Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնն այս տարի տոնելու է իր 70-ամյակը: Լավ տարիներ, ինչպես ասում են, այս թատրոնն էլ է ունեցել, բայց 90-ականներից մինչ այսօր մշակութային օջախներին բաժին ընկած դժվարություններից, մեղմ ասած, հեռու չի մնացել նաեւ այս թատրոնը: Տպավորությունը գրեթե բոլոր մարզերի եւ քաղաքների մշակութային օջախներում նույնն է, եւ ամեն անգամ տագնապում ես, թե արդյոք կլուծվե՞ն մեր թատրոնների հիմնահարցերն ու կվերականգնվեն հայ թատրոնի ավանդույթները:
Բավական դժվար էր Գորիսի դրամատիկական թատրոնի մասին նյութ պատրաստելը, քանի որ թատրոնում` գոնե բեմադրող եւ գլխավոր ռեժիսորները զուսպ էին եւ չնայած հոգսերի առկայությանը` քիչ թե շատ լավատեսորեն էին տրամադրված: Թեեւ նրանք պատմեցին թատրոնի հոգսերի մասին, բայց ինչ-որ զսպվածություն կար, որը թույլ չտվեց ավելի շատ «բացվելու» մեր առաջ: Մեր մի քանի հարցերին սկզբում պատասխանեց թատրոնի բեմադրող ռեժիսոր Սերժ Սայունցը, բայց երբ փորձեցինք ավելի հանգամանալից հետաքրքրվել խնդիրների առաջացման բուն պատճառի մեջ` նա խուսանավեց: Հետո էլ բարեկամաբար ժպտալով` ձեռքը թափ տվեց եւ ասաց. «Ինչ ասեմ, ինքներդ տնտղեք»: Այնուամենայնիվ հիմնական հոգսերից Սերժ Սայունցն առանձնացրեց մայրաքաղաքից կտրված լինելու հանգամանքն ու դերասանական կադրերի պակասը:
Գորիսի կուլտուրայի տան հարեւանությամբ գտնվող Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը` չնայած ներքին անհարմարություններին եւ հնությանը, արտաքնապես վերանորոգվել եւ կարգի էր բերվել: Սակայն ներսում, ինչպես գրեթե բոլոր թատրոններում` հատկապես ձմռան օրերին, ցուրտ էր, մռայլ եւ անաշխույժ: Ցուրտ դահլիճից, վաղուց վերանորոգում չտեսած բեմից եւ բեմական հին պարագաներից հետո միակ ջերմացնող տեսարանը թատրոնի միջանցքում փակցված նկարներն էին, որոնք վկայում էին թատրոնի հին ու լավ օրերի մասին: Չնայած դերասաններից շատերը թատրոնում չէին, մայրաքաղաքում էր նաեւ տնօրեն Համլետ Հարությունյանը, բայց ռեժիսորների հետ զրույցից ընդհանուր առմամբ հնարավոր եղավ թատրոնի խնդիրներին ծանոթանալ:
«Թատրոնն ու բեմը վերանորոգման, ջեռուցման կարիք ունեն, իսկ բեմի տեխնիկան 17 թ. գյուղական ակումբի տեխնիկա է», «Ազգ»-ի հետ զրույցում ասաց դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալֆրեդ Հակոբյանը` միաժամանակ հավելելով, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խոստացել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում գումար տրամադրել այդ հարցը կարգավորելու համար: Դերասանական կադրերի պակասին անդրադարձավ նաեւ Ալֆրեդ Հակոբյանը. «Կադրերի հարցն է բարդ. մասնագիտական կրթությամբ երիտասարդ կադրերի կարիք կա: Թատերական համալսարանն իր կադրերին չի գործուղում այստեղ, սակայն արդեն 3 տարի է, Գորիսում բացվել է մանկավարժական համալսարանի դերասանական բաժինը, որի շրջանավարտներով կհամալրվի թատրոնի դերասանական կազմը»: Երկու ռեժիսորներն էլ խոսեցին տրանսպորտային միջոց չունենալու դժվարության մասին, որի պատճառով չեն կարողանում շրջագայել, իսկ «չխաղալով պիեսները մեռնում են»: Ալֆրեդ Հակոբյանը հայտնեց, որ վարչապետն այդ հարցում եւս օգնություն է խոստացել:
