«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2007-02-09 | #25, 2007-02-10 | #26, 2007-02-13


ԲԵՌՆԱԹԱՓԵԼ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆԸ` ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

Տրանսպորտային դժոխքը քավարանի վերափոխելով

Այս տարի կմեկնարկեն մայրաքաղաքի տրանսպորտային հանգույցների վերակառուցման, մայրուղիների ու փողոցների լրացման ու արդիականացման, ստորգետնյա անցումների կառուցման աշխատանքները: Արդեն պատրաստ է 2007-11 թվականների ծրագիրը ոլորտի անելիքների վերաբերյալ: Նպատակը Երեւանի կենտրոնը շրջանցող տրանսպորտային ցանցի ստեղծման, կենտրոնի բոլոր հանգույցներով առանց կանգառների տեղաշարժի եւ հետիոտնի անվտանգ անցումների ապահովումն է փողոցների մի հատվածից մյուսը:

Առաջինը կկառուցվի Խանջյան-Տիգրան Մեծ փողոցների («Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ») հանգույցը: Ըստ նախագծի, Խանջյան փողոցի հատվածը կլինի ստորգետնյա, կմտնի պողոտայի ներքին հատվածը, եւ այսպիսով կստացվի երկմակարդակ տրանսպորտային շարժում:

Խնդիրը չափազանց հրատապ է, եթե նկատի ենք առնում այն կրիտիկական վիճակը, որ առաջացել է փոխադրամիջոցներով գերհագեցած Երեւանի կենտրոնում: Եթե նաեւ հաշվի ենք առնում, որ ամեն տարի Երեւան է ներկրվում 17 հազարից ավելի մեքենա, պարզ է դառնում, որ նման ծրագրի իրականացումը շատ ավելի վաղ պիտի լիներ:

Հերացու եւ Խանջյան փողոցների միջեւ կապ ապահովվելու է Գետառի հունի օգտագործման ճանապարհով: Դա նախատեսվում է իրականացնել Սայաթ-Նովա փողոցով, Թեքեյան կենտրոնի հատվածով մուտք բացելով դեպի Գետառի հունը, հետո շարունակելով Շախմատի տան մոտով, «Արարատ» թենիսի կորտերի երկարությամբ, Հայպետնախագիծ ինստիտուտի, ճոպանուղու հատվածով միանալով Հերացի փողոցին եւ երկու հակադարձ ուղղություններով ապահովելով առանց խաչմերուկների երթեւեկ: Այս տարի կիրականացվի միայն Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան-տնտեսագիտական համալսարան հատվածը, Հերացուն կհասնեն միայն 2008 թվականին:

Տրանսպորտային այս հատվածի մի քանի տարի շահագործումից հետո միայն կորոշվի, անհրաժե՞շտ է վերգետնյա տարբեր մակարդակներով երթուղային ցանց այս օղակում, թե ոչ: Ընդհանրապես, Կորյուն-Նալբանդյան-Չարենց-Հերացի հատվածը համարվում է քաղաքի ամենաբարդ տրանսպորտային հանգույցը:

Երեկ քաղաքաշինական խորհրդի նիստում քննարկվել է Խանջյան-Վարդանանց-Գլխավոր պողոտա-Խանջյան հատվածների համար հետիոտն անցումների կառուցման նախագիծը: Սա մարդկային հոսքերով ամենածանրաբեռնված հատվածներից է:

Ստորգետնյա անցումներ կկառուցվեն Նալբանդյան-Ալեք Մանուկյան-Իսահակյան հանգույցում (սա տնտեսագիտական համալսարան, օղակաձեւ զբոսայգի հատվածն է), այստեղ երթեւեկի փոփոխություն չի լինի եւ խաչմերուկները կպահպանվեն նաեւ Իսակովի պողոտայում, կենդանաբանական այգու մոտ:

Այս տարի մինչեւ մարտ ամիս կիրականացվի նաեւ Կենտրոն համայնքի գոտեւորման նախագիծը, որ քաղաքաշինական կարեւորագույն փաստաթուղթ լինելու հավակնություն ունի այն առումով, որ սահմանում է կառուցապատումների հնարավոր ձեւերի եւ տեղերի, բոլոր կարգի սահմանափակումների, կանաչապատումների վերաբերյալ չափորոշիչները: Բերնեբերան կառուցապատված ու ծառազրկված կենտրոնում նման պարտադրանք շատ ավելի վաղ պիտի իրականացվեր: Ինչեւէ, գոտեւորման նմանօրինակ նախագծեր մինչեւ 2009 թվականը կստեղծվեն քաղաքի բոլոր համայնքների համար:

Նորից կգույքագրվեն քաղաքի կանաչ տարածքները, թեեւ ակնհայտ է, որ դրանք մի քանի անգամ պակաս են ամեն մեկիս բաժին ընկնելիք նորմաներից: Մեկ շնչի համար սահմանված կանաչապատման նորմատիվ ցուցանիշներն ապահովելու համար վերակառուցելու է քաղաքի ջերմատնային տնտեսությունը:

Նոր թաղամաս «Մարս» գործարանի մոտ

Այս տարի «Մարս» գործարանի հարակից հատվածում` 250 հա-ի համար գոտեւորման նոր նախագիծ կմշակվի: Այստեղ նախատեսվում է հիմնել նոր թաղամաս` քաղաքաշինական բոլոր ենթակառուցվածքներով: Նախագիծը կընտրվի մրցութային տարբերակով: Ընդհանրապես այս տարվա արդեն պատրաստ նախագծային աշխատանքների համար նախատեսված է 1 մլրդ 117 մլն դրամ, եւս 500 մլն դրամ նախատեսվում է:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4