«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2007-02-13 | #27, 2007-02-14 | #28, 2007-02-15


ԿԱՆԱՆՑ ՄՐՑԱՐՇԱՎԸ ՍԿՍՎԵԼ Է

Այս օրերին լուրջ պայքար է գնում քաղաքական կուսակցությունների ընտրացուցակներում կանանց ընդգրկելու շուրջ: Կանանցից շատերը մրցարշավի են ելել, անում են հնարավորն ու անհնարինը, որպեսզի սողոսկեն կուսակցությունների ընտրացուցակի անցողիկ տեղերում: Խմբագրությանը հասած լուրերի համաձայն, Դանիել Վարուժանի անվ. միջն. դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը երկու օր առաջ անդամակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը այն ակնկալիքով, որ հետագայում իրեն տրվի մշակույթի նախարարի պորտֆելը, քանի որ նա արդեն մի քանի տարի շարունակ «Նիգ-Ապարան» ՀՄ-ի բոլոր մշակութային միջոցառումների կազմակերպիչն է եղել ու այդ պաշտոնը իր երազանքն է: «Ազգը» փորձեց տիկին Պետրոսյանից ճշտել, թե պտտվող լուրերը արդյո՞ք հավաստի են եւ ահա թե ինչ ասաց նա. «Ես իմ գերագույն ցանկությամբ եմ անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ես ոչ ցանկություն եմ ունեցել, եւ ոչ էլ լուր եմ լսել, որ մշակույթի նախարար եմ ուզում դառնալ, բոլորովին: Ես «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ եմ եւ քանի որ մեր միությունը քաղաքականությամբ չի զբաղվում, որոշեցի իմ սեփական կամքով անդամակցել ԲՀ կուսակցությանըՙ տեսնելով իրենց լայնածավալ գործունեությունը, այդքան բան»:

Իսկ իմ այն հարցին, թե «Նիգ-Ապարան» ՀՄ-ը ձեզ աջակցելու է ընտրություններին, տկն Օֆելյան պատասխանեց. «Ես չեմ կարող նման բան ասել, մեր միությունը քաղաքականությամբ չի զբաղվում, եթե աջակցի, դա կլինի, որ քաղաքականությամբ է զբաղվում: Հետաքրքրական է ես ի՞նչ եմ անելու, որ ինձ աջակցեն, երբ ես չգիտեմ թե ցուցակում կլինեմ, թե՞ ոչ, քանի որ ԲՀԿ-ի լիդերը ոչ մի խոստում որեւէ մեկին չի տալիս: Ես ինքնակամ գնացել ու անդամագրվել եմ առանց որեւէ ակնկալիքի: Ես երբեւէ նախարարի պորտֆելի չեմ ձգտել, քանի որ դա քաղաքական պորտֆել է, եւ ես էլ կրթության մարդ եմ, մշակույթի մարդ չեմ...»:

Ինչեւէ, սպասենք եւս երկու շաբաթ եւ հստակ պարզ կլինի, թե քաղաքական դաշտում մրցարշավի դուրս եկած կանանցից ո՛վ ո՞ր ընտրացուցակում, ո՞ր հորիզոնականն է զբաղեցնելու:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4