ԴԻԱՐԲԵՔԻՐ, 13 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն դեպքում, երբ Թուրքիան ջանում է Բաթմանում հայտնաբերված թռչնագրիպը ներկայացնել որպես «թույլ» տեսքի վարակ, Դիարբեքիրի Սիլվան շրջանում սատկած հավերի արագ հետազոտությունը հաստատել է թռչնագրիպի գոյությունը: Ըստ թուրքական «Ռադիկալի», Սիլվանի մեկ գյուղում եւ 5 ագարակներում կարանտին է հայտարարվել եւ սկսվել ընտանի թռչունների զանգվածային սպանդը: Այդ ընթացքում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) թռչնագրիպի վերջին անալիզի արդյունքում պարզվել է, որ թռչնագրիպով վարակվածների 90 տոկոսը 40 տարեկանից ցածր մարդիկ են, որոնց 60 տոկոսին հնարավոր չի եղել փրկել: Դա թույլ է տալիս եզրակացնել, որ H5N1 վիրուսն ավելի ազդեցիկ է երիտասարդների նկատմամբ, ինչի պատճառը դեռեւս անհայտ է մնում, գրել է թերթը, նշելով, որ 2003 թ-ից մինչ օրս աշխարհում 272 մարդ վարակվել է թռչնագրիպով, որոնցից 167-ը մահացել են: