Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Փարիզի Գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցը եւ Երեւանում գործող Փարաջանովի տուն-թանգարանը կազմակերպել են նշանավոր կինոբեմադրիչ, դերասան, ձեւավորող, նկարիչ եւ հավաքորդ Սերգեյ Փարաջանովի կոլաժների ցուցահանդես, որը փետրվարի 13-ից մինչեւ ապրիլի 8-ը կգործի Գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շենքում (Սեն գետի Մալաքե առափնյակ, թիվ 13):
«Ազգի» փարիզյան թղթակից Արմինե Ազիզյանը հաղորդում է, որ ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ փետրվարի 12-ի երեկոյան: Ներկայացված են յոթ տասնյակ գործեր, որոնք Փարաջանովն ստեղծել է 1970-1990 թթ.:
1924 թ. Թիֆլիսում ծնված հայ արվեստագետը, երգեցողություն եւ նկարչություն սովորելուց հետո 1946 թ. ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը եւ ուրիշներ: Նրա «Հրեղեն ձիեր» (1964) եւ «Սայաթ-Նովա» (1969) լիամետրաժ ֆիլմերը ենթարկվել են խորհրդային գրաքննությանը: 1973-1977 թ. բանտարկությունից հետո Փարաջանովը հաստատվում է Վրաստանում: 1984 թ. վերստին աշխատելու թույլտվություն է ստանում, նկարահանում է «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984), «Աշուղ Ղարիբը» (1988): «Խոստովանանք» ֆիլմը (1989) մնաց անավարտ: Փարաջանովը մահացավ Երեւանում 1990 թ.:
Կոլաժների մեծ մասը նա ստեղծել է ազատազրկման տարիներին եւ հետագայում: Ցուցահանդեսի շրջանակներում մարտի 29-31-ը կցուցադրվեն Փարաջանովի եւ ուրիշ հայ կինոբեմադրիչների ֆիլմեր:
«Անզուգական Փարաջանով» ցուցահանդեսը Փարիզից հետոՙ ապրիլի 20-ից մինչեւ հունիսի 24-ը կներկայացվի Սենտ Էթիեն քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանում:
Պ. Ք.