Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում երեկ լսվեց Երեւանի «Մանց» համալսարանի հայցն ընդդեմ կրթության եւ գիտության նախարարության: Հարցն այն է, որ կրթության նախորդ նախարարի օրոք հավատարմագիր ստանալու խնդրանքով դիմած համալսարանի ռեկտոր, իրավաբան Ռուբեն Ավագյանին կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ոչ թե մերժել է, այլ ստեղծել է հանձնաժողովՙ նախորդ նախարարի գործունեությունը ստուգելու համար: Փաստաբան Արա Զոհրաբյանի ասելով, թեպետ համալսարանը կառավարության սահմանած կարգի համաձայն, հավատարմագիր ստանալու համար կատարած պարտավորությունները հաստատվել են փորձագիտական եզրակացությամբ եւ առաջին փուլն անցել է գերազանց արդյունքներով, սակայն երկրորդ փուլում, Լեւոն Մկրտչյանի հրամանով, մարտին նախատեսված քննությունները հետաձգվել են մինչեւ հոկտեմբեր: Մինչդեռ կառավարության որոշման եւ հետբուհական կրթության օրենքի համաձայն, ուսումնական գործընթացը պետք է լինի անընդմեջ: «Այդ սկզբունքը հաշվի առնելով եւ նախարարությանը տեղեկացնելով, համալսարանը քննություններն անցկացրել է հունիսին: Ներկա են եղել գիտության դոկտորներ, մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը եւ ուրիշներ: Համալսարանը 95 տոկոս ցուցանիշ է ունեցել, որից հետո դիմել է նախարարությունՙ հավատարմագիր ստանալու խնդրանքով: Ըստ սահմանված կարգի, պատասխանը պետք է ուղարկվի 1-ամսյա ժամկետում: Նախարարը կարող է մերժել միայն բացասական եզրակացության եւ 60 տոկոսից ցածր ցուցանիշի դեպքում: Փաստորեն, ամիսներն անցել են, բացասական եզրակացություն չի տրվել, նախարարն էլ որեւէ հրաման չի ընդունել: Հիմա վիճարկում ենք նախարարության անգործությունը, փորձելով հարցը լուծելի դարձնել դատարանի միջոցով: Այսօրվա դատական նիստում պատասխանող կողմերը առաջարկեցին կնքել հաշտության համաձայնագիրՙ առանց նշելու պայմանները: Կարծում եմ, դա արդեն իսկ նահանջ էր, մանավանդ որ պետական 2 մարմիններն էլ ուշ են ներկայացրել պատասխանները: Ըստ օրենքի, դրանք պետք է ներկայացվեին 10-օրյա ժամկետում, մինչդեռ նրանցից մեկը ներկայացրել է մի քանի օր առաջ, մյուսնՙ այսօր: Դրանով իսկ արձանագրվեց դատավարական կանոնի խախտում»:
Փաստաբանը նաեւ նշեց, որ պատասխանող կողմի խոսքը եղել է խիստ հակիրճ, առանց հիմնավորումների: Այդպես էլ պարզ չի եղել, թե ո՞ր օրենքն է նախարարին թույլ տվել վերստուգում անցկացնել: «Եթե նախարարի այս գործելակերպը շարունակվիՙ լուրջ խնդիրներ կունենանք», եզրահանգեց փաստաբանը:
Գործի հաջորդ քննությունը տեղի կունենա փետրվարի 22-ին:
Ռ. Պ.