Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը նշանակվել է «Նանտի» գլխավոր մարզիչ` փոխարինելով այդ պաշտոնից հեռացված Ժորժ Էոյին: Նրա հետ միասին թիմը մինչեւ առաջնության ավարտը կղեկավարի ակումբի մարզական տնօրեն Ժավետ Նդորամը:
Ժորժ Էոն «Նանտի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր անցյալ տարվա սեպտեմբերին` փոխարինելով Սերժ լե Դիզեին, որի օգնականն էր մինչ այդ: Էոյին այդպես էլ չհաջողվեց «Նանտին» մրցանակների արժանացնել: Ընթացիկ մրցաշրջանում էլ թիմը չափազանց անհաջող է հանդես գալիս` 24 տուրից հետո զբաղեցնելով նախավերջին տեղը: Ուստի պատահական չէր նրա պաշտոնանկությունը: «Նանտի» նախագահ Ռուդի Ռուսիլոնը գտնում է, որ մարզչական փոփոխությունը կնպաստի թիմում իրավիճակի բարելավմանը:
Հիշեցնենք, որ Տեր-Զաքարյանը երկար տարիներ հանդես է եկել «Նանտում» (1979-88 թթ.): Ելույթներն ավարտելուց հետո նա անցել է մարզչական աշխատանքի, 1998-2006 թթ. մարզել է «Մոնպելյեի» պատանեկան թիմը, իսկ անցած տարվա օգոստոսից նա «Նանտի» գլխավոր մարզչի օգնականն էր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