Մինաս Ավետիսյանի ստեղծագործական ժառանգության կարեւոր մաս են կազմում որմնանկարները, որոնցից շուրջ մեկ տասնյակ նա արել է Գյումրու նախկին արդյունաբերական ձեռնարկությունների շենքերում եւ Շիրակի որոշ գյուղերի մշակույթի տներում, 1970-74 թվականների ընթացքում: Այս գործերից երեքը զոհ են դարձել երկրաշարժին, իսկ մնացածներից մեծ մասին նույնպես կորստյան վտանգ է սպառնում, եթե դրանց պահպանման ու վերականգնման համար անհապաղ միջոցներ չձեռնարկվեն: Օրերս նման ահազանգ է հնչեցրել Գյումրու «Կայունություն եւ առաջընթաց» հասարակական կազմակերպությունը, որը տեղի նկարիչների հետ խորհրդակցելով եւ համագործակցելով քաղաքային ու մարզային մշակույթի բաժինների պատասխանատուների հետ, մինչ այդ Մինասի որմնանկարների վիճակի ուսումնասիրություն է կատարել:
Հիշյալ կազմակերպության նախագահ, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի հայտնած տեղեկություններով` վատթար վիճակում է հատկապես Վահրամաբերդ գյուղի երկրաշարժից քանդված մշակույթի տան որմնանկարը, որը կրող պատը թեեւ մնացել է կանգուն, սակայն տեղումների ժամանակ նկարի ներկը լվացվում-ոչնչանում է: Առավել վատ վիճակում են նաեւ նախկին «Գալվանոմետր» գործարանի շինությունում արված երեք գործերը, որոնցից մեկը վնասված է, իսկ երկու փոքրերի կեսը չկա, ծեփերը պոկվել են: Այս եւ այլ դեպքերում շենքը վաճառվել է` առանց որմնանկարի արժեքն ու նրա հետագա ճակատագրի խնդիրը հաշվի առնելու: Ուսումնասիրող խմբի կարծիքով` նշված երկու դեպքում էլ նկարները փրկելու համար պետք է տեղափոխել այլ տեղ: Դրանք պատից ծեփով պոկելու տեխնոլոգիայով ժամանակին «Անալիտսարք» գործարանի որմնանկարը բուլղարացի մասնագետների օգնությամբ հաջողությամբ տեղափոխվել եւ հավաքվել է դրամատիկական թատրոնի շենքում: Ճիշտ է` դա զգալի գումար է արժեցել, բայց կարելի է մյուսներն առավել էժան անել` տեղի նկարիչ-վերականգնողներին ուսուցանելով այդ տեխնոլոգիան:
Տարբեր կարգի խնդիրներ կան` կապված էլեկտրատեխնիկական գործարանի նախկին կառույցում գտնվող չորս եւ «Քարմշակմեքենա» ձեռնարկության (նախկին «Ստրոմմաշինա» գործարան) երկու որմնանկարների հետ: Դրանցից առաջին դեպքում շենքը կիսափլված է եւ անհրաժեշտ է կամ ամրացնել-վերականգնել ու, ասենք, դարձնել մշակույթի օջախ, կամ որմնանկարները տեղափոխել, իսկ երկրորդում որմնանկարներից մեկը միջնորմի վրա է նկարված եղել, կտրել են տեղափոխելու համար ու հիմա կեսը տեղում չէ: Այս շարքում համեմատաբար լավ վիճակում է Ազատանի գյուղական մշակույթի պալատի «Լեռներում» որմնանկարը:
Խնդրով զբաղվող մտավորականների խումբը անցած շաբաթվա վերջին ասուլիս-քննարկում էր կազմակերպել Գյումրու «Ասպարեզ» լրագրողական ակումբում, իսկ ավելի հանգամանալից քննարկում մտադիր է կազմակերպել Հայաստանի նկարիչների միությունում` մշակույթի նախարարության պատասխանատուների, Գյումրու եւ Շիրակի մարզի մշակույթի բաժինների վարիչների, հայտնի մտավորականների, մասնագետների եւ նկարչի հարազատների մասնակցությամբ: Մինասի որմնանկարները ոչնչացումից փրկելու համար առաջարկվում է նախ` դրանք իբրեւ համազգային արժեք սահմանված կարգով հաշվառել եւ գրանցել որպես պետության կամ համայնքի սեփականություն: Պետք է հիմնավոր մտածվի եւ որոշվի յուրաքանչյուր որմնանկարի հետագա ճակատագիրը, դրանց անմխիթար վիճակը բարելավելու եւ անհրաժեշտ աշխատանքները կատարելու համար պետական, բարեգործական եւ այլ միջոցներ որոնվեն:
Գործը նախաձեռնողներն առաջին հարկավոր քայլն արել են: Բոլոր որմնանկարները մանրամասն լուսանկարվել են, ստեղծվել է թվայնացված երկու բազա. մեկը ներկայացնում է նկարների պատկերն այսօրվա վիճակում, մյուսում համակարգչային ծրագրերով այդ պատկերների վրա վնասված մասերի վերականգնման փորձ է արվել:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