Թատրոնն ունի 49 աշխատող, որոնք, գլխավոր ռեժիսորի հավաստմամբ, կանոնավոր կերպով աշխատավարձ են ստանում, բայց ֆինանսավորման հետ կապված այլ դժվարություն կա. «Դժվարությունն այն է, որ թատրոնները չեն ստանում բեմադրական ծախսեր: Տարին երկու նոր բեմադրություն ենք անում, մեկն էլ հին խաղացանկից ենք վերանորոգում, բայց նոր բեմադրությունների համար գումար չի լինում»: Ալֆրեդ Հակոբյանը կարեւորում է տեխնիկական, բովանդակային եւ մյուս պայմաններով հագեցած մթնոլորտում աշխատելու հնարավորությունը, քանի որ այսօր հանդիսատեսի հետաքրքրությունները մեծացել են, ճաշակը փոխվել է. «Թատրոնը պետք է բարձր մակարդակի վրա լինի, հանդիսատեսի ճաշակն ու ընկալումը փոխվել է, պետք է լավ պատրաստվել: Հեռուստատեսությունն ամեն ինչ տալիս է այսօր, եւ մարդիկ նախընտրում են տանը նստած ամեն ինչ նայել, դրա համար պետք է բարձրացնել թատրոնների մակարդակը»:
Գլխավոր ռեժիսորը նկատում է, որ տարեցտարի շարժ լինում է, վարչապետի եւ մարզային իշխանությունների վերաբերմունքն էլ է փոխվում, բայց դեռ թատրոնում ապրում է այլ իրականություն: Գորիսի թատրոնի խաղացանկում այժմ ընդգրկված են Նենսիի «Սպանիր ինձ, աղավնյակս», Ժիրայր Անանյանի «Բռավո», Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւը»` վերափոխված «Մեծ աշխարհի մեր արեւը» անվան եւ դրամատիկական գործի վերածված Ակսել Բակունցի «Կյորեսը» ստեղծագործությունները: Չնայած նոր ներկայացումները քիչ են, բայց լինելու դեպքում էլ մեծ խանդավառությամբ կարծես թե չեն ընդունվում: «Եթե մենք կարողանում ենք ամիսը 4 ներկայացում խաղալ, դա հրաշք է: Նոր ներկայացման առաջին 2 օրը դատարկ դահլիճը լցնում ենք (դահլիճում 5 հարյուր տեղ կա- Գ. Գ.), բայց հետո նույն վիճակն է: Առհասարակ հանդիսատեսի հետ կապը դժվար է ոչ միայն մեր թատրոնում», փաստում է գլխավոր ռեժիսորը` միաժամանակ նկատելով, որ թանկ արվեստ համարվող թատրոնի տոմսը չպետք է 300 դրամ լինի:
Մեր տեղեկություններով, թատրոնում հաճախ տնօրեններ են փոխվում: «Ո՞րն է պատճառը» մեր հարցին Ալֆրեդ Հակոբյանը կոնկրետ չպատասխանեց, բայց փոխարենը նկատեց. «Ամենաբարդ հարցն այն է, որ այսօր թատրոնի գլխավոր ռեժիսորներին ընդունում կամ ազատում են տնօրենները, իսկ առաջ մշակույթի նախարարն էր ընդունում եւ ազատում գլխավոր ռեժիսորներին»: Ի դեպ, Վաղարշ Վաղարշյանի անունը կրող այս թատրոնը 90-ական թթ. անցել է Գորիսի քաղաքապետարանի ենթակայության տակ, իսկ 2004 թ.-ից անցել է մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության տակ: Այս փոփոխությունները եւս ունեցել են իրենց հետեւանքները:
Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանից տեղեկացանք, որ 2007 թ. բյուջեով Գորիսի թատրոնին հատկացվել է 62 մլն 953 հազար դրամ: Ութ հարյուր հազար դրամ էլ հատկացվել է Ժ. Հարությունյանի «Բախտավոր մարդիկ» պիեսի բեմադրման համար: «Իսկ թատրոնի համար այս հոբելյանական տարում նախարարությունը որեւէ հատկացում չի՞ նախատեսում» «Ազգի» հարցին մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանը պատասխանեց, որ թատրոնը նախ պետք է ներկայացնի հոբելյանական ծրագիր, որից հետո միայն նախարարությունը կքննարկի եւ կորոշի, թե ինչ կարգի աջակցություն կարող է ցուցաբերել: Նրա խոսքով, Գորիսի թատրոնը դեռեւս նման ծրագիր չի ներկայացրել:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Գորիս-Երեւան