«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2007-02-10 | #26, 2007-02-13 | #27, 2007-02-14


ՄԱՆՈՒԵԼ ՔՅՈՍԵՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մահը, որ գիտենք, թե իբր անխտրական է, կարծես թե հերթի է դրել եւ հաշվում է հայ տաղանդավոր մարդկանց: Հիմա էլ ահա Մանուել Քյոսեյանըՙ բանաստեղծ, գրող, գրականագետ, մանկավարժ եւ ուսուցիչ, գրական ու հանրային գործիչ... Այս հարվածն էլ անցավ սփյուռքի հայ մտավորականության սրտի միջով: Նոսրացած անտառի վերջին ծառերն են, որ, այո', կանգնածՙ արժանավայել են մահանում: Մանուելը անբուժելի, դաժան հիվանդության ախտորոշումով հոկտեմբերի 2-ից գտնվում էր հիվանդանոցում: Այդպես էլ նա արիաբար, ծանր հիվանդության դեմ կռվելով ու մաքառելով, մինչեւ վերջ չհանձնվելով հեռացավ կյանքից: Տառացիորեն մեկ շաբաթ առաջ էր, երբ հետը վերջին անգամ խոսեցի հեռախոսով։ Խոսեցինք երկար, զրուցեցինք: Դժվար էր խոսում, բայց խոսում էր քաջությամբ ու այր մարդուն վայել հանդարտությամբ: «Գիտեմ,- ասաց,- այստեղից դուրս չեն գալիս, այնպիսի մի տեղ եմ, որտեղից վերադարձ չկա, բայց պետք է դիմադրեմ: Գիտես, ասաց, ոգիս ուժեղ է եւ մարմինս զորավոր է, ֆիզիքս զորավոր է...»: Այնպես որ Մանուել Քյոսեյանի մահվան լուրը թեեւ անսպասելի չէր, անակնկալ չէր, բայց, միեւնույն է, ցնցող է, որովհետեւ իր ուժերի եւ կարողությունների հասուն եւ լեցուն շրջանում կյանքից հեռանում է մի տաղանդավոր հայ գրող ու գործիչ, ում տեղը ոչ ոք չի լրացնելու, ում արած գործը դժվար թե մեկ ուրիշն անի:

Մանուել Քյոսեյանը ծնվել է Հալեպում 1940 թվականին: Հայրը եղել է զինվորական, մայրըՙ ազգային գործիչ: Տիգրան եւ Սիրանույշ Քյոսեյանների ընտանիքում եղել է գիր ու մշակույթի ոգով հագեցած մթնոլորտ:

Ծնողները մտահոգվել են իրենց զավակների ապագայով: Նրանց երեք զավակն էլ ստացել են բարձր կրթություն. Մանուելի քույրըՙ Անահիտը, ճարտարապետ է, կրտսեր եղբայրըՙ Հակոբը, որ զոհվել է70-ական թվականների լիբանանյան պատերազմի թոթուբոհի մեջ, տաղանդավոր մարդ էրՙ բանաստեղծ, արձակագիր եւ թարգմանիչ:

Ինքըՙ Մանուելը, նախնական կրթությունը ստացել է Բեյրութի Նուբարյան եւ Հալեպի Կիլիկյան ազգային վարժարաններում: Այնուհետեւ կրթությունը շարունակել է նախ Բեյրութումՙ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում, ապա Երուսաղեմի Հայոց պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում եւ հետո Կիպրոսումՙ Նիկոսիայի հայտնի Մելգոնյան կրթական հաստատությունում:

Դեռ պատանի հասակից Մանուել Քյոսեյանը գրական ակնհայտ ձիրք է դրսեւորում: Գրական առաջին փորձերը լույս են տեսնում, երբ ինքը հազիվ տասնչորս տարեկան էր: Պատանի հասակում էլ խմբագրում է «Վերելք» եւ «Այգ» պարբերականները:

