Հարցազրույց Իրավական կրթության ընկերության նախագահ Ինտիգամ Ալիեւի հետ
- Ձեր կարծիքով, որո՞նք են մեր երկրում գործադիր, օրենսդիր եւ դատական համակարգերի իրական տարանջատման ամենագլխավոր խոչընդոտները:
- Նախՙ պետք է ցավով խոստովանեմ, որ Ադրբեջանում չկա անկախ դատական համակարգ: Կասեմ ավելինՙ նույնիսկ լեզուս չի պտտվում դատարան անվանել այն մարմինները, որոնց, իրենց իրավունքների խախտման դեպքում, դիմում են Ադրբեջանի քաղաքացիները: Իշխանությունը, որը մենաշնորհ ունի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր սեգմենտների նկատմամբ, չէր կարող իր ամբողջական վերահսկողության տակ չառնել նաեւ դատական իշխանությունը: Վերջին տարիներին հաճախացել են Ադրբեջանի դատական համակարգի հաջող բարեփոխման մասին հայտարարությունները: Ավաղ, նման երեսպաշտական եւ իրականությունից հեռու հայտարարություններ լսում ենք ոչ միայն իշխանության ջատագովներից, այլեւ կարծես թե անկախ փորձագետներից եւ իրավագիտության մասնագետներից: Սակայն բավական է գոնե մեկ անգամ այցելել դատարան, ընդ որում, կարեւոր չէ որՙ շրջանային, թե գերագույն, տնտեսական թե սահմանադրական, համոզվելու համար, որ իրականացված բարեփոխումների մասին բոլոր խոսակցությունները շատ հեռու են ճշմարտությունից: Երկրի խորհրդարանը կարող է ընդունել ամենակատարյալ օրենքները, վավերացնել այսօր գոյություն ունեցող բոլոր համաձայնությունները, Ադրբեջանի նախագահը կարող է ստորագրել դատական համակարգի կատարելագործման մասին ոչ թե 2, այլ 52 կարգադրություն, Դատաիրավական խորհուրդը (կարդաՙ արդարադատության նախարարությունը եւ նախագահական աշխատակազմը) կարող է դատավորների թեկնածուների համար անցկացնել ամենաթափանցիկ եւ օբյեկտիվ գրավոր թեսթերը, բայց օրենքները, համաձայնությունները, հրամանագրերը, քննությունները գրոշ չարժեն, եթե, դատարան ընկնելով, քաղաքացին իրեն կզգա ոչ թե արդարադատության տանը, այլ շուկայում:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իշխանությունների կամքը վճռական դեր է խաղում դատավորների կազմի ձեւավորման մեջ: Իշխանությունները ձեւավորում են դատավորների կազմըՙ ճնշման եւ մանիպուլացման եւս մեկ հնազանդ գործիք ունենալու նպատակով: Այս սկզբունքները հայտնի են, եւ անկախությունն ու օրենքի գերակայության սկզբունքին հավատարմությունը վերջին բաներն են, որոնց մասին այստեղ կարելի է խոսել:
- Մեր հասարակության մեջ գիտակցվո՞ւմ է արդար դատաքննության իրավունքը, եւ քաղաքացիներն ի՞նչ պայմաններում, ե՞րբ կարող են լիովին գործադրել այդ իրավունքը:
- Ցավոք, Ադրբեջանում դատարանները լիովին կոռումպացված են, դատավորների ցածր մասնագիտական կարողությունների եւ անկախության բացակայության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան: Սովորական երեւույթ են դարձել դատարանների վրա գործադրվող ճնշումները, պատվիրված դատավճիռները: Գործնականում չկա անկախ դատական իշխանություն, եւ, փաստորեն, իրականացվում է դատական բարեփոխման նմանակում:
2006 թվականի օգոստոսի 17-ին Ադրբեջանի նախագահն արեց դատական համակարգի կատարելագործմանն ուղղված կարգադրություններ, իսկ բոլորովին վերջերս, ավելի ճիշտՙ 2006 թվականի դեկտեմբերի 28-ին, հաստատվեց մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության Գործողությունների ազգային պլանը: Եթե այս հրամանագրերին հաջորդեին երկրում օրենքի գերակայության հաստատման իրական քայլեր, ապա կարելի կլիներ ողջունել այդ կարգադրությունների եւ պլանների ընդունումը: Սակայն քանի դեռ այդ փաստաթղթերը գործնական կիրառություն չեն ստացել, կշարունակվի բարեփոխումների նմանակումը, դրանք կմնան դատարկ հայտարարություններ:
