Աթենքում (Հունաստան) ծնված կանադահայ գրող Արա Բալիոզյանի «Սարսափելի լռությունը» հատորը Արա Հակոբյանի եւ Տիգրան Զաքոյանի ռուսերեն թարգմանությամբ լույս է տեսել Մոսկվայում, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը: Գիրքն ինքնակենսագրական նովել է հեղինակի հանդիպումների, հիշողությունների, Հունաստանում, Իտալիայում եւ Կանադայում նրա փորձառությունների մասին: Նաեւ ընդգրկում է խիստ հետաքրքրական, համեմատական ուսումնասիրություն երկու հատորներիՙ Բիլի եւ Բեյսիլի կյանքի եւ ձեռքբերումների մասին: Բիլը անշուշտ Վիլյամ Սարոյանն է, իսկ Բեյսիլըՙ Բյուզանդիայի ամենահզոր կայսերական դինաստիայի հիմնադիրը:
Բալիոզյանն իր բարձրագույն կրթությունը ստացել է Վենետիկի Մուրատ Ռաֆայելյան վարժարանում: Գրում է հիմնականում անգլերեն: Նրա գործերը թարգմանված են ֆրանսերենի, գերմաներենի, հունարենի, իսպաներենի եւ հայերենի: Աշխատակցում է սփյուռքի մի շարք թերթերին: Արժանացել է զանազան գրական մրցանակների: Նրա գրչին են պատկանում «Հույն բանաստեղծուհին եւ այլ գրություններ», «Մասնատված երազներ», «Հայերը սփյուռքում», «Հայերը: Պատմություն եւ մշակույթ» գրքերը: Հայերենից անգլերեն է թարգմանել Գրիգոր Զոհրապի, Զապել Եսայանի եւ Կոստան Զարյանի գործերը, որոնք «արժեքավոր» եւ «հրաշալի» ներդրումներ են համարվել միջազգային գրականության մեջ:
Վահան Ճանսըզյանի (հրատարակիչ-խմբագիր Լոս Անջելեսի «Նոր Հայաստան» օրաթերթի եւ Նազարեթ Ճանսըզյանի (իրավաբան Բեւերլի Հիլզում, Կալիֆոռնիա) թարգմանությամբ 1998 թ. Լոս Անջելեսում հրատարակվել է Արա Բալիոզյանի «Պղատոնեն-Սարթրը: Մեծ մտքերը եւ մենք» հատորը, որի առաջաբանում հեղինակը գրում է. «Յաջորդող էջերուն մէջ հաւաքած եմ ափ մը գլխաւոր մտածողներ, որոնց մտքերը կրնան սրող լույս յղել մեր փորձառութեան ու նկարագրին վրայՙ որպես ազգ: Ես այսպէս ընելով, անոնք կրնան բարձրացնել մեր հասկացողութիւնը»: Բալիոզյանը եղել է եւ է անդադար պրպտող մի միտք: Մեր անցյալին եւ ներկային վերաբերող բազում հարցերի պատասխանը նա փորձել է գտնել ուսումնասիրելով համաշխարհային արժեք ներկայացնող տարբեր ազգությունների գիտնականների, փիլիսոփաների աշխատությունները:
«Անոնք, որոնք կը փնտռեն պարկեշտ, իրաւացի եւ հմուտ քննութիւն մը մեր հաւաքական տագնապներուն, անոնք այս գիրքին մէջ պիտի գտնեն շատ թանկագին գանձ մը», գրում է թարգմանիչներից Նազարեթ Ճանսըզյանը:
Իսկ մեր գրականության բարի հսկանՙ Վիլյամ Սարոյանը ժամանակին խոստովանել է. «Արա Բալիոզյանի գրածները մեծ հաճույքով եւ երախտագիտությամբ եմ կարդում»:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