«Ռենեսանս կապիտալ» ռուսաստանյան ներդրումային խմբի իրականացրած «Տնտեսական իրավիճակը նախկին ԽՍՀՄ երկրներում» վարկանիշային ուսումնասիրության մեջ, 2000-2006 թթ. ընթացքում որպես համախառն ներքին արդյունքի ամենամեծ աճ արձանագրած երկիր նշվում է Թուրքմենստանը: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են Ադրբեջանն ու Հայաստանը: Վկայակոչելով ներդրումային խմբին, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:
Հաջորդը տնտեսական աճի ազդեցությունն է բնակչության գնողունակության վրա: Այս առումով առաջին երեք տեղերը զբաղեցնում են մերձբալթյան երեք երկրներըՙ Էստոնիան, Լատվիան, Լիտվան: Ռուսաստանն ու Ղազախստանը զբաղեցնում են համապատասխանաբար 4-րդ եւ 5-րդ տեղերը, իսկ ամենամեծ տնտեսական աճ արձանագրած Թուրքմենստանն այս ցուցանիշով միայն 6-րդն է: Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը զբաղեցնում են 9-րդ 10-րդ եւ 11-րդ տեղերը: Փաստորեն, չնայած վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանը երրորդ ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երկիրն է, բայց այդ աճի ազդեցությամբ բնակչության լայն խավերի վրաՙ ընդամենը 10-րդն է:
Վերոնշյալ փաստն առավել ակնառու է երեւում բնակչության սոցիալական անհավասարության ցուցանիշի վերաբերյալ զբաղեցրած տեղով: Մեր երկիրն այստեղ վերջինՙ 15-րդ տեղում է: Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանն այստեղ 11-րդն է, իսկ Վրաստանըՙ 13-րդը: Ամենաքիչ սոցիալական բեւեռացվածություն ունեցող երկրների առաջին եռյակում Ուզբեկստանը, Բելառուսն ու Լատվիան են:
Աղքատության ամենացածր ցուցանիշ ունեցող երկիրը Էստոնիան է, Ղազախստանն ու Բելառուսը: Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը դարձյալ հետեւում են մեկը մյուսինՙ զբաղեցնելով 10-րդ 11-րդ եւ 12-րդ տեղերը:
Ամենացածր գնաճը նախկին ԽՍՀՄ երկրներից ունեն Լիտվան, Էստոնիան եւ Ղրղըզստանը: Հայաստանը հաջորդում է այս երկրներին, գտնվելով 4-րդ տեղում: Ադրբեջանը 6-րդն է, Վրաստանըՙ 7-րդը:
Ուղղակի եւ պորտֆելային ներդրումների գծով առաջատարն Ադրբեջանն է, այնուհետեւ Էստոնիան եւ Հայաստանը: Այնուհետեւ գալիս են Լատվիան եւ Ղազախստանը: Վրաստանը 8-րդն է: Վերջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը: Ռուսաստանի վերջին տեղն ու Հայաստանի ավելի բարձր դիրքը, քան Լատվիան եւ Ղազախստանն այստեղ թերեւս անհավանական են թվում: Այդուհանդերձ, նման եզրակացությունների են հանգել իրենց ուսումնասիրությունների մեջ «Ռենեսանս կապիտալի» մասնագետները:
Ա. Մ.