«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2007-02-09 | #25, 2007-02-10 | #26, 2007-02-13


ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ ԿԱՄ ՏՐՆԴԵԶ

Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին` Քրիստոսի սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասունօրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տյառնընդառաջը, որը նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ: Տոնի նախօրեին երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի եւ այգիների օրհնություն, քանի որ գարնանամուտ է: Ժամերգության ավարտին մարդիկ եկեղեցում վառվող մոմից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը իրենց հետ տանելով տուն, եւ հենց այդ կրակով էլ վառում են նաեւ Տյառնընդառաջի խարույկը:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Փետրվարի 14-ին` Տյառնընդառաջի տոնական ս. պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո եւ հավատարմության դաշինքը: Տոնի օրը, ըստ սովորության, նվերներով այցելում են նորապսակներին, նրանց 3-7 անգամ խարույկի շուրջը պտտեցնում, կրակի վրայից թռցնում, իսկ հետո նրանց վրա շաղ են տալիս չիր, չամիչ, որ քաղցր զույգ լինեն: Ժողովրդական շատ սովորույթներից պահպանվել է նաեւ տոնի օրը ճոխ սեղաններ բացելը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4