«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2007-02-10 | #26, 2007-02-13 | #27, 2007-02-14


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ ԵՆ

Երեկ Ստոկհոլմում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի 2009 թ. երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի մասնակիցների վիճակահանությունը: Եվրոպական 51 հավաքականներն, ըստ իրենց վարկանիշների, նախքան վիճակահանությունն ընդգրկվել էին 5 զամբյուղներում: Վիճակահանությամբ ընտրական մրցաշարի մասնակիցները բաժանվեցին 10 խմբի: Հայաստանի երիտասարդական հավաքականն ընդգրկվեց ընտրական 2-րդ խմբում, որտեղ մեր ֆուտբոլիստների մրցակիցները կլինեն Չեխիայի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Ընտրական մրցաշարի հանդիպումները կսկսվեն այս տարվա հունիսի 2-ին եւ վերջնագիծը կհատեն հաջորդ տարվա սեպտեմբերի 10-ին: Մրցակիցները միմյանց հետ կմրցեն երկու անգամՙ սեփական եւ մրցակցի դաշտում: Եզրափակիչ փուլի ուղեգրերի համար կպայքարեն խմբերի հաղթողներն, ինչպես նաեւ ընտրական մրցաշարում 2-րդ տեղերը զբաղեցրած հավաքականներից լավագույն արդյունքի հասած չորս ընտրանիները: Նրանք վիճակահանությամբ զույգեր կկազմեն եւ սեփական ու մրցակցի դաշտերում կայանալիք հանդիպումների արդյունքով եզրափակիչ փուլի ուղեգրեր կնվաճեն: Յոթ ուժեղագույններին կմիանա Եվրո-2009-ի կազմակերպիչ Շվեդիայի ընտրանին:

Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի մրցումները տեղի կունենան 2009 թ. ամռանը Շվեդիայի հինգ մարզադաշտերում: 8 ուժեղագույն հավաքականները վիճակահանությամբ կբաժանվեն 2 խմբի, որոնցում 1-ին եւ 2-րդ տեղեր զբաղեցրածները կշարունակեն պայքարն առաջնության պարգեւների համար:

Մրցաշարի բացման արարողությունը եւ առաջնության անդրանիկ խաղը կանցկացվի Մալմյոյի նորակառույց մարզադաշտում: 28 հազար հանդիսականի համար նախատեսված այդ մարզադաշտի շինարարությունը կավարտվի 2009 թ.:

Ֆուտբոլասերներին տեղեկացնենք, որ Եվրոպայի 2007 թ. երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարն անցյալ տարի անցկացվեց նոր մրցակարգով: Հայաստանի երիտասարդական հավաքականը պայքարը սկսեց նախնական փուլից: Մեր ֆուտբոլիստները Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ երկու հանդիպումների արդյունքով գերազանցեցին Սան Մարինոյի ընտրանուն, սակայն հետագայում չկարողացան հաղթահարել ընտրական փուլի արգելքը եւ դուրս մնացին հետագա պայքարից: Ընդ որում ընտրական մրցաշարում յուրաքանչյուր հավաքական ընդամենը 2 խաղ էր անցկացնում: Նման պայմաններում, իհարկե, մեծ էր պատահականության գործոնը: Ուստի ՈւԵՖԱ-ն որոշեց փոխել մրցակարգը եւ կրկին վերադառնալ հին մրցակարգին:

Ինչ խոսք, Հայաստանի երիտասարդական հավաքականին լուրջ փորձություն է սպասում: Հանձինս Չեխիայի, Ուկրաինայի եւ Թուրքիայի հավաքականների մեր ֆուտբոլիստներն ուժեղ մրցակիցներ ունեն: Անկասկած, առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների հանդիպումները: Նախկինում էլ, ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարում հայ եւ թուրք ֆուտբոլիստները մրցակիցներ են եղել, սակայն ընտրական խմբի հանդիպումները կայացել են մեկ երկրում, որը չեզոք է եղել երկու հավաքականների համար էլ: Իսկ այժմ ըստ մրցակարգի մրցակիցները պետք է հանդիպեն սեփական եւ մրցակցի դաշտում: Այնպես որ առաջին անգամ հայ ֆուտբոլիստները պետք է խաղան Թուրքիայում, իսկ թուրքերն էլՙ Հայաստանում: Կարծում ենք, որ խաղերի անցկացման հարցում ոչ մի խնդիր չի ծագի, ինչպիսին ներկայում գոյություն ունի Հայաստան-Ադրբեջան ընտրական մրցախաղերի պարագայում:

Ընտրական մյուս խմբերի կազմը

1-ին խումբ. Ադրբեջան, Ֆարերներ, Ալբանիա, Հունաստան, Խորվաթիա, Իտալիա:

3-րդ խումբ. Չեռնոգորիա, Իռլանդիա, Բուլղարիա, Անգլիա, Պորտուգալիա:

4-րդ խումբ. Ղազախստան, Վրաստան, Լեհաստան, Ռուսաստան, Իսպանիա:

5-րդ խումբ. Էստոնիա, Մակեդոնիա, Նորվեգիա, Շվեյցարիա, Հոլանդիա:

6-րդ խումբ. Շոտլանդիա, Ֆինլանդիա, Լիտվա, Սլովենիա, Դանիա:

7-րդ խումբ. Կիպրոս, Ավստրիա, Իսլանդիա, Սլովակիա, Բելգիա:

8-րդ խումբ. Սան Մարինո, Լատվիա, Բելառուս, Հունգարիա, Սերբիա:

9-րդ խումբ. Լյուքսեմբուրգ, Հս. Իռլանդիա, Մոլդովա, Իսրայել, Գերմանիա:

10-րդ խումբ. Մալթա, Ուելս, Բոսնիա, Ռումինիա, Ֆրանսիա:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4