Համալսարանական կրթությունը Մանուել Քյոսեյանը ստանում է հայրենիքումՙ Երեւանում: Մտնում է բժշկական ինստիտուտ, բայց շուտով թողնում է, զգալով, որ իր կոչումը այլ էՙ գրականություն եւ մշակույթ: Սովորում եւ ավարտում է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը: Իր համալսարանական կրթության տարիները (1961-1964) համընկնում են մեր ազգային զարթոնքի եւ հոգեկան մեծ վերելքի ժամանակների հետ: Այս սերունդը իրոք հայոց Մեծ եղեռնի հիսունամյակի սերունդն էր, որ կոչված էր նոր ժամանակներում իր ուսերի վրա առնելու ազգային ինքնագիտակցության եւ ազգանվեր գործունեության ծանր բեռը: Հետաքրքիր տարիներ էին, թեեւ երկաթե վարագույրը դեռ փակում էր աշխարհը մեր դեմ: Մենք շատ քիչ բան գիտեինք սփյուռքի եւ սփյուռքահայության մասին, մեր գիտցածն ու իմացածը շատ հարաբերական էին, աղոտ ու տարտամ, եւ հասկանալիորենՙ միագիծ ու միակողմանի: Մանուել Քյոսեյանը իմացական ու լայն հայացքի տեր մարդ էր, իր գիտելիքներըՙ հստակ ու հիմնավոր, վերլուծումներըՙ սպառիչ, խոր ու պատճառաբանված: Եվ պատահական չէ, որ Երեւանում նաՙ համալսարանի ուսանողը, շուտով հայտնվում է երեւանյան գրական կյանքի մեջ, նրա բանաստեղծությունները տպագրում են գրական-մշակութային լուրջ հանդեսներն ու պարբերականները, ինքը վայելում է գրական լուրջ դեմքերիՙ Գուրգեն Մահարու, Աբրահամ Ալիքյանի եւ այլոց ընկերությունն ու բարեկամությունը:

Իր կյանքում եւ իր գիտակցության մեջ մի առանձնակի տեղ ուներ Կոստան Զարյանը: Մանուել Քյոսեյանը իր հետ բերել էր մեծ մի պաշտամունքՙ իր առանձնակի հիացումն ու սքանչացումը Կոստան Զարյանի ստեղծագործության հանդեպ: Հայաստանում Կոստան Զարյանի ստեղծագործությունը չգիտեին կամ շատ վատ գիտեին, նույնիսկ նրանք, ովքեր ինչ-որ բան գիտեին մեծ գրողի կյանքից ու ստեղծագործությունից, պարզապես չէին հասկանում իր գրականությունը: Մանուել Քյոսեյանը առաջիններից ու եզակիներից մեկն էր, որ լավ գիտեր ու ճիշտ էր հասկանում Կոստան Զարյանի ստեղծագործությունը, նրա ոճը, արվեստը, պոետիկան: Ես չգիտեմ մեկին, որն այնպես ներշնչումով եւ Զարյանի բանաստեղծությանը հավասար մեծավայելչությամբ արտասաներ «Կոմիտաս վարդապետին» անզույգ բանաստեղծությունը...

