Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում ականատես եղանք, թե ինչպես ընդունվեց աղմկահարույց «Պետության եւ հասարակության կարիքների համար սեփականության օտարման մասին ՀՀ օրենքը», որը դեկտեմբերի վերջին ուժի մեջ մտավ: Սակայն օրենքը, որը չորրորդ անգամ էր ներկայացվել ԱԺ, ակնհայտորեն ընդունվեց մի քանի անբարեխիղճ պատգամավորների թեթեւ ձեռքով, որոնք ԱԺ-ի նիստերի դահլիճում անցած 3,5 տարվա ընթացքում սովորել են միայն «դաշնամուր նվագել» երեք կոճակի վրա ու վերջ... Չնայած շատ պատգամավորներ իրենց ելույթներում նշեցին, որ օրենքում սահմանադրությանը հակասող դրույթներ կան, սակայն դրանք հաշվի չառնվեցին: Երեկ տեղեկացանք, որ «Արդարություն» դաշինքի ՀԺԿ անդամ, վարչության քարտուղար Վարդան Մկրտչյանը նախաձեռնել էր ստորագրահավաք, որին միացել են «Օրինաց երկիր», «Ազգային միաբանություն» կուսակցությունների եւ անկախ պատգամավորական խմբի անդամները, ու փետրվարի 12-ին պահանջված 27 ստորագրություններով դիմում-փաթեթը հանձնվել է Սահմանադրական դատարան: Ըստ ՍԴ-ի, տասը օրվա ընթացքում դիմումը պետք է ընդունվի դատարանի վարույթ եւ նշանակվի դատական նիստի օրը:
«Ազգը» զրուցեց Վարդան Մկրտչյանի հետ ու տեղեկացավ, որ դիմումում ներկայացված պահանջները հետեւյալն են. «Հասարակության կարիքներ, հանրային շահ, պետական կարիքներ եւ գերակայություն» այդ հասկացությունները օրենքի մեջ հստակ չեն եւ որեւիցե քաղաքացի, ում սեփականության վերաբերյալ կլինի օտարման որոշում, վիճարկելու հնարավորություն չի ունենա դատարանում, ասաց պրն Մկրտչյանը եւ ավելացրեց` ոչ թե չեն կարող դիմել, այլ չեն կարող վիճարկել, քանի որ օրենքում հստակեցված չէ, ինչ ասել է հասարակության կարիք, որը որոշում է կառավարությունը, ոչ թե հասարակությունը: Հաջորդ դրույթը ձեռքբերովի փաստն է, այսինքնՙ տվյալ սեփականության օտարման մեջ հարաբերությունները ոչ թե պետության ու քաղաքացի, հասարակության անդամի միջեւ է, այլ երրորդ անձի եւ այդ իրավունքը սահմանադրությունը չի տալիս: Հաջորդ կարեւոր դրույթը` անցումայինին է վերաբերում, որտեղ հստակ երեւում է, որ օրենքով ուզում են ապացուցել, որ տեղի ունեցած հակասահմանադրական գործողությունները մինչ օրենքի ընդունելը համարել օրինական (խոսքը ՍԴ-ի կայացրած որոշմանն է վերաբերում): Ստացվում է, որ պատգամավորները կարող են իրենց վերապահել Սահմանադրական դատարանի ընդունած որոշումները չընդունել ու հակասահմանադրական որոշումները դարձնել օրինական... մանրամասնեց պրն Մկրտչյանը: Մնում է սպասել մի քանի օր եւ դրանից հետո պարզ կդառնա, թե այս անգամ ՍԴ-ն կրկին կպաշտպանի՞ հասարակության շահերը ըստ օրենքի:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