2007 թվականի խորհրդարանական ընտրությունները թե արդար անցնենՙ ընդդիմությունը առանց ջանքի մեծամասնություն կկազմի խորհրդարանում: Ընդդիմությունը կամ պետք է 70 տոկոս ձայն վերցնի, կամ ընդհանրապես հրաժարվի մանդատներից: Համոզմունքն այս Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության (ՀԱԱԿ) նախագահ Հովհաննես Հովհաննիսյանինն է: Նա մտադիր է մեծամասնական համակարգով իր թեկնածությունն առաջադրել հավանաբար Արաբկիրի 4-րդ ընտրատարածքում: Այս մասին բարձրաձայնեց երեկ «Փաստարկ» ակումբում: Մեծամասնական ընտրակարգի արդյունավետությանը Հովհաննիսյանը չի կասկածում եւ գտնում է, որ այս անգամ ընդդիմությունը վստահաբար պետք է օգտագործի այդ հնարավորությունըՙ չզիջելով օլիգարխներին:
Համամասնական ընտրակարգում ընդդիմության միասնական թիմով ներկայանալը նրան խոցելի կդարձնի, ըստ Ազատական առաջադիմական կուսակցության նախագահի: Ի դեպ, ընդդիմության առաջատարների շարքում լինելու ցանկություն ունենալով հանդերձ, կուսակցությունը նաեւ միայնակ ընտրություններին գնալու է պատրաստ, չնայած համոզված է, որ այսօր Հայաստանում չկա մի կուսակցություն, որը կարողանա միայնակ իշխանություն վերցնել: Սա էլ Հովհաննես Հովհաննիսյանի համոզմունքն է, որից հետո տեղեկացրեց, որ առանձին խմբերով ընտրության գնացող ընդդիմության գործողությունները համակարգվելու են միասնական խորհրդով:
Բանախոսի գնահատմամբ, նախընտրական քարոզչության համար հեռուստաընկերությունների սահմանած գներն ուղղակի անտրամաբանական բարձր են եւ ընդդիմության համար իշխանության լարած ծուղակ է: Գները ծուղակ են դիտարկվում ոչ թե ընդդիմության միջոցների անբավարարության պատճառով, այլ ընդդիմության հանդեպ հավատի խաթարմամբ. «Հեռուստաեթերում խոսում ես, իսկ բնակիչը գիտի, որ այդ տասը րոպեի համար վճարել ես 3000 դոլար, նա քո խոսքին երբեք չի հավատա», հավատացած է Հովհաննես Հովհաննիսյանը: Մինչդեռ, ըստ բանախոսի, գործարարներ Հայաստանից եւ սփյուռքից հասկանում են, որ իշխանությունների վերարտադրման դեպքում մեր երկրում գործարարությունը ուղղակի կմեռնի, քանի որ մի քանի խոշոր գործարարները կուլ կտան մանր ու միջին բիզնեսը, եւ հակված են երկրում փոփոխություններ ապահովել: Հենց այդ գործարարներն էլ ընդդիմության ֆինանսական ռեսուրսն են, ՀԱԱԿ նախագահի հավաստմամբ: Սակայն ընդդիմության միջոցներն իշխանության չգիտես ինչ ուղիներով ձեռք բերածից անհամեմատ փոքր են, բայց կարեւոր է ճիշտ ընտրությունների համար ճիշտ միջավայրի ստեղծումը, ընդգծեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով, մայիսի 12-ի գիշերն արդեն մեկնարկելու են լուրջ հետընտրական գործընթացներ, որոնք միավորելու են ընտրությանը մասնակցած ընդդիմության մի քանի խմբերին: Այդ խմբերի վերջնական ձեւաչափը հայտնի կդառնա փետրվարի վերջինՙ 10-15 օրից եւ կարող է միավորել գաղափարական որոշակի հակադրություններ ունեցող ուժերիՙ հանուն ազատ արդար ընտրությունների: Այս դեպքում որոշակի գաղափարների զիջման ուղով ընթանալը, Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով, տեղին ու բացատրված կլինի:
«Ժողովուրդը հոգնել է իշխանության նույն դեմքերից եւ նոր փոփոխություն է ուզում, նոր դեմքեր է ուզում», հայտարարեց Հովհաննես Հովհաննիսյանըՙ համոզմունք հայտնելով, որ այդ նոր դեմքը հենց ընդդիմությունն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն իշխանության նոր դեմք չի համարում ՀԱԱԿ նախագահը, ավելին, նրա գնահատականով, ԲՀԿ-ն ապաքաղաքական միավոր էՙ զուրկ քաղաքական թիմից. «Դասախոսներ ու պրոֆեսորներ հավաքելով չի կարելի ստանձնել երկրի քաղաքական ճակատագրի տնօրինությունը, դրա համար քաղաքական կենսափորձ, քաղաքական անցյալ ունեցող թիմ է պետք, չի կարելի խաղալ երկրի ու ժողովրդի ապագայի հետ»:
Ն. Պ.