Համալսարանական կրթությունից հետո Մանուել Քյոսեյանը մեկ որոշում է նվիրվել գիտությանըՙ պիտի դառնար նշանավոր հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդիի ասպիրանտը, բայց հետո այլ բան է որոշումՙ վերադառնում է սփյուռքՙ առաքելությամբ ու նվիրումով անելու իրեն ճակատագրով վերապահված գործըՙ նվիրվելու հայ գրականությանը, հայ պատանիներ ու երիտասարդներ կրթելու եւ դաստիարակելու, նրանց հայ ոգի ներշնչելու եւ ներարկելու: Այս տարիներին նա աշխատակցում է «Սփյուռք» շաբաթաթերթին: Սփյուռքում էլ Մանուել Քյոսեյանը ընկեր-բարեկամ էր գրական ու հանրային նշանավոր գործիչների հետՙ Սիմոն Սիմոնյան, Եղիվարդ եւ ուրիշներ: Հենց Եղիվարդի հետ մտերմությունն էլ իր գլխին փորձանք բերեց, որովհետեւ ինքը անշուշտ ինչ-որ բան գիտեր Երուսաղեմի պատուհասված ձեռագրերի ու դրանց ճակատագրի շուրջ: Հրաշալի պատմող էր, պատմածը վերածում էր տեսանելիության չափ հստակ ու շոշափելի իրողության, պատմում էր հյութեղ, պատկերավոր, ազդեցիկ ու տպավորիչ: Այսօր էլ ականջիս մեջ իր ձայնն է եւ կարճ մի ժամանակ բանտում հայտնվելու եւ հրաշքով ազատվելու իր պատմությունը:

Եթե մանրամասն պատմեմ իր կյանքը, խոսքը մեզ շատ հեռուն կտանի: Աստանդական հայի եւ անապահով հայ մտավորականի կյանք էր իր կյանքըՙ այսօր այստեղ, վաղըՙ այլ տեղ... Հայկական դպրոցի տնօրինություն է վարել Ադդիս-Աբեբայում (Հաբեշստան) եւ Խարթումի մեջ: Իբրեւ հայ գրականության դասախոս ապրել եւ գործել է Երուսաղեմում, Բեյրութում, Նիկոսիայում, Կահիրեում եւ ի վերջոՙ Մոնրեալում: Իր ամբողջ կյանքը լեցուն է եղել գրական գործունեությամբ եւ գրականությանը ծառայելովՙ գրական դասախոսություններ եւ գրական սեմինարներ, կազմակերպել եւ վարել է գրական երեկոներՙ հաճախ բեմ բարձրանալով իբրեւ ասմունքող: Գրականություն եւ հայ մշակույթ է դասախոսել Մոնրեալի, Նյու Յորքի, Վենետիկի հայագիտական դասընթացներում: Կյանքի վերջին տարիներին կազմակերպել եւ վարում էրՙ վարիչ-տնօրենն էր Մոնրեալի ՀԲԸՄ հայագիտական դասընթացների:

Բայց Մանուել Քյոսեյանը ամենից առաջ գրող էր, գրի ու գրականության մարդ: Երեք գիրք էր հրատարակելՙ էսսեների մի ժողովածուՙ «Հրիտակ» խորագրով (1988), բանաստեղծությունների մի ժողովածուՙ «Շաղավոտ» (1989) եւ իր վերջին գիրքըՙ «Փորձության օրեր» (1994), որ էսսեների եւ բանաստեղծությունների միացյալ մի գիրք է:

