոսը): Օտարման գործարքների քանակն ավելացել է 20 տոկոսով:

Բնակարաններ

2006 թ.-ին Երեւանում արձանագրվել է 16277 առուվաճառքի գործարք, որի 64 տոկոսըՙ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2005 թ.-ի համեմատ գործարքների քանակն աճել է մոտ 14 տոկոսով, իսկ 1 քմ շինության շուկայական միջին գինըՙ 29 տոկոսով:

Անցյալ տարի Կենտրոն համայնքում բնակարանների 1 քմ տարեկան նվազագույն գինը կազմել է 179 հազար դրամ, առավելագույնըՙ 1 մլն 80 հազար դրամ: Միջին գինը կազմել է 377 հազար դրամ (մոտ 1100 դոլար): Համեմատության համար նշենք, որ 2005 թ.-ին այդ գինը կազմել էր 289 հազար դրամ: Արաբկիրում բնակարանների 1 քմ նվազագույն եւ առավելագույն գները տատանվել են 114 հազար դրամի եւ 895 հազար դրամի միջեւ, իսկ միջին գինը եղել է 298 հազար դրամը:

Մյուս համայնքներից ամենաբարձր գներն արձանագրվել են Քանաքեռ-Զեյթունումՙ նվազագույնը 111 հազար դրամ, առավելագույնըՙ 454 հազար, միջինըՙ 186 հազար դրամ: Սակայն միջին գների առումով Դավիթաշենի բնակարաններն առավել բարձր են եղելՙ 1 քմ-ն 189 հազար դրամ: Իսկ առավելագույն եւ նվազագույն գներն այստեղ համապատասխանաբար կազմել են 118 հազար դրամ եւ 284 հազար դրամ: Շենգավիթում բնակարանի 1 քմ միջին գինն անցյալ տարվա արդյունքներով կազմել է 182 հազար դրամ, նվազագույնըՙ 105 հազար դրամ եւ առավելագույնըՙ 400 հազար դրամ գների պարագայում: Նոր Նորքում եւ Աջափնյակում բնակարանների 1 քմ միջին գինը եղել է 171 հազար դրամի սահմաններում, թեեւ Աջափնյակում առավելագույնը կազմել է 450 հազար դրամ: Մալաթիա-Սեբաստիայում միջին գին է արձանագրվել 166 հազար դրամը, Ավանումՙ 156 հազար դրամը, Էրեբունիումՙ 155 հազար դրամը: Մայրաքաղաքում բնակարանների ամենացածր գներն արձանագրվել են Նուբարաշեն համայնքումՙ 1 քմ-ի միջին գինըՙ 108 հազար դրամ: Թեեւ հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատ այստեղ եւս զգալի աճ է արձանագրվել: 1 քմ միջին գինն այս համայնքում 2005 թ.-ին կազմել էր 69 հազար դրամ:

Մարզերում նույնպես աճել են եւ բնակարանների առուվաճառքի քանակը (11 տոկոսով) եւ հատկապես շուկայական միջին գինը (ավելի քան 43 տոկոսով): Մարզերում 2006 թ.-ին վաճառվել են 5637 բնակարաններ: Ինչպես կարելի էր ենթադրել, Երեւանից հետո ամենապահանջվածը Կոտայքի մարզի քաղաքների բնակարաններն են: Աբովյանում բազմաբնակարան շենքի բնակարանի 1 քմ-ի միջին գինը կազմել է 98 հազար դրամ, նվազագույնըՙ 55 հազար դրամ եւ առավելագույնըՙ 207 հազար դրամ, Ծաղկաձորում միջին գինըՙ 72 հազար դրամ, նվազագույնըՙ 68 հազար դրամ եւ առավելագույնըՙ 198 հազար դրամ եւ Նոր Հաճընում առավելագուն գինըՙ 150 հազար դրամ:

