«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2007-02-09 | #25, 2007-02-10 | #26, 2007-02-13


ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԹԻՄԵՐԻ ՓՈՐՁԱՄՐՑՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ֆուտբոլային նոր մրցաշրջանի մեկնարկին մեկ ամիս է մնացել եւ բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը շարունակում են նախապատրաստությունը: Հագեցած մարզումներին զուգահեռ ակումբները ֆուտբոլիստների պատրաստվածության մակարդակը ստուգում են ստուգողական հանդիպումներում: Նախապատրաստական այս փուլում հատկապես լավ տպավորություն է թողնում Երեւանի «Արարատի» խաղը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թիմը վաղուց է սկսել նախապատրաստությունը, զգալի համալրում է ստացել եւ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ շատ լրջորեն է մոտենում ինչպես մարզումներին, այնպես էլ ստուգողական հանդիպումներին: Շաբաթ օրն Արարատի «Այգ» մարզաբազայի խաղադաշտում արարատցիները ստուգողական հերթական խաղն անցկացրին Աշտարակի «Միկայի» հետ: Նշենք, որ նախապատրաստական այս շրջանում թիմերն Արարատում մեկ անգամ արդեն հանդիպել էին: Այդ խաղում 1-0 հաշվով հաղթել էր «Արարատը»: Այս անգամ արարատցիների առավելությունն ավելի զգալի էր եւ նրանք հաղթեցին խոշորՙ 3-0 հաշվով: Արդյունավետ խաղով աչքի ընկավ «Արարատի» ռմբարկու Նշան Էրզրումյանըՙ խփելով 3 գնդակ: Այդ խաղը նախապատրաստական փուլում «Արարատի» արդեն 5-րդ հանդիպումն էր, որոնցից չորսում թիմը հաղթել է: Միակ ոչ-ոքին գրանցվել է «Փյունիկի» հետ խաղում (1-1): Հաջորդ հանդիպումը «Արարատը» կանցկացնի փետրվարի 17-ին «Գանձասարի» հետ: Վերջինս Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ նախապատրաստվում է Թուրքմենստանում կայանալիք «Թուրքմենբաշու գավաթի» խաղարկությանը, որտեղ ներկայացնելու է Հայաստանը: «Գանձասարը» համալրվել է մի խումբ փորձառու ֆուտբոլիստներով, որոնց թվում են նախկին արարատցիներ Էդգար Սաֆարյանը, Էդիկ Երիցյանը, Տիգրան Հովհաննիսյանը, «Միկայի» նախկին պաշտպան Վարդան Հովհաննիսյանը, Կարեն Զաքարյանը «Կիլիկիայից»: Վերջերս էլ «Գանձասար» է տեղափոխվել «Միկայի» դարպասապահ Ֆելիքս Հակոբյանը:

Երկրի չեմպիոն «Փյունիկն» այս տարի էլ ապավինել է սեփական կադրերին: Սակայն թիմում դարպասապահի խնդիր է ծագել, քանի որ Գեւորգ Կասպարովը պայմանագիր է կնքել Իրանի «Պաս» ակումբի հետ, որտեղ հանդես է գալիս նաեւ ՀՀ հավաքականի կիսապաշտպան Համլետ Մխիթարյանը: Այժմ թիմում փորձարկվում են մի քանի դարպասապահներ, որոնցից մեկը «Կրասնոդար-2000»-ի դարպասապահ Ստանիսլավ Մելանչենկոն է: Բարձրահասակ (189 սմ) այդ դարպասապահը ժամանակին հրավիրվել է ՌԴ պատանեկան հավաքականներ: «Արարատի» հետ խաղում նա իր նորամուտը նշեց «Փյունիկում»: Չեմպիոնը հաջորդ խաղում ուժերը չափեց «Երեւան Յունայթեդի» հետ եւ հաղթեց 3-0 հաշվով: Երեկ «Փյունիկն» ուսումնամարզական հավաքի մեկնեց Սոչի:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բանանցն» այս օրերին հավաք է անցկացնում Կիպրոսում: Թիմը ստուգողական երկրորդ խաղում ոչ-ոքի է խաղացել (0-0) հարավկորեական ակումբի հետ: «Բանանցի» հարձակվող Արամ Հակոբյանը, որ փորձաշրջան է անցնում ուկրաինական «Իլյիչեւեցում», արդեն մեկ տարվա պայմանագիր է կնքել թիմի հետ: Ինչ խոսք, նրա բացակայությունը մեծ կորուստ կլինի «Բանանցի» համար:

Երեւանի «Կիլիկիան», որը գրեթե լիովին հրաժարվել է փորձառու ֆուտբոլիստներից, թիմը համալրել պատանիներով, ուսումնամարզական հավաքի է մեկնել Ծաղկաձոր: Առայժմ անորոշ է «Ուլիսի» եւ «Լեռնային Արցախի» ճակատագիրը, որոնք դեռեւս չեն սկսել մարզումները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4