Օժտված բանաստեղծ էր Մանուել Քյոսեյանը, տաղանդ ուներ, բայց հետեւողական չեղավ բանաստեղծության մեջ: Կոստան Զարյանի նման գրական ուսուցիչ էր ունեցել էն գլխից, ուզում եմ ասել, երբ մենք դեռ հանգավոր գավառական գեղեցկախոսության եւ չափածո ճառագրության ճիրանների մեջ էինք, ինքը դաստիարակվել եւ առաջնորդվել էր Կոստան Զարյանի բանաստեղծական ազատությամբ: Հրաշալի օրինակներ տվեց, տաղանդ էլ ուներ, բայց, ափսոս, հետեւողական չեղավ: Մամուլում տասնյակ ու հարյուրավոր զանազան հոդվածներ ու գրություններ սփռեց, գրականագիտական եւ բանասիրական հետաքրքիր պրպտումներ արեց: Այստեղ էլ օժտված էր, այստեղ էլ կարող ուժ էր ու տաղանդավոր: Հետաքրքրական մարդ էր Մանուել Քյոսեյանը: Գրական մասունքների եւ գրական թվացյալ մանրուքների մարդ էր: Այն, ինչ նա գրել է Գրիգոր Օտյանի, Խրիմյան Հայրիկի, Կոմիտասի, Երվանդ Օտյանի, Եղիշե Չարենցի, Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի, Խաչիկ Դաշտենցի եւ այլոց մասին, արժանի է հարգանքի եւ լուրջ ուշադրության: Իր կյանքը ու ճակատագիրը շատ բանով տիպական եւ ընդհանրական է սփյուռքի հայ մտավորականի համար: Իր հաջողություններն իր ձիրքի ու աշխատանքի արդյունքն էին, իր չարածն ու ձախողումներըՙ սփյուռքի կյանքի ծանր ու դժվարին հանգամանքների պարտադրանքը: Թոթովենցի «Նոր Բյուզանդիոն»-ի հետ կապված այնքան բան գիտեր, որ ապշելու բան էր: Բոլորովին այլ լույսի տակ էր երեւում Թոթովենցի հայտնի գործը: Շատ խնդրեցի, որ գրի, թղթին հանձնի: Խոստացավ, բայց չարեց. չեմ կարող ասել, թե ինչն էր պատճառը: Նման տասնյակ օրինակներ կային. ինքը միայն կարող էր անել, ինքը միայն գիտեր: Այդպես էլ չարեց եւ, ինչպես ասում են, հետը տարավ:

Պատահական չասացի, թե գրական թվացյալ մանրուքների եւ անակնկալների մարդ էր: Մի օր եկավՙ թե Էրզրումի կես օրվա անկախությունը վկայող պաշտոնաթղթի բնագիրը ունեմ: Իր պարագայինՙ հնարավոր էր, հավատալու բան էր: Ինքը բերեց Լոուրենս Արաբացու հետ Լինկոլն Սթեֆընսիՙ 1931 թվականին տպագրված հայտնի հարցազրույցի ծավալուն այն հատվածը, որ վերաբերում է մեզՙ հայերիս: Հետո ես այն փոխանցեցի Կարպիս Սուրենյանին, նա սիրով թարգմանեց այդ կարեւոր նյութը, որ տպագրվեց «Ազգ»-ում:

Իրոք որ գրական ու հանրային անխոնջ գործիչ էր: Անգլերենից մանկապատանեկան քսանյոթ գիրք էր թարգմանել, տասներկու տարի խմբագրել էր Մոնրեալի «Կամար» պատանեկան պարբերականը: Գրքեր էր կազմել ու խմբագրել, գրական հավելվածներ էր հրատարակելՙ նվիրված գրական, մշակութային ու հանրային նշանավոր գործիչների:

Հայաստանում Մանուել շատ լավ Քյոսեյանին գիտեին ու շատ էլ սիրում էին: Երբ գալիս էր, միշտ ցանկալի հյուր էր գրական-մշակութային շրջանակներում, փնտրված ու սիրված անձ էր ընկերների համար: Մանուել Քյոսեյանը մեկն էր սփյուռքի մեր այն մտավորականներից ու գործիչներից, որոնք ոչ միայն կրթությամբ, այլեւ էությամբ ու գիտակցությամբ, հոգով ու սրտով, կյանքով ու ճակատագրով այլեւս կապված էին Հայաստանի հետ: Երբ Հայաստան էր գալիս եւ ընկերների հետ, ընկերների միջավայրում էր, իրեն ուղղակի երջանիկ էր զգում: Իր համար Գորիս գնալը եւ Քաջիկ Միքայելյանի ու Ֆելիքս Ավագյանի հետ օրեր անցկացնելը տոն էր եւ խնդություն: Հայաստանը Մանուելի համար նաեւ իր ընկեր-բարեկամներն էին:

Հոգեկան խռովքների ու սրբազան ապրումների մարդ էր Մանուել Քյոսեյանը: Դրանք իր մեջ կային վաղ պատանեկության տարիներից եւ տեւում էին հիմա էլ: Այդ նույն սրբազան երկյուղածությամբ էլ նա 1957-ին ուխտագնացություն էր արել դեպի Դեյր էլ Զոր, 1961-ինՙ Շուշի եւ դեռեւս Ղարաբաղ-Արցախ: 2002-ի ամռանը մի խումբ մտերիմ ընկերներով պիտի գնայինք Արեւմտյան Հայաստան: Լուր տվի, շատ ուրախացավ. եկավ-հասավ, եւ միասին գնացինք: Իմ նկարածՙ ժամեր տեւող ժապավենը պահել է իր բնական ու անմիջական խոսքը, իր ապրումներն ու հուզումները, իր խռովքը: Ուղղակի երջանիկ էր: Մեր հեռավոր հայրենիքի լույսը բոլորիս վրա էր, իր վրաՙ առավել:

Մի օր, երբ խոսք բացվեց հայերի ճամփորդություններից, շատ խոսեց դեպի Սպանիա հայերի կատարած ուխտագնացությունների մասին: Խոսքուզրույցը Մարտիրոս Երզնկացուց սկիզբ առավ: Շատ բան գիտեր եւ հետաքրքիր բաներ պատմեց հայերի ուխտագնացության մասին ի Սանտ-Յագո դե Կոմպոստելա, ուր գտնվում է Հակոբ առաքյալի գերեզմանը: Բանն այն է, որ Զեբեդոսի որդի Հակոբը տասներկու առաքյալներից առաջինն է, որ մահապատժի է ենթարկվել: Նրան գլխատել է Հերովդեսը 43 թե 44 թվականին: Գլխատված այս առաքյալի գլուխը ամփոփված է Երուսաղեմի Հայոց Սրբոց Հակոբյանց տաճարում, իսկ մարմինը թաղված է Սպանիայումՙ Սանտ-Յագո դե Կոմպոստելայում: Ասացՙ հնում հայերը միշտ գնում էին, ես էլ եմ գնալու, ուխտ եմ արել, անպայման գնալու եմ: Եվ 2006 թվականի հունիս-հուլիս ամիսներին Մանուելը իրագործեց իր մտադրությունը եւ քառասուն օր քայլելով, ոտքով ութ հարյուր կիլոմետր ճանապարհ կտրելով հասավ Հյուսիսային Սպանիաՙ Սուրբ Գլխադիրի գերեզմանը: Ինքը մշակույթի մարդ էր, եւ իր ուխտագնացությունները մշակույթի եւ մանավանդ հայ մշակույթի արտահայտություն եւ դրսեւորում էին:

Ափսոս, որ դա իր վերջին ճամփորդությունը եղավ:

Իր այս վերջին ուխտագնացությունը շատ բան է ասում իր մասին: Երազում էր ապրել Հայաստանում: Շուտով, ասում էր, շուտով հանգստի եմ կոչվելու, այսինքնՙ թոշակի եմ հասնելու եւ գալու եմ Հայաստանում ապրելու: Երեւանի մերձակա գյուղերից մեկում մի համեստ տնակ էր գնել եւ երազում էր ապրել այդ տանը, Հայաստանում...

Իր պաշտած Սրբի ճակատագրի թեւը դիպավ նրան էլ եւ այդ թեւի ստվերը ընկավ Մանուել Քյոսեյանի ճակատագրի վրա: Ես վստահ եմ, որ թեեւ իր աճյունը կմնա ամփոփված օտար հողում, իր հոգին կապրի Հայաստանում, հայ գրականության եւ մշակույթի մեջ եւ մանավանդ իր համեստ գյուղական տանը, բայցՙ Հայաստանում...

Յուրի ԽԱՉԱՏՐՅԱՆ, 12 փետրվարի 2007, Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4