Դատարաններին եւ դատավորներին ուղղված իր կարգադրություններում պետության ղեկավարը հանձնարարում է «դատական պրակտիկայում հաշվի առնել» Մարդու իրավունքների հարցերով եվրոպական դատարանի նախադեպերը: Շատերի նման, ինձ մոտ էլ հարց է առաջանում, թե երկրի ղեկավարությունն իսկապե՞ս ցանկանում է, որպեսզի դատարաններն արդարացիորեն քննեն այն գործերը, որոնք վերաբերում են ընտրությունների ժամանակ կատարված կեղծիքներին, հանրահավաքների ժամանակ կանանց եւ երեխաներին գազանաբար ծեծելուն, այն տանջանքներին, որոնց ենթարկվում են այլախոհները «ավազակային բաժնի» կառույցների նկուղներում, անօրինականություններին, որոնք կատարվում են արդարադատության նախարարությունում, Տարիֆային խորհրդում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, Բաքվի գործադիր իշխանությունում, կրթության նախարարությունում եւ այլուր: Դատավճիռները, որ այսօր կայացնում են մեր դատարանները, վկայում են հակառակը: Ակներեւ է անկախ դատական համակարգի ստեղծման քաղաքական կամքի բացակայությունը:
Դատական իշխանության գլխավոր խնդիրը նրա կախվածությունն է: Ինչպես ֆինանսական, այնպես էլ կառավարման տեսանկյունից, դատարանները գտնվում են գործադիր իշխանության լիակատար վերահսկողության տակ: Ինչպես դատական, այնպես էլ օրենսդիր իշխանությանՙ գործադիրից կախվածությունն ազդում է նրա գործունեության վրա. դատարանները վերածվում են գործադիր իշխանության պատվերները կատարող կառույցների:
Անկասկած, հանրապետության քաղաքացիները հասկանում են, որ նրանք զրկված են արդար դատաքննության իրավունքից: Հասարակությունը լիովին գիտակցում է, որ առանց երկրի ղեկավարության քաղաքական կամքի, դատական համակարգի ցանկացած բարեփոխում կլինի միայն բարեփոխման նմանակում, ժողովրդավարական փոխակերպումների նմանակում:
- Զարգացման ինչ փուլում է գտնվում փաստաբանական ինստիտուտը մեր երկրում:
- Դատապաշտպանության վիճակը լիովին համապատասխանում է դատական համակարգի ընդհանուր իրադրությանը: Ես կարծում եմ, որ հասարակության զարգացման աստիճանը եւ իրավական գրագիտությունը կախված է նաեւ նրանից, թե որքան առողջ եւ զարգացած է դատապաշտպանության ինստիտուտը, որքան ուժեղ է այն եւ անկախ: Հենց դրանով է պայմանավորված հասարակության հետաքրքրությունը հայրենական դատապաշտպանության մեջ կատարվող գործընթացների նկատմամբ: Ավաղ, այսօր Ադրբեջանում դատապաշտպանությունը դեռեւս չի դարձել անկախ, զարգացած ինստիտուտ: Այսօր Փաստաբանների կոլեգիան մեր երկրի ամենապահպանողական եւ կախյալ կառույցներից մեկն է: Իզուր չէ, որ այն անվանում են զորանոցային դատապաշտպանություն: Հասարակական կազմակերպություն կոչվող Կոլեգիան իր կառավարման ձեւով ավելի նման է նախարարության եւ ղեկավարվում է ավտորիտար ձեւերով: Դատապաշտպանների ուժեղ եւ անկախ Կոլեգիայի ձեւավորման համար ե՛ւ գործնականում, ե՛ւ օրենսդրական մակարդակում ստեղծվել են անհաղթահարելի պատնեշներ:
Ինչո՞ւ Ադրբեջանում չկա անկախ եւ ուժեղ դատապաշտպանություն: Սա ունի մի քանի պատճառ: Հիմնական պատճառներից մեկը իշխանական կառույցներում որոշակի ուժերի առկայությունն է, որոնք շահագրգռված չեն ուժեղ դատապաշտպանություն ստեղծելու մեջ: Դատապաշտպանության ուժեղ եւ անկախ ինստիտուտը կարող է իրապես սասանել կախյալ դատարանների հիմքերը եւ խոչընդոտել երկրի դատական համակարգում եւ իրավապահ մարմիններում իշխող կոռուպցիայի եւ անօրինականության ծաղկումը: Հայրենական դատապաշտպանությունը բարեփոխումների կարիք ունիՙ հաղթահարելու համար բոլոր արգելքները, որոնք խանգարում են նրա իսկապես ժողովրդավարական, անկախ գործունեությանը: Հակառակ դեպքում ներկա իրավիճակը, որտեղ դատապաշտպանությունը եւ արդարադատությունը զբաղվում են բացառապես իշխանության սպասարկմամբ, ապագայում կարող է մեզ վրա շատ թանկ նստել:
- Քաղաքացիների ո՞ր խավի համար է ավելի դժվար օգտվել արդար դատաքննության իրավունքից:
