Մեր ժամանակների ականաւոր էպիք երգիչներից է Ստամբուլում ապրող եւ ստեղծագործող Զարեհ Խրախունին: Նա երեք տասնեակից աւելի քերթողագրքերի հեղինակ է: Քայլ է պահում հայ գեղարուեստական մտածողութեան զարգացումներին եւ առարկաների խորհուրդները ուրուագծող գրական շարժման առաջնորդ է Վոսփորի ափերին:
Բոլորը լաւ յիշում են անցեալ դարի 90-ական թթ. նրա ջղուտ արձագանգները ազգային յեղաբեկող իրադարձութիւններին: Տասնեակ տարիների ընթացքում նա դարձաւ «դարակուտակ ըղձանքի»ՙ ազատութեան երգիչըՙ առաջնորդուելով Հանրի Բերգսոնի ներքնատեսութեանՙ ինտուիցիայի փիլիսոփայութեամբ: Նրա լաւագոյն ժողովածուներըՙ «Քար կաթիլներ», «Տօնակարգ», «Ստուեր եւ արձագանգ», «Ազատերգութիւն», «Դարապատում», եւ ուրիշներ, բացայայտում են ժամանակի ու բանաստեղծի բարդ յարաբերութիւններըՙ որպէս պատմութիւն, որպէս ազգային հաւաք կենսագրութիւն:
Բանաստեղծի 80-ամեակին, որը լրացաւ անցեալ տարի, անտարբեր չգտնուեցին հայրենիքում. 2007 թ. Երեւանում «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնը լոյս ընծայեց Զարեհ Խրախունու յոբելենական «Տօնազանգ» ժողովածուն: Այս հատորը հինգերորդն է հայրենական ժողովածուների շարքումՙ «Ես եւ ուրիշներ»ից (1982), «Ազատերգութիւն»ից (1993), «Քար Հայաստանի»ից (1997) եւ «Դարապատում»ից (2001) յետոյ:
Գրքի նախաբանում ՀԳՄ վարչութեան նախագահ Լեւոն Անանեանը բանաստեղծութիւնից առաջ նկատում է բանաստեղծի՛ բարձր կերպարը. «Զգայուն հոգի, անկոտրում կամք, զգաստ միտքՙ կանգնած Արարատն ու Հայոց Տունը պատկերող խորհրդանշանի առաջ: Արեւմտահայ նորագոյն բանաստեղծութեան առջեւից ճախրող նրա երգերը իջել ենՙ գեղգեղալու, իրար լրացնելու, իրարով մեզ հետ լինելու, «տօնազանգ» հնչեցնելու»:
Շքեղ այս գիրքը կազմել եւ ընդարձակ առաջաբանով հրատարակել է գրականագէտ Սուրէն Դանիէլեանը, որը յայտնի է 90-ական թթ. վերջերին գրած «Բանաստեղծութեան ազատագրումը. Զարեհ Խրախունի» շահեկան մենագրութեամբ: Նա, ամփոփելով երգչի անցած վիթխարի ուղին, կատարում է անհրաժեշտ եզրայանգումներ, ընդգծում, նախ, լեզուական հարուստ ատաղձը, շէն մտածողութիւնը, առարկաների եւ իրերի ենթախորքի խաղացկուն յարաբերակցութիւնը, իմացական նպատակային կառոյցները, բառային շքեղ հրավառութիւնը, պատկերային համակարգի բազում անակնկալ ենթաշերտերը, որոնք հաճելիօրէն առանձնացնում են տաղանդաւոր բանաստեղծին հայ գրականութեան մէջ:
Արեւմտահայ բանաստեղծութեան «մայր գիծն» է շարունակում այսօր Զարեհ Խրախունինՙ Դ. Վարուժանից, Վ. Թէքէեանից ձգուող հզօր քերթութեան հաւատաւոր ուխտաւորը: Եվ զիլ ղօղանջող այս «Տօնազանգը» վերաբերում է ոչ միայն իրեն, այլ նաեւ արեւմտահայ գրաշխարհի բոլոր բարձր գագաթներին:
Մեր խօսքը աւարտենք իր իսկ ծանուցումով, որտեղ բիբլիական լեռը մեր մշակոյթի էութիւնն էՙ
Այս այն լեռն է
Որմէ կուգայ վճիտ ջուրի ուղխերու պէս արիւնը մեր երակին
Որուն կ'երթայ օդասլաց համբոյրի պէս վերջին շունչը մեր կուրծքին
Այս այն լեռն է
Որմէ որքան կը հեռանանք այնքան կը զգանք թէ ի՛րն ենք
Որուն որքան կը մօտենանք այնքան կը զգանք թէ ի՜նչ ենք...
ԳԱՅԻԱՆԷ ՂԱԶԱՐԵԱՆ