«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2007-02-10 | #26, 2007-02-13 | #27, 2007-02-14


ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՈՒԶՈՒՄ, ԿԱՄ ՉԳԻՏԻ ԻՆՉՊԵՍ ՎԱՐՎԵԼ

Երբեմն ադրբեջանական դիվանագիտությունն արթնանում է քնից 20 օր ուշ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հերթական խորհրդատվությունը կանցկացնեն Փարիզում:

Անջեյ Կասպրչիկի տեղեկացմամբ, հանդիպմանը կքննարկեն բանակցային գործընթացում ձեռնարկվելիք հաջորդ քայլերը, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մարտին կայանալիք հանդիպմանը վերաբերող հարցեր: Մարտի սկզբին Օսկանյան-Մամեդյարով հերթական հանդիպման մասին է վկայել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Ադրբեջանցի դիվանագետը հաստատել է, որ ամեն դեպքում մարտին հանդիպման անցկացման առաջարկներ եղել են եւ այժմ քննարկում են դրանց անցկացման հավանականությունը: Նշենք, որ ինչպես ադրբեջանական աղբյուրները, այնպես էլ հայաստանյաններն ընդգծում են, որ արտգործնախարարների հանդիպման վայրը եւ հստակ ամսաթիվը դեռեւս հայտնի չէ:

Հետաքրքրական է, որ Էլմար Մամեդյարովն, ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Օսկանյանի հետ վերջինՙ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման կապակցությամբ նշել է, թե սպասվում էր ավելին: Մինչդեռ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն իր վերադասին «խմբագրելով»ՙ հայտարարում է, որ հունվարի 23-ին տեղի ունեցած մոսկովյան հանդիպումը բանակցային գործընթացում «հետքայլ» էր: Բնականաբար, Ազիմովի տեսանկյունից, դրա մեղավորը հայկական կողմի կոշտ դիրքորոշումն է:

Մասնավորապես խնդիրը վերաբերում է Լաչինի միջանցքին եւ Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիների վերադարձին: Ադրբեջանի փոխարտգործնախարարը գտնում է, որ հայերը պետք է համաձայնեն Լաչինի միջանցքը համատեղ օգտագործելու տարբերակին, իսկ ԼՂ կարգավիճակի որոշումն էլ անհնար է առանց «ադրբեջանական համայնքի»:

«Ես ցանկանում եմ հայկական կողմին տեղեկացնել, որ եթե բանակցությունները չշարունակվեն վերջին երկու տարում քննարկված սկզբունքների հիման վրա, թերեւս բանակցությունները շարունակելը կորցնի իմաստը եւ ճիշտ չի լինի որեւէ արդյունքի սպասելը», նշել է Արազ Ազիմովը: Հավելելով, որ եթե մարտի սկզբին սպասվող հանդիպումն էլ նմանվի մոսկովյան հանդիպմանը, ապա հանդիպման անցկացումն անիմաստ է:

Հայաստանի ԱԳ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանի մեկնաբանությամբ, Ազիմովի նմանօրինակ հայտարարությունը տարօրինակ է, քանի որ մեկնաբանությունները հնչում են մոսկովյան բանակցություններից 20 օր անց: «Մենք արդեն առիթ ունեցել ենք գնահատել բանակցությունների վերջին փուլը որպես կառուցողական եւ հուսադրող: Միջնորդները համակարծիք էին այդ գնահատականին: Հնարավոր է, արտգործնախարարների առաջիկա հանդիպմանն ընդառաջ Արազ Ազիմովն, ինչպես բազմիցս եղել է նախկինում, հող է նախապատրաստում ադրբեջանական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման համար», նշել է Վ. Կարապետյանը:

Այն, որ ադրբեջանական արտաքին գործերի գերատեսչությունում հաճախ են հակադիր մոտեցումներ ի հայտ գալիս, նորություն չէ: Սակայն հաշվի առնելով վերջին օրերս բոլոր հնարավոր առիթներով հնչվող տարաբնույթ մեկնաբանությունների առատությունը, իսկապես տպավորություն կարող է ստեղծվել, որ Ադրբեջանի հասարակությանն այսօրինակ հրապարակումներով պատրաստում են որոշակի իրողությունների, գուցե եւ հավանական պատերազմի: Թերեւս իզուր չէր, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտարարում, թե «ժամանակն է Հայաստանից վճռականորեն պահանջել ազատել գրավյալ հողերը»:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4