Յասին Հայալի այս ցուցմունքի հիման վրա դատախազություն է դիմել նրա դատապաշտպանը
Մեր հայրենակից Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննությունը հետզհետե բազմակողմանի բնույթ է ստանում: Ի հայտ են գալիս նոր բացահայտումներ: Դրան մեծապես նպաստում է սպանությունը պատվիրելու մեղադրանքով կալանված Յասին Հայալը: Ինչպես հայտնի է, իմանալով, որ Էրհան Թունջելը որպես «իրազեկիչ» աշխատել է Տրապիզոնի ոստիկանության եւ ժանդարմերիայի համար, փետրվարի 9-ին Հայալը փոխել էր ցուցմունքը, նշելով, որ սպանության կազմակերպիչը Թունջելն է, Դինքին սպանելու հրամանն անձամբ նրանից է ստացել: «Մակդոնալդս» սրճարանի ռմբահարման համար «Մեծ միասնություն» կուսակցության Տրապիզոնի քաղաքային վարչության նախագահ Յաշար Ջիհանը բանտում օգնել է իրեն եւ տրամադրել 750 ԱՄՆ դոլարին համարժեք 1000 թուրքական լիրա: Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազությունը (որը Թուրքիայում դատարանին կից է գործում) հիմք ընդունելով Հայալի այս խոստովանությունը, հետաքննություն է սկսել «Մեծ միասնություն» կուսակցության քաղաքային վարչության դեմ: Այդ ընթացքում, ինչպես երեկվա համարում նշել է «Վաթան» թերթը, Յասին Հայալը նոր ցուցմունք է տվել:
Այս ցուցմունքի հիման վրա կազմված մեղադրական դիմումը Տրապիզոնի դատախազություն է ներկայացրել Հայալի դատապաշտպան Ֆաթիհ Չաքըրը: Ըստ թուրքական թերթի, Հայալը ցուցմունքում պնդել է. «Հրանտ Դինքին սպանելու հրամանը տվեց Տրապիզոնի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի վարիչը»:
Խնդրո առարկա վարիչը Յահյա Օզթյուրքն է, որի մասին Տրապիզոնի դատախազություն ներկայացված դիմումում ահա թե ինչ է գրել Հայալի դատապաշտպանը. «Մեղադրյալ Էրհան Թունջելը իմ պաշտպանյալինՙ Յասին Հայալին, փոխանցել է ահաբեկչության դեմ պայքարի բաժնի վարիչ Յահյա Օզթյուրքի հետեւյալ խոսքերը. «Մեր դրոշը գետնով են տվել: Գետնից դրա բարձրացման պարտականությունը դրված է Էրհանի եւ Յասինի վրա»: Այս խոսքերի համապատասխան էլ կազմակերպվել է սպանությունը»:
Տրապիզոնի դատախազությունից դուրս գալիս, Ֆաթիհ Չաքըրը լրագրողներին հայտարարել է. «Ես որպես Յասին Հայալի դատապաշտպան, վերջինի հետ կալանավայրում ունեցած տեսակցությունից հետո նրա ասածները դիմումի տեսքով ներկայացրել եմ դատախազություն: Ոմանք նպատակադրված փորձում են խառնել Տրապիզոնը: Էրհան Թունջելն այդ նպատակով երիտասարդներին է օգտագործում: Մինչեւ վերջ պայքարելու եմ Էրհանի դեմ»:
Ի դեպ, Էրհան Թունջելը, օգտվելով լռելու իրավունքից, առ այսօր ցուցմունք չի տալիս: Դրա առնչությամբ թուրքական թերթերը հարց են բարձրացնում. «Ո՞վ է նրան հովանավորում», իսկ «Աքշամը» ավելացնում է. «Տրապիզոնում Հրանտ Դինքի գործով պաշտոնից ազատվեցին նահանգապետ Հուսեյն Յավուզթյուրքը եւ անվտանգության վարչության պետ Ռեշաթ Ալթայը: Թերեւս Յահյա Օզթյուրքն է, որ շարունակում է գլխավորել քաղաքի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը: Նա այն անձնավորությունն է, որը «Մակդոնալդս» սրճարանի ռմբահարումից հետո թույլ չէր տվել, որ դատական գործ հարուցվի ռմբահարման անմիջական կազմակերպիչ Էրհան Թունջելի դեմ»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