Վաղարշապատում (Էջմիածնում) 2006 թ.-ին արձանագրված միջին գինը բնակարանի 1 քմ-ի համար կազմել է 86 հազար դրամ, նվազագույնըՙ 71 հազար դրամ եւ առավելագույնըՙ 200 հազար դրամ, Արմավիրում միջին գինըՙ 57 հազար դրամ, նվազագույնըՙ 38 հազար դրամ եւ առավելագույնըՙ 172 հազար դրամ: Վանաձորում առավելագույն գին է արձանագրվել 202 հազար դրամը, սակայն միջին գինն ավելի ցածր է եղելՙ 50 հազար դրամ: Ջերմուկը նույնպես Հայաստանի ամենաթանկ քաղաքներից է: Այստեղ բնակարանի 1 քմ միջին գինը կազմել է 65 հազար դրամ, նվազագույնը 43 հազար դրամ եւ առավելագույնըՙ 214 հազար դրամ:

Ամենաէժան բնակարանները վաճառվել են Լոռու մարզի Շամլուղ, Թումանյան, Ախթալա բնակավայրերում, որտեղ 1 քմ շինության միջին գները կազմել են համապատասխանաբար 2800 դրամ, 5300 դրամ, 10500 դրամ, ինչպես նաեւ Սյունիքի մարզի Դաստակերտ ավանումՙ 6500 դրամ:

Անհատական տներ

Անհատական բնակելի տների գործարքների քանակը մայրաքաղաքում նվազել է 3,2 տոկոսով, բայց 1 քմ-ի (200 քմ շինություն եւ 1000 քմ տնամերձ միջին մակերես) շուկայական միջին գներն աճել գրեթե 25 տոկոսով: Կենտրոն համայնքում անհատական տների 1 քմ-ի միջին գինը 2006 թ.-ին կազմել է 385 հազար դրամ, իսկ առավելագույնըՙ 900 հազար դրամ: Արաբկիրում 303 հազար դրամ միջին գինն է եղել, առավելագույնըՙ 550 հազար դրամ: Այնուհետեւ գալիս են Դավիթաշենըՙ 191 հազար դրամ միջին գնով, Քանաքեռ-Զեյթունն ու Նորք-Մարաշըՙ 188 հազար դրամ, Շենգավիթըՙ 184 հազար դրամ: Սակայն առավելագույն գների առումով Նորք-Մարաշի տներն ավելի թանկ ենՙ 1 քմ-ն 450 հազար դրամ, քան Դավիթաշենինըՙ 405 հազար դրամ: Մալաթիա-Սեբաստիայում եւս անհատական տների առավելագույն գինը 1 քմ-ի համար կազմում է 405 հազար դրամ, իսկ միջին գինըՙ 169 հազար դրամ: Աջափնյակում միջին գինը կազմել է 174 հազար դրամ, Ավանում եւ Էրեբունիումՙ 158 հազար դրամ:

Մարզերում գործարքների քանակն ավելացել է 7,8 տոկոսով, իսկ գներըՙ 38,5 տոկոսով: Առաջատարը դարձյալ Աբովյանն է, որտեղ անհատական տների շինության եւ տնամերձի 1 քմ մակերեսի միջին գինը կազմել է գրեթե 100 հազար դրամ, ապա գալիս է Վաղարշապատըՙ 87 հազար դրամ, այնուհետեւ Ծաղկաձորըՙ 74 հազար դրամ: Նրանց հաջորդում են Նոր Հաճընը, Աշտարակը, Արտաշատը, Մասիսը, Վանաձորը, Գյումրին: Ամենաէժան տները դարձյալ Շամլուղում են, Թումանյանում, Ախթալայում, Դաստակերտում:

Վերեւում հիշատակած ցուցանիշներին անդրադառնալիս արժե ընդգծել այն կարեւոր հանգամանքը, որ մարզերում անշարժ գույքի գների աճն ավելի բարձր տեմպեր է արձանագրում, քան Երեւանում: Դա նշանակում է, որ անշարժ գույքի շուկան, բացի Երեւանից, սկսել է աշխուժանալ նաեւ մարզերում: Նկատի ունենալով Երեւանում ռեսուրսների եւ տնտեսական հզորությունների գերկուտակումը, այս երեւույթը չի կարող չուրախացնել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4