- Մտնելով մեր դատարաններըՙ ես ինձ չեմ զգում արդարադատության տաճարում, ինչպես դա լինում է, օրինակ, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հոլանդիայի կամ Լեհաստանի դատարաններում, այլ, թվում է, թե գտնվում եմ շուկայում, որտեղ ամեն ինչ վաճառվում է եւ գնվում: Իրենց գործողություններում անազատ հայրենի դատարանները դարձան վերջին մեխը, որ մեր երկրի իշխանությունները խփեցին իրավական, ժողովրդավարական պետություն կառուցելու հույսի դագաղին:
Երբ դատարանում շարքային քաղաքացու դեմ կանգնած է պետական պաշտոնյա կամ ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող մարդ, ապա չի կարող լինել արդար քննության ոչ մի հույս: Հեշտ է գուշակել դատաքննության ելքը, երբ լսվում է ազատ հավաքների կամ միավորումների իրավունքի, կտտանքներից պաշտպանվելու իրավունքի կամ էլ խոսքի ազատության մասին մի գործ: Ցանկացած դատարան (դատավոր), որտեղ մեղադրյալներն ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստներ, անկախ կամ ընդդիմադիր ԶԼՄ-ի լրագրողներ են, կկայացնի մեղադրական վճիռ:
Այս առումով, 2006 թվականին եւ 2007-ի սկզբին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մեր քաղաքացիների շահած մի շարք գործեր ներշնչում են որոշակի լավատեսություն: Այդ հաղթանակները ես գնահատում եմ որպես մեր քաղաքացիական հասարակության առաջին հաջողությունները իրավական ամենաթողության դեմ Եվրոպական դատարանի մեխանիզմներն օգտագործելու մեջ:
- Դատական համակարգի վրա ինչպե՞ս է ազդում կամ կարող է ազդել քաղաքացիների Եվրոպական դատարան դիմելու իրավունքը:
- Միամտություն կլիներ ենթադրել, թե մի քանի վճիռները, որ մի տարում կայացնում է Եվրոպական դատարանը, կարող են արմատապես փոխել դատական համակարգի վիճակը մի երկրում, որտեղ մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային բնույթ: Այն փաստը, որ մեր քաղաքացիները ստացան Եվրոպական դատարան դիմելու իրավունք, չպետք է չափից ավելի գերագնահատվի, բայց եւ չպետք է թերագնահատվի: Ամեն դեպքում քաղաքացիների ստացած իրավունքըՙ Եվրոպական դատարանի միջոցով վերականգնել օրինականությունը եւ պատժել օրինախախտներին, դրական ազդեցություն կունենա դատական համակարգի եւ առհասարակ երկրում տիրող իրավիճակի վրա: Իշխանությունների համար Եվրոպական դատարանի որոշումները պետք է կատարեն զսպող գործոնի դերՙ ստիպելով վերանայել անկատար օրենսդրությունը եւ դրա կիրառության պրակտիկան:
Երբ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների եւ երկրի դատական համակարգում կատարվող ճչացող անօրինականությունների մասին խոսում են տեղական փորձագետները, իրավաբանները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ապա Ադրբեջանի իշխանությունները դա դիմավորում են սվիններովՙ իրավապաշտպաններին հայտարարելով ժողովրդի թշնամիներ, իսկ նրանց հաշվետվություններըՙ պարսավանք: Բայց երբ այդ անօրինականության եւ կամայականության փաստերը հաստատվում են Եվրոպական դատարանի որոշումներում, ապա անհնար է դրանք հերքել եւ անտեսել:
Վստահ եմ, որ այդպիսի ապտակների շնորհիվ պաշտոնյաները ստիպված կլինեն մեր իրավունքներին վերաբերվել ավելի մեծ հարգանքով: Իսկ ամենակարեւորն այն է, որ այդ վճիռները կդառնան գործոններ, որոնք կփոխեն հասարակության վերաբերմունքն այս կառավարության անօրինականությունների նկատմամբ:
Ցավոք, մենք դեռ շատ քիչ ենք օգտվում Եվրոպական դատարանի ընձեռած հնարավորություններից: Մի կողմիցՙ դա կապված է նրա կարեւորությունը չհասկանալու հետ, իսկ մյուս կողմիցՙ նրա մասին տեղեկատվության բացակայության: Եթե արդեն 2002-2003 թթ. մենք հասցնեինք պահանջվող ժամանակում ավելի շատ գործեր (կապված հավաքների, խոսքի, խղճի ազատության, կտտանքներից եւ անօրինական ազատազրկումից պաշտպանության եւ այլնի հետ) ուղարկել Ստրասբուրգ, ապա մեր դիրքերն այսօր կլինեին շատ ավելի ամուր:
Հարցազրույցըՙ ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎԻