«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2007-02-10 | #26, 2007-02-13 | #27, 2007-02-14


ԲԵԴՐՈՍԸՙ ԲՈՒԼՂԱՐԱՑԻ՞

Ամեն անգամ տարբեր առիթներով աչքի անցկացնելով ռուսական շոու-բիզնեսի կարկառուն ներկայացուցիչ Ֆիլիպ Կիրկորովի հարցազրույցները, ակամա վերհիշում եմ նրան զոռով հայացնելու հայաստանյան որոշ տկար փորձերը: Փառք Աստծո, որ նրա «պատմական հայրենիքում» էլ վերջապես գլխի ընկան, որ չարժե հայ ազգի տաղանդավորությունը հաստատելու համար արհեստականորեն շրջանառության մեջ դնել ազգային առումով դեգրադացիայի ենթարկված ամեն մի թափթփուկի:

«Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթի երաժշտական մեկնաբան Արթուր Գասպարյանի հետ ունեցած իր հարցազրույցում Ֆիլը ոչ միայն նորեն կտրականապես հրաժարվել է իր հայկական արմատներից, այլեւ հորըՙ խեղճ Բեդրոսին էլ է դարձնում այլածին: Ծանոթացեք, խնդրեմ, երբեմնի մեծն հայ սոխակի մտքերի ընթացքին:

«... Բայց չէ՞ որ դու մտադրվել էիր ինքդ «Եվրոտեսիլ» գնալ Բուլղարիայից, որը քեզ վաղուց թախանձագին խնդրում է: Բայց եթե քեզ Բուլղարիայից մրցույթի մասնակից հայտարարեիր, այստեղ քեզ ավելի ուժեղ կտրորեին, քան Արոյանի հետ կապված պատմությունից հետո: Համամիտ չե՞ս:

- Դե, չէին տրորի, բայց չէին հասկանա. դա հաստատ է: Իսկ ես այնքան շատ չէի ձգտում մասնակցել այդ մրցույթին, որ մեկնեի ամեն գնով եւ որեւէ երկրից: Արդարացի կլիներ, եթե մրցույթին մասնակցելու դեպքում ներկայացնեի Ռուսաստանը: Իմ ամբողջ գիտակից ստեղծագործական կյանքը, մինչեւ 40-ին հասնելը, անցկացրել եմ այստեղ, այս երկրում: Թեեւ կիսով չափ բուլղարացի եմ, հայրս բուլղարացի է, իմ բոլոր արմատներն այնտեղ են, դա, իհարկե, անհեթեթություն կլիներ: Քանզի իմ ժողովրդականությունը, համբավը եւ հանրության սերը (որը հետագայում եկավ Բուլղարիա) սկսվել են այստեղՙ Ռուսաստանում: Դա իրոք մեկ ուրիշ պատճառ է...»:

Հետաքրքրականն այն է, որ Բեդրոսն ինքը երբեք չի հրաժարվել իր հայկական ծագումից: Բոլորովին վերջերս Ռուսաստանի հեռուստաալիքներից մեկում նա պատմեց, որ երբ առաջին անգամ հանդիպել է Առնո Բաբաջանյանի հետ, ապա նրա համար երգել է հայկական երգեր, որից մեծանուն կոմպոզիտորը խիստ հուզվել է:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4