Միչիգանի Էն Արբոր համալսարանում ձմեռային կիսամյակը սկսվել է պատմության, քաղաքագիտության եւ հասարակագիտության ուսանողների համար եզակի անակնկալով, գրում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթն իր հունվարի 20-ի համարում:
Միջին Արեւելքի տարածաշրջանով հետաքրքրվող ուսանողներին առաջարկվել է «թուրք-հայկական հարաբերությունները 19-րդ դարից այս կողմ» վերնագրով երեք ամբիոնների մշակած համատեղ մի կուրս, որը վարելու են պրոֆեսորներ Ֆաթմա Մուգե Գյոչեկը (հասարակագիտության ամբիոնից) եւ Ժիրայր Լիպարիտյանը (պատմության ամբիոնից):
Նման կուրս առաջ էլ է դասավանդվել, բայց առանձին դասախոսների կողմից: Սա առաջին փորձն է համատեղ դասախոսություններ լսելու եւ ուսանողներին մեծապես ոգեւորել է այս մոտեցումը: Նախատեսվում է անցկացնել ընդհանուր առմամբ 25 դասախոսություն շաբաթական երկու 90-րոպեանոց դասաժամերով:
Գյոչեկը հեղինակ է «Բուրժուազիայի վերելքը, կայսրության անկումը: Օսմանյան արեւմտականացումն ու սոցիալական փոփոխությունները» (1996 թ., Օքսֆորդ համալսարանի հրատարակություն) հատորի, եւ ներկայում աշխատում է «Գաղտնազերծելով ժխտումը: Թուրքական պետությունն ու հայերի էթնիկական զտումը 1915 թվին» գրքի վրա:
Ժիրայր Լիպարիտյանի վերջին գիրքը կրում է «Արդի Հայաստան» խորագիրը: Նա եղել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականը:
Հ. Ծ.