Մ. Նահանգների «Հայաստան» հիմնադրամի տնօրենների վարչությունը Րաֆֆի Ֆստըկչյանին միաձայն ընտրել է հիմնադրամի նոր նախագահ, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը: Րաֆֆի Ֆստըկչյանը փոխարինելու է Գեւորգ Թորոյանին, որը վերջին չորս տարիներին նախագահում էր հիմնադրամը: «Ժամանակն էր փոխանցել գահը ավելի երիտասարդ մեկին, որը, համոզված եմ, հիմնադրամը կառաջնորդի դեպի նոր հորիզոններ», ասել է այս առթիվ պրն Թորոյանը, խոստանալով այսուհետ եւս իր նվիրվածությամբ օժանդակել կազմակերպության առաքելությանը:
Նախկինում Ֆստըկչյանը տնօրենների վարչության անդամ է եղել եւ «PCi Corporation»-ի հիմնադիրներից եւ ներկայումս նրա գործադիր տնօրենն է, պատասխանատուն` ընկերության մարտավարական ուղղությունների: Ավարտել է Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան վարժարանը, այնուհետեւ ամերիկյան համալսարանը (ճարտարագիտության բաժին) եւ գործարար-վարչարարության պատվավոր մագիստրոսի աստիճան ստացել Ջ. Քելոգի անվան կառավարման դպրոցից:
Հ. Ծ.