Ձեթի ու յոգուրտի դերում
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երբ հեռուստաընկերությունները բարձրաձայնեցին նախընտրական քարոզչության գովազդային րոպեի սակագինը` հայրենի ընդդիմությունը բավական կոշտ արտահայտվեց. ընդդիմությունն այդպիսի գումարներ չունի, այդպիսի գումարները հնարավոր չէ ազնիվ եղանակով վաստակել: Դուրս է գալիս, որ վճարովի գովազդը միայն իշխանական կուսակցությունների համար է: Եվ որքան էլ ընդդիմությունը բարձր սակագինը ահաբեկչություն համարի իր հանդեպ կամ ընդդիմությանը փողոց ուղարկելու ճանապարհ, եւ անգամ Նոր Նորքում առաջադրվել ցանկացող Ռաֆիկ Պետրոսյանի գրպանով չլինեն այդ սակագները, ակնհայտ է, որ եթերը խլելու են միմյանց ձեռքից` գովազդն, այնուամենայնիվ, Հայաստանում իր գործն անում է: Հենց թեկուզ այն, որ գնորդի մոտ պահանջարկված են առավել հաճախ գովազդվող ձեթն ու յոգուրտը, անկախ դրանց որակից, կարելի է հիմիկվանից եզրակացնել, որ քանակը կարող է ընտրողի վրա շատ որոշակի ազդեցություն ունենալ, եւ շատ գովազդվող ձեթի ու յոգուրտի դերում այս դեպքում հանդես կգան կուսակցություններն ու թեկնածուները: Իսկ ընդդիմությանը կմնա սահմանափակ անվճար եթերն ու մի քանի թերթ: Սակայն եթե ձեզ թվում է, որ հեռուստաընկերությունները եթեր են տալու բոլոր փող ունեցողներին, սխալվում եք:
Ամեն մեկի փողը չէ, որ գերբ է ունենալու: Հեռուստաընկերությունները եւս «ջոկողություն» են անելու, եւ եթերը հնարավորինս տրամադրելու են իրենց կողմնակիցներին, քանի որ նրանց սեփականատերերը ներկայացնում են որոշակի շրջանակներ: Օրինակ` «Երկիր-մեդիան» բնականաբար առավել սպասարկելու է ՀՅԴ-ին, «Կենտրոնը»` «Բարգավաճ Հայաստանին» եւ նախագահի թեւին, «Շանթը»` պաշտպանության նախարարի եւ գլխավոր դատախազի շրջապատի նախընտրական գովազդով է զբաղվելու: Հանրայինը բոլորին պետք է սպասարկի, բայց նույնպես նախապատվություններ ունի: Մի խոսքով` բոլոր հեռուստաընկերություններն են որոշակի շրջանակներ ներկայացնում, եւ ըստ այդմ էլ ներկայացնելու են թեկնածուներին եւ կուսակցություններին` իրենց միլիոններն աշխատելով յուրայիններից, իսկ մնացածներին մնացորդային սկզբունքով սպասարկելով:
Սակայն այստեղ այնքան դա չէ էականը, որքան մի ուրիշ խնդիր. խոսքը նախընտրական հիմնադրամների մասին է, որոնք, այնուամենայնիվ, սահմանափակումներ են դնում, ըստ որոնց մեծամասնական թեկնածուն նախընտրական գովազդի վրա չի կարող ծախսել նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկը գերազանցող գումար, իսկ կուսակցությունները` 60 000-ապատիկը գերազանցող գումար: Հասարակ հաշվարկը ցույց է տալիս, որ մեծամասնականով առաջադրված թեկնածուն կարող է ընդամենը 50 րոպեի չափ եթեր գնել (հանրայինով` 62 րոպե), եթե ուրիշ ծախսեր չանի (ինչը հնարավոր չէ), իսկ կուսակցությունը միջինը 600 րոպե կարող է գնել: Մի կողմ թողնենք կուսակցական եթերները, եւ վերցնենք միայն մեծամասնական թեկնածուներին, որոնց հաստատ չի բավարարելու այդ ժամանակը` իրենց ժողովրդասիրության աստիճանը ցույց տալու կամ դարակազմիկ մտքերը հայտնելու համար: Նրանք անպայման շրջանցելու են օրենքը եւ պաշտոնական քարոզչության մեկ ամսում հաստատ մի քանի անգամ ավելի են երեւալու էկրաններին, իսկ վերջում ֆինանսական հաշվետվությունում նշվելու է միայն 50-60 րոպե եթերաժամանակի օգտագործումը: Ու շատ դժվար է լինելու վերահսկել եւ ապացուցել, թե տասնյակ հեռուստաընկերությունների եթերներից որում թեկնածուն որքան է եթերել. ամեն ինչ թղթի վրա ձեւակերպումների հույսին է, իսկ Հայաստանում հաճախ թղթի վրա այն է, ինչն անհավանական է իրականում: Բացի այդ, էլ` ո՞վ պետք է, օրինակ, տարբերակի առեւտրային գովազդը քաղաքականից այն դեպքում, երբ մեծամասնականով առաջադրվող գործարարների արտադրանքն ու օբյեկտները գովազդելիս` երկու-երեք վայրկյանով պլստա պատգամավոր դառնալ հավակնող տիրոջ անունը, նախընտրական կարգախոսը, բուկլետի պատկերը կամ հենց ինքը` բոյով-բուսաթով: Հիմա դա առեւտրային գովա՞զդ է համարվելու` քաղաքական րոպեներից դուրս, թե, այնուամենայնիվ, քաղաքական գովազդ` դժվար է լինելու տարբերակելը:
Նույն պատկերը կրկնվելու է նաեւ համամասնականի համար սահմանված գովազդաժամանակի դեպքում` ե՛ւ եթերարոպեները չափելու, ե՛ւ թաքնված գովազդի տեսանկյունից:
Իսկ այն մարդիկ ու կուսակցությունները, ովքեր վճարունակ չեն` նրանց համար դժվար է լինելու: Այս պայմաններում խոսել հավասար հնարավորությունների ապահովման եթերային հավասարակշռված ընտրաքարոզչության մասին առնվազն անհեթեթ է: Ինչ-որ տեղից թելադրվող այս սակագներն իսկապես ընդդիմությանն ուղարկում են փողոց` անկանխատեսելի հետեւանքներով